ՀՀ իշխանությունները հայտարարում էին, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին չի կառուցվելու, բայց եղավ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը երեկ հայտարարել է, որ Կարս-Ախալքալակ երկաթուղու կառուցումից հետո Երեւանը բանակցություններ է սկսելու՝ նպատակ ունենալով հասնել ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ երկաթուղային փոխադրումների իրականացմանը: «Այդ ուղղությամբ քննարկումներ կլինեն: Թե ինչ արդյունքներ կունենանք, ձեզ տեղյակ կպահենք: Ցանկացած գործարք, որը կնպաստի այլ երկրների հետ Հայաստանի առեւտրաշրջանառության մեծացմանը, քննարկվում է»,- վստահեցրել է նախարարը՝ նշելով, որ փոխադրումներով կարող է զբաղվել վրացական երկաթուղային ընկերությունը:

Անշուշտ, լավ է, որ Հայաստանի պաշտոնյաները դիտարկում են հարեւան երկրների հետ առեւտրաշրջանառության ծավալների մեծացման բոլոր հնարավորությունները, այդ թվում եւ Կարս-Ախալքալակ երկաթուղով, որի կառուցումը տարիներ առաջ համառորեն բացառում էին: Մասնավորապես, երբ 2005 թ.-ից սկսած՝ Հայաստանը շրջանցող եւ Կարս-Գյումրի երկաթուղու գոյությունն անիմաստ դարձնող այս ծրագրի շուրջ ակտիվ բանակցություններ էին ընթանում Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների միջեւ, ՀՀ-ի իշխանությունները ոչ միայն իրենց հատուկ ջայլամային քաղաքականությամբ մատը մատին չէին տալիս Հայաստանի տնտեսական շահերին դեմ այս նախագծի կասեցման ուղղությամբ, այլեւ վստահորեն հայտարարում էին, թե Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին /որի մասն է հանդիսանում Կարս-Ախալքալակ երկաթգիծը/ չի կառուցվելու եւ վերջ:

Որպես հիմնավորում նշվում էր, թե այն պարզապես տնտեսապես ձեռնտու չի լինի, թե այդքան գումար մասնավորապես Վրաստանը չի կարողանա հայթայթել բարդ ռելիեֆ ունեցող այդ տեղանքով երկաթուղու կառուցման համար, եւ վաղ թե ուշ նաեւ թուրքական կողմը կհանգի Կարս-Գյումրի գրեթե պատրաստ երկաթգծի գործարկման մտքին: Առավել եւս, որ հայ-թուրքական հաշտեցման շուրջ գործընթացները, ինչպես պարզվեց հետագայում, արդեն Ռ. Քոչարյանի օրոք ընթանում էին:

Այսօր, սակայն, Հայաստանը ստիպված է մտածել արդեն իսկ իրականություն դարձող Կարս-Ախալքալակ երկաթուղուց օգտվելու հնարավորության մասին: Իսկ Կարս-Գյումրի երկաթգծի մասին վաղուց արդեն բոլորը մոռացել են: Ինչն է այս իրավիճակում ամենակարեւորը. այն, որ 17 տարի իշխող Հանրապետական կուսակցությունը պատասխանատու է նաեւ այս կարեւոր հարցում ձախողման համար:

Մինչդեռ ժամանակի պատասխանատուները այսօր էլ շարունակում են բարձր պաշտոններ զբաղեցնել, եւ նրանցից որեւէ մեկից պատասխան չի պահանջվում, թե ինչպես եղավ, որ նրանց պնդումները սխալ դուրս եկան, իսկ ներկայացվող հաշվարկներն էլ՝ սնանկ: Օրինակ՝ 2001-2008թթ. ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, ով մամուլով հայտարարում էր, թե Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը բացառվում է, այսօր զբաղեցնում է կարեւոր պաշտոն: Նա Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է:




Լրահոս