Ո՞ր պատգամավորից եմ վատը, որ ինքը լավ ապրի, ես` չէ. Անդրանիկ Հարությունյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը գործնական ծրագրերի, նոր դերերի, առաջիկա խորհրդարանական ընտրությունների եւ երկրից գնալու վերաբերյալ մտորումների շուրջ զրուցել է մի շարք հումորային նախագծերից հայտնի, Երեւանի պետական կամերային թատրոնի դերասան Անդրանիկ Հարությունյանի հետ:

-Անդրանի՛կ, առաջիկայում Ձեզ ի՞նչ նոր դերերում կտեսնենք: Եթե չեմ սխալվում, հասցրել եք նկարահանվել մի քանի նախագծերում:

-Այո՛, ամռանը ընդգրկվել եմ «Հայկական հարսանիք» կոչվող ֆիլմ-նախագծում, որի ռեժիսորը Արման Մարությանն է, գլխավոր դերում` Հայկ Մարությանը: Հրանտ Թոխատյանը մարմնավորել է նրա հորը, ես` հարսանիքի քավորինը: Նախագծի շրջանակում ներկայացվելու են 25-30 րոպե տեւողությամբ կարճամետրաժ ֆիլմեր` հայկական, վրացական եւ ռուսական հարսանիքների մասին:

Որքանով տեղյակ եմ` այն նախ ցուցադրվելու է Ռուսաստանում, ապա` Հայաստանում: Բացի այդ` թերեւս գարնանը կմեկնարկեն «Սուպեր մամա-2» ֆիլմի նկարահանման աշխատանքները: Ես էլի հանդես կգամ նույն հումորային կերպարով:

-Իսկ թատերական կյանքում ի՞նչ նորություններ ունեք:

-Դեռ նոր դերեր չեմ ստացել, բայց, կարծում եմ, առաջիկայում նման հնարավորություններ կընձեռվեն: Ամեն դեպքում, ես իմ կյանքն առանց թատրոնի չեմ պատկերացնում, հոգեւոր առումով այն ինձ համար ամեն ինչ է:

-Թերեւս ցանկացած մասնագետ մտորումներ է ունենում այն մասին, թե ինչով է ինքը զբաղվելու, որտեղ է դրսեւորվելու 10-20 տարի անց: Դուք այդ մասին մտածո՞ւմ եք:

-Կարծում եմ` ցանկացած հայ լավ ապրելու ծրագրեր է կազմում: Եվ եթե մտածի, որ այստեղ էլ անելիք չկա, երկրից դուրս պետք է փնտրի այն: Ամեն դեպքում, ես օպտիմիստ եմ եւ կարծում եմ` վիճակը կնորմալանա:

-Այսինքն` Դուք մտածում եք, որ տարիներ անց, գուցե, գնա՞ք երկրից:

-Չեմ ցանկանա գնալ, բայց եթե այսպես շարունակվի, կարծում եմ` այո: Ինձ թվում է` մարդիկ ծնվում են, որ լավ ապրեն: Բայց եթե նկատում ես, որ շարժ չկա, հոգեւոր կյանքը կանգնած է, հետաքրքրություն չկա, ի՞նչ անես: Ես ո՞ր պատգամավորից եմ վատը, որ ինքը լավ ապրի, ես` չէ: Ես գոնե մի փոքր ծիծաղ եմ պարգեւում ժողովրդին, իսկ պատգամավորները առավոտից իրիկուն լացացնում են: Իրենք լավ ապրեն, ես` չէ՞: Իրենք կարողանան տարին 5-6 անգամ գնալ արտերկիր` հանգստանալու, ես Կենտրոնից Կվարտալ չկարողանա՞մ բարձրանալ:

-Բայց արդյո՞ք գնալը լուծում է:

-Բնականաբար, լուծում չէ: Բայց անձամբ ես կուզենամ լավ ապրել: Ասեմ ավելին` հայը պարտավոր է լավ ապրել, այնինչ՝ հայերից քչերին է դա հաջողվում:

-Ձեր ստեղծագործական գործունեության ընթացքում արտերկրից գայթակղիչ առաջարկներ ստացե՞լ եք:

-Եղել է, որ թատերական ներկայացումներով եղել եմ երկրից դուրս, առաջարկել են մնալ այնտեղ, հեռուստահաղորդումներ կյանքի կոչել, բայց մերժել եմ: Դեռ դրա կարիքը չունեմ: Հայաստանում ես ինձ դեռ լավ եմ զգում: Բայց միայն ես չպետք է լավ զգամ, այլեւ բոլոր նրանք, ովքեր նորմալ ապրելու կարիք ունեն:

-Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելո՞ւ եք:

-Դե, եթե չմասնակցեմ, ձայնս կտան ուրիշի, ճիշտ կլինի մասնակցելը:

-Երկրում դրական փոփոխությունների ակնկալիք ունե՞ք:

-Դրան եմ սպասում, բայց չեմ կարծում, որ իմ մասնակցությունը ընտրություններին ինչ-որ բան կտա…Որպեսզի իրավիճակը դեպի լավը փոխվի, պետք է, որ ամեն մեկն իր գործով զբաղվի: Մի բան էլ ասեմ` ես ՀՀ-ում ընդդիմություն չեմ տեսնում: Ով ինչ ուզում է` ասի, սաղ էլ ծախված են: Հայաստանում ընդդիմադիրս ո՞րն է: Կանչում են մի տեղ, ասում են՝ ի՞նչ է եղել, ի՞նչ ես ուզում, ինչքա՞ն է պետք, հանում են, փողը տալիս, ասում են՝ դե գնա՛:

-Ի դեպ, երբեմն որոշ շոուբիզնեսցիներ ասում են, թե ընդդիմադիր են, մեկ էլ տեսնում ես` իշխանական թեւին մոտ կանգնած պաշտոնյան կամ վերջինիս պատկանող ընկերությունը, օրինակ, իրենց ֆիլմի հովանավորն է…

-Դե, էդ եմ ասում էլի, իմ ասածը նաեւ այդ մարդկանց է վերաբերում: Իսկ իշխանությունը լավ էլ ապրում է, եղունգ ունես` գլուխդ քորիր…

Զրուցեց Աննա Բաբաջանյանը




Լրահոս