Նախատոնական օրերին պարենային մթերքները թանկացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախատոնական օրերին պարենային շուկայում թանկացումներ են արձանագրվել: Սա է վկայում պաշտոնական վիճակագրությունը:

Այսպես՝ անցած տարվա դեկտեմբերին 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում արձանագրվել է 1.1 տոկոս գնանկում: Նշված ժամանակահատվածում պարենային ապրանքները էժանացել են 0.2 տոկոսով, իսկ ոչ պարենայինը՝ 0.7-ով: Սակայն դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, գրեթե բոլոր ապրանքատեսակները թանկացել են: Բնականաբար պատճառը Ամանորն է եղել, եւ տնտեսվարողները առիթից օգտվելով՝ բարձրացրել են իրենց ապրանքների գները:

Օրինակ՝ պարենային մթերքների շուկայում անցած տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 3.1 տոկոս գնաճ: Ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի եւ կարտոֆիլի թանկացումով: Բացի այս՝ նշված ժամանակահատվածում թանկացել է նաեւ սունկը, գազարը, ճակընդեղը, բողկը, գլուխ եւ կանաչ սոխը, կաղամբը, վարունգը, լոլիկը, կանաչ լոբին եւ այլն:

Ամանորի նախաշեմին բարձրացել են նաեւ ընկույզի միջուկի, տանձի, խնձորի, խաղողի, արքայանարնջի գները: Այդ ժամանակաշրջանում թանկացել է նաեւ ձուկը՝ 1.5 տոկոսով: Ինչը հիմնականում պայմանավորվել է իշխան ձկնատեսակի 2.2 տոկոս գնաճով: Նախատոնական օրերին թանկացել է նաեւ ոգելից խմիչքը, մսամթերքը, ծխախոտը, շաքարավազը:

Այս մասին փաստում է պաշտոնական վիճակագրությունը: Ինչը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսադաշտից միշտ վրիպում է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս