«Որդիս հասուն, գրագետ երիտասարդ է». Գյումրու քաղաքապետի ախորժակը գնալով մեծանում է. կհաջողվի՞ նրան համոզել քաղաքացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է՝ լրատվամիջոցներով ակտիվ շրջանառվում են լուրերն այն մասին, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նկատելիորեն լարվել են Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ տեղի ՀՀԿ-ականների հարաբերությունները: Սառել են նաեւ Սամվել Բալասանյանի եւ նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի՝ ՏԻՄ ընտրությունների շրջանում առկա ջերմ հարաբերությունները:

«Ժողովուրդ» օրաթերթը, մասնավորապես, գրել էր, որ Սամվել Բալասանյանը որդուն՝ Խաչատուր Բալասանյանին խաղի մեջ մտցնելով՝ խառնել է բոլորի խաղաքարերը: Բանն այն է, որ Մարտուն Գրիգորյանը Բալասանյանին աջակցել էր քաղաքապետ ընտրվելու հարցում, ինչի դիմաց նա պետք է փոխհատուցեր Գրիգորյանին՝ ԱԺ ընտրությունների ժամանակ:

Սակայն Բալասանյանի «պլանները» փոխվել են, եւ նախընտրական կրքերը Գյումրիում օրեցօր թեժանում են:

Նախ ըստ որոշ տեղեկությունների՝ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, ում հայրը ցանկանում է տեսնել հաջորդ ԱԺ-ում, Գյումրիում հաճախակի չի լինում: Նա վերջերս է վերադարձել Չինաստանից:

Իսկ վերադառնալուն պես, մեր տեղեկություններով, իր բարեգործական գրասենյակում քաղաքացիների ցուցակագրում է սկսել: Ս. Բալասանյանի՝ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով պատգամավոր դառնալու ցանկություն ունեցող որդին, ով Գյումրիում ղեկավարում է «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամը, սկսել է քաղաքացիների անձնագրային տվյալները հավաքագրել: Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ քաղաքացիներից ճշտում են բնակության հասցեն, տարիքը եւ կրկնօրինակում անձնագիրը:

Բազում ջանքեր գործադրելուց հետո ArmLur.am-ին վերջապես հաջողվեց կապ հաստատել Սամվել Բալասանյանի հետ:

Մեր բոլոր հարցերին Բալասանյանը նույն անգիր արած պատասխանն էր տալիս.

-Պարո՚ն Բալասանյան, տեւական ժամանակ է՝ ակտիվ լուրեր են շրջանառվում, որ ջանք ու եռանդ չեք խնայում Ձեր որդուն ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով պատգամավոր դարձնելու ուղղությամբ…

-Որդուս հարցրեք:

-Դուք կոնկրետ ի՞նչ ակնկալիքներ ունեք՝ հաշվի առնելով վերջին քաղաքական զարգացումները… կարկառուն ՀՀԿ-ականներ են լքում կուսակցության շարքերը…

-Ես ասացի՝ որդուցս ճշտեք: Նրա հետ խոսեք: Նա հասուն, գրագետ, կրթված երիտասարդ է: Ինքը կպատասխանի:

Պատասխանելուն պես Սամվել Բալասանյանն անջատեց հեռախոսը: Ցավոք, Խաչատուր Բալասանյանի հետ կապ հաստատել մեզ դեռեւս չհաջողվեց:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս