ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն իր ողջ ուժերը կհամախմբի՝ ևս մեկ անգամ չեզոքացնելու ադրբեջանական նկրտումները. Հերմինե Նաղդալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը

-Տիկին Նաղդալյան, այս շաբաթ բացվում է ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանը : Ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք մեր պատվիրակության համար:

– ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգում քննարկվելու են մի քանի ընթացիկ զեկույցներ ՝ կապված Եվրոպայում մամուլի ազատության և լրագրողների դեմ բռնության խնդիրների, առցանց լրագրության մարտահրավերների, Ուկրաինայում ժողովրդավարական զարգացումների հետ,Լիբանանի,Գազայի, և այլ հարցեր:
Բացի դրանցից, հրատապ բանավեճի կարգով հնարավոր է, որ քննարկվի Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտներին վերաբերող հարց: Առաջարկվում է քննարկել Սիրիայում և Լիբանանում տեղի ունեցող գործընթացները, ահաբեկչական հարձակումներին դիմակայելու մասին հարցը և այլն:

-Կոնկրետ մեզ, մեր երկրին վերաբերող հարցեր կա՞ն լիագումար նիստի օրակարգում:

-Ուղղակիորեն մեզ վերաբերող հարց օրակարգում չկա: Սակայն, շրջանառվող զեկույցներից մեկում ՝ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Արիևի կողմից հեղինակած զեկույցում հերթական անգամ փորձ է արվում ներմուծել Լեռնային Ղարաբաղին առնչվող նախադասություն, որում Լեռնային Ղարաբաղը հիշատակվում է որպես Ադրբեջանի տարածք, որը վերահսկվում է անջատողական ռեժիմի կողմից:
Հայտնի է, որ ադրբեջանամետ պատվիրակները առիթը չեն կորցնում՝ որտեղ հնարավոր է այդ միտքը ներմուծել: Մեր պատվիրակությունը բազմիցս առնչվել է նման իրավիճակի և կենտրոնացրնելով բոլոր ուժերն ու ռեսուրսները՝ մենք կարողացել ենք չեզոքացնել նման նկրտումները: Կարող եմ ասել, որ այս անգամ ևս ողջ պատվիրակությունը, մեր բոլոր պատգամավորները իրենց ուժերը կհամախմբեն ևս մեկ անգամ չեզոքացնելու այդ վտանգը: Չնայած, որ ընտրված է բավական ,,խորամանկ,, տարբերակ՝ նույն հոդվածի մեջ բացի Լեռնային Ղարաբաղից նշելով նաև մի շարք չճանաչված հանրապետությունների՝ Աբխազիայի, Օսեթիայի, Մերձդնեստրի անունները, ինչը, իհարկե, որոշակիորեն բարդացնում է մեր խնդիրը:
Պարզ է, որ այդ հոդվածը այդ տեսքով ընդունելու կողմնակիցների թիվը պետք է որ ավելանա ՝ ի հաշիվ նման խնդիրներ ունեցող շահագրգիռ երկրների պատգամավորների: Այնուամենայնիվ, մենք աշխատում ենք համախմբել մեր բարեկամ երկրների պատվիրակներին՝ այս անգամ ևս մեզ աջակցելու համար:

-Տիկին Նաղդալյան, մեզ մնում է հաջողություն ցանկանալ Ձեզ և ԵԽԽՎ Հայաստանի ողջ պատվիրակությանը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում են ՝ պատվիրակության ղեկավար՝ Հերմինե Նաղդալյանը /ՀՀԿ/, Նաիրա Կարապետյանը /ՀՀԿ/, Սամվել Ֆարմանյանը /ՀՀԿ/, Նաիրա Զոհրաբյանը /ԲՀԿ/ , Միքայել Մելքումյանը/ ԲՀԿ/ , Մհեր Շահգելդյանը /ՕԵԿ/ Լևոն Զուրաբյանը /ՀԱԿ/ , Արմեն Ռուստամյանը /ՀՅԴ/:




Լրահոս