Վճռորոշ պահերին ՀՀ պետական գրեթե բոլոր կառույցներում աշխատանքային կյանքը կանգ է առնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականը Հայաստանի համար շատ «սեյսմիկ» էր. ՀՅԴ-ՀՀԿ ձեւավորվող կոալիցիա, որն իր հետ բերեց պաշտոնանկություններ, նոր նշանակումներ, հետեւաբար նոր աշխատելաոճ, ապրիլյան քառօրյա պատերազմ, «Սասնա ծռերի» կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավում, ապա նոր կառավարության ձեւավորում… ու էլի պաշտոնակություններ, գործազրկություն, նոր նշանակումներ:

Այս ամենի արդյունքում անցած տարի մի քանի ամիս Հայաստանի բոլոր գերատեսչություններում ակամա ոչ աշխատանքային մթնոլորտ էր: Եւ ողջ աշխատանքային տարվա ընթացքում, կոպիտ հաշվարկներով, ավելի քան 3 ամիս գերատեսչությունները չեն աշխատել:

Այսպես՝ դեռ 2016-ի տարեսկզբից ակտիվ քննարկվում էր ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիա ձեւավորելու հեռանկարը, որն էլ, ի վերջո, իրականացավ: Փետրվարի 24-ին ՀՅԴ-ՀՀԿ նոր գործակցության սկիզբը դրվեց. Բաղրամյան 26-ում ստորագրվեց քաղաքական համագործակցության համաձայնագիր եւ դաշնակցականներին տրվեց երեք նախարարական պորտֆել: Բնականաբար, մինչ դաշնակցականներին նախարարական պորտֆելների տրամադրումը Հայաստանի մի քանի նախարարություններում աշխատակիցները շունչները պահած սպասում էին իրենց աշխատանքային հետագա ճակատագրին եւ ակտիվ հետեւում երկրում տիրող ներքաղաքական գործընթացներին: Եւ կարելի է ասել՝ 2016 թվականի հունվարի կեսերից մինչեւ փետրվարի 24-ը մի քանի նախարարություններում աշխատանքային կյանքը կանգ էր առել: Ի վերջո, փետրվարի 24-ին երեք դաշնակցականներ նշանակվեցին նախարարների պաշտոնում, եւ նրանց կողմից սեփական աշխատակազմերի ձեւավորումը եւս մեկ ամիս տեւեց:

Այս իրադարձությանը հաջորդեց ապրիլյան քառօրյա պատերազմը: Այն եւս իր բացասական ազդեցությունը թողեց ոչ միայն գերատեսչությունների աշխատանքի, այլեւ Հայաստանի տնտեսության վրա: Այս ընթացքում նույնպես պետական մի շարք կառույցներում ոչ աշխատանքային մթնոլորտ էր: Եւ այսպես ձգվեց եւս մեկ ամիս… Ապրիլյան քառօրյայի վերքերը դեռ չսպիացած՝ տեղի ունեցավ տարվա ամենաանսպասելի իրադարձությունը. «Սասնա ծռերի» կողմից գրավվեց ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը:

Արդեն այս ընթացքում ՀՀ պետական գրեթե բոլոր կառույցներում աշխատանքային կյանքը ժամանակավորապես կանգ էր առել. գերատեսչական աշխատակիցների մեծ մասը լիարժեք կերպով չէր կատարում իր պարտականությունները, եւ առնվազն կասկածելի է՝ արդյոք այդ օրերին պետական գերատեսչությունները սովորական ռեժիմով են աշխատել:

Ապրիլյան, ապա՝ հուլիսյան դեպքերի արդյունքում, սեպտեմբերի 8-ին Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց: Եւ այդ պահից ՀՀ բոլոր նախարարները դարձան ժամանակավոր պաշտոնակատարներ: Նրանք շունչները պահած՝ սպասում էին իրենց ճակատագրերի հստակեցմանը: Հայտնի իրողություն է, որ եթե նախարարը անգործության է մատնված, ապա անգործության են մատնված նաեւ նրա ստորադասները: Բայց դա չի նշանակում, որ նրանք այդ օրերի համար չեն վարձատրվել: Եվ ստացվում է, որ այդ օրերին պետբյուջեից հատկացված գումարները փոշիացվել են: Այսինքն՝ մարդկանց գումար է վճարվել ոչինչ չանելու համար:

Հանրագումարի բերելով՝ ստացվում է, որ անցած տարվա մի զգալի մասը գերատեսչությունների ոչ միայն ղեկավարները, այլեւ նրանց ենթակաները չեն աշխատել: Ինչի արդյունքում, բնականաբար, տուժել է երկրի տնտեսությունը:
Հովիկ Աբրահամյանի հրաժարկանից 5 օր անց՝ սեպտեմբերի 13-ին, կառավարության նոր ղեկավար նշանակվեց Կարեն Կարապետյանը: Եւ նորից սկսվեց ոչ աշխատանքային մթնոլորտը: Մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 20-ին, նշանակվեցին գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների նախարարները: Իսկ սեպտեմբերի 27-ին նշանակվեցին կառավարության մյուս անդամները: Այսինքն՝ մոտ 20 օր «պարալիզացվեց» նախարարությունների աշխատանքը, քանի որ բոլոր վարչությունների, բաժինների ղեկավարներն ու աշխատակիցները սրտի դողով սպասում էին իրենց աշխատանքային ճակատագրի հստակեցմանը: Չէ որ նորանշանակ ղեկավարները սովորաբար նոր աշխատակազմ են ձեւավորում, վարչություններ ու բաժիններ են առանձնացնում կամ նորերն են ստեղծում, իսկ եղածները վերացնում են՝ այդպես խաղալով մի քանի հարյուր ծառայողի ճակատագրերի հետ:

Նման ցնցումների պայմաներում որեւէ համակարգ, առավելեւս պետական, չի կարող գործել արդյունավետ: Առավել եւս, որ մեզանում պետական համակարգում ընդգրկվածների զգալի մասն առաջնորդվում են ոչ թե հանրային, պետական կամ համակարգային շահով, այլ բացառապես անձնական մոտիվացիաներով:
2017 թվականը առջեւում է: Ինչպես հայտնի է՝ ապրիլին կայանալու են խորհրդարանական ընտրությունները, ինչը եւս կխաթարի պետական գերատեսչությունների բնականոն աշխատանքը: Եթե, իհարկե, այդպիսին այժմ կա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս