ՖՈՏՈ. «Լոգոպեդ է հետը զբաղվում, արդեն փորձում է տառերը վերհիշել». ինչ վիճակում է գտնվում ապրիլյան պատերազմում վիրավորված զինծառայողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 28-ը Հայոց բանակի և հայ զինվորի օրն է, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը դառնում է 25 տարեկան: Բառացիորեն ամիսներ առաջ մենք վկան եղանք մեր երկրի սահմանները պաշտպանող զինվորի սխրանքին, ով իր կյանքի գնով կատարեց իր առաջադրանքը` պաշտպանելով այն ամենը, ինչը սուրբ ու նվիրական է բոլորիս համար։

2016թ. ապրիլի 4-ին՝ Թալիշում՝ ռազմական գործողությունների հետևանքով ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովհաննես Պողոսյանը ստացել է ոտքի բեկորային վնասվածք, ապա մայիսի 13-ին գլխի հրազենային ծանր վիրավորում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց Հովհաննես Պողոսյանի մայրը՝ Գայանեն:

Նշենք, որ Հովհաննեսն առաջին կարգի հաշմանդամ է, ստանում է 91 հազար հաշմանդամության կրթաթոշակ:

«Առաջին անգամ վիրավորվեց ապրիլի 4-ին ՝ ոտքից, որից հետո  4 օր պառկեց  Մարտակերտի հոսպիտալում, հետո նորից անցավ ծառայության»,-ասաց տիկին Գայանեն:

Արկածախնդիր երիտասարդին անկախ իր կամքից ևս մի փորձություն էր ճակատագիրը պատրաստել. «Մայիսի 13-ին գլխի հրազենային բաց-թափանցիկ վիրավորում ստացավ: Առաջին վիրահատությունը  կատարեցին Մարտակերտի հոսպիտալում, այնուհետև տեղափոխեցինք Երևանի զինվորական կենտրոնական կլինիկական հոսպիտալ, որտեղ ենթարկվեց երկու վիրահատության, որից հետո 26 օր մնացել է կոմայի մեջ»:

Հովհաննեսն ունի հիշողության կորուստ: Դժվարությամբ է խոսում. «Խոսքի բունն է վնասվել: Աջ կողմն ամբողջությամբ թուլացած է: Կամաց-կամաց պետք է       կազդուրվի: Լոգոպեդ է հետը զբաղվում,  արդեն փորձում է տառերը վերհիշել: Բուժման ստացիոնար կուրսեր է ստանում Կարմիր խաչ կենտրոնում»:

Պողոսյանները Վանաձորից տեղափոխվել են Երևան, բնակվում են վարձակալված բնակարանում. «Ոչ մեկ տնից չի աշխատում, մեծ տղաս երեք օր առաջ մեկնեց Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի»:

Հավելենք, որ Պողոսյաններին անհրաժեշտ է ֆինանսական մեծ  աջակցություն՝ նրան խնամելու և մյուս ծախսերը հոգալու համար:

Լիդա Եղիազարյան




Լրահոս