Հարց քաղաքացիներից` առաջին կարգի հաշմանդամը կարո՞ղ է օգտվել կոմունալ վճարումների որոշակի արտոնություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես առաջին կարգի հաշմանդամ եմ: Կինս նույնպես հաշմանդամ է՝ 3-րդ կարգի: Ուզում եմ իմանալ՝ այս դեպքում մենք կարո՞ղ ենք օգտվել կոմունալ վճարումների որոշակի արտոնություններից, օրինակ՝ գազի, ջրի էլէկտրաէներգիայի վճարների:

Վանուշ Հարությունյան (65 տարեկան, 1-ին կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության 2016թ. նոյեմբերի 3-ի «Սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի եւ էլեկտրական էներգիայի սակագների նվազմանն ուղղված միջոցառումների մասին» N 1122-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) իմաստով սոցիալապես անապահով ընտանիքներ են համարվում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկվել է բնական գազի եւ էլեկտրական էներգիայի սակագները սահմանելիս Որոշման իմաստով սահմանված սոցիալապես անապահով ընտանիքներին դիտարկել որպես առանձին սպառողական խումբ՝ վերջիններիս կողմից սպառվող բնական գազի եւ էլեկտրական էներգիայի համար սահմանելով հնարավոր նվազ սակագներ: Եթե քաղաքացու ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում եւ ունի «20.00» միավորից բարձր անապահովության միավոր, ապա կօգտվի բնական գազի եւ էլեկտրական էներգիայի համար սահմանվող հնարավոր նվազ սակագներից:
Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար քաղաքացին կարող է դիմել փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային բաժին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2017թ. փետրվարի 1-ից բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 1 դրամ 22 լումայով: 0,38 կՎ եւ ցածր լարմամբ սնվող սպառողների, այդ թվում՝ բնակչության համար ցերեկային սակագինը 1 կվտ-ի համար կդառնա 44 դրամ 98 լումա, գիշերայինը՝ 34 դրամ 98 լումա: Իսկ սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար ցերեկային սակագինը կսահմանվի 40 դրամ/կՎտժ, գիշերայինը՝ 30 դրամ:




Լրահոս