Մոռանում են ԼՂ-ն բանակցային սեղան վերադարձնելու մասին. ինչու են իշխանությունները խուսափում «փուլային տարբերակ»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակում է զարմացնել իր օպերատիվությամբ. հունվարի 31-ին նա ամփոփել է անցած` 2016 թվականը: Իհարկե, դատելով Նալբանդյանի գործելաոճից՝ երեկվա ասուլիսն իրոք օպերատիվ էր. ի վերջո, 2016 թվականը նա կարող էր ամփոփել շավ ավելի ուշ, օրինակ՝ հուլիսի 16-ին, այնինչ` նա տարին հասցրեց ամփոփել նոր տարվա առաջին ամսի վերջին օրը:
Հիմա ԱԳ նախարարի ասուլիսի բովանդակության, մասնավորապես, ԼՂ բանակցային գործընթացի վերաբերյալ նրա հայտարարությունների մասին:

Նալբանդյանը երեկ ճգնում էր համոզել, թե բանակցային սեղանին դրված Մադրիդյան տարբերակն ամենեւին էլ փուլային չէ: Երբ լրագրողներից մեկը հարցրեց` ի վերջո, Հայաստանը ԼՂ խնդրի կարգավորման փուլային, թե փաթեթային կարգավորման կողմնակիցն է, նա ասաց. «Փաթեթային եւ փուլային կարգավորման մասին խոսակցություններն իմաստ կունենային 20 տարի առաջ: Միգուցե 20 տարի առաջ այդ հարցը պատճառաբանված լիներ եւ իմաստ ունենար, սակայն ես չեմ ցանկանա վերադառնալ այդ մոտավորապես 20 տարվա վաղեմության քննարկումներին, որովհետեւ 2007թ. ի վեր բանակցություններն ընթանում են Մադրիդյան առաջարկների շուրջ… Բազմիցս ասել ենք, որ փաթեթային հանգուցալուծումը պահանջելու է փուլային իրականացում, բայց մոտեցումը փաթեթային է»:

Ակնհայտ է, որ այս իշխանություններն ամեն գնով փորձում են խուսափել «փուլային տարբերակ» արտահայտությունից մեկ պարզ պատճառով. 1998թ. պետական հեղաշրջման պատրվակն արցախյան խնդիրն էր, որի փուլային տարբերակի հետ իշխանության մի մասը համաձայն չէր: Հիմա բանակցային սեղանին նույն տարբերակն է՝ քայլերի նույն հաջորդականությամբ: Բայց քանի որ այս իշխանությունները չեն ուզում խոստովանել այդ հանգամանքը, փորձում են տարբեր բառախաղերի միջոցով մոլորեցնել մարդկանց, թե հանգուցալուծումը պահանջում է փուլային իրականացում՝ փաթեթային մոտեցմամբ:

Եւս մեկ ուշագրավ փաստ. 1998թ. հետո ԼՂՀ-ն Ռոբերտ Քոչարյանի թեթեւ ձեռքով դուրս մղվեց բանակցային գործընթացից: Ու հավանաբար այս ընթացքում իշխանություններն իրենք էլ են մոռացել կատարվածի մասին եւ այլեւս չեն պնդում ԼՂՀ-ն բանակցային սեղան վերադարձնելու պահանջը: Պատահական չէր, որ Նալբանդյանի երեկվա ասուլիսի ժամանակ էլ որեւէ կերպ չխոսվեց այդ մասին:
Փոխարենը Նալբանդյանն ասուլիսի ընթացքում «մի գլուխ» մեղադրանքներ հնչեցրեց Ադրբեջանի հասցեին առ ան, որ նրանք փորձում են խոչընդոտել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, ետ կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից եւ, վերջապես, վիժեցնել բանակցային գործընթացը: «Զարգացումները հետեւյալն են. Ադրբեջանը շարունակում է այն, ինչ արել է բազմիցս, փորձում է խոչընդոտել Հայաստանի եւ եռանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ ուղղված ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Բաքուն հարցականի տակ դրեց Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կամ այն աստիճանի աղավաղեց այդ պայմանավորվածությունները, որ եռանախագահող երկրները դա կոչեցին այլասերում…»,- հայտարարեց Նալբանդյանը:

ՀՀ արտգործնախարարը հավելեց, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել ԼՂ խնդրով բանակցություններին ու հանդիպումներին: «Մենք, հայտնի է, երբեք չենք հրաժարվում հանդիպումներից, սակայն այս պահին հանդիպման մասին տեղեկությունը չեմ կարող հաստատել: Ինչ խաղեր կտա այս անգամ Ադրբեջանը, ոչ ոք չգիտի: Եթե Ադրբեջանը չհրաժարվի, հանդիպում անպայման կլինի: Սկզբում պայմանավորվում ենք, սակայն հետո նրանք հրաժարվում են, ընդհուպ հաճախ հայտարարում են, որ հանդիպում չի եղել: Սա այն դեպքում, երբ այդօրինակ հանդիպումներին ներկա են լինում նաեւ իրենք՝ եռանախագահները: Ակնհայտ է՝ ով է հրաժարվել Կազանից, Սոչիից, Մոսկվայից, Աստրախանից կամ ով է «հուշտ լինում» եռանախագահող երկրների նախագահների մակարդակով արված կարեւորագույն 5 հայտարարություններից. իհարկե՝ Ադրբեջանը: Ադրբեջանի մոտ ամնեզիա է, որոշ բաներ հիշում են, որոշ բաներ չեն հիշում, ժողովուրդն էլ ընկնում է ամբոխային խելագարության մեջ»,- ասաց նա:

Այս առումով Նալբանդյանի հայտարարություններում որեւէ նորություն չկա. Ադրբեջանն առաջին դեպքը չէ, երբ փորձում է ձախողել գործընթացը, ետ կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից եւ այսպես շարունակ: Բայց երբ այդքանից հետո միջազգային հանրությունը հավասարության նշան է դնում երկու կողմերի միջեւ, սա արդեն Հայաստանի իշխանությունների խնդիրն է: Ի վերջո, եթե Հայաստանը կարողանար իրոք ճիշտ դիվանագիտություն վարել, ապա միանգամայն այլ վիճակում կլինեինք:

Ի դեպ, երեկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամյեդյարովն էլ իր հերթին է մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին: Նա ասել է, թե Մոսկվան ջանում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների եռակողմ ձեւաչափով հանդիպում նախաձեռնել: Ըստ նրա՝ Բաքուն ընդունել է եռակողմ հանդիպում անցկացնելու մասին Մոսկվայի առաջարկը, սակայն այն, ցավոք, չի կայացել։ Եւ հնարավոր է, որ նման հանդիպում տեղի ունենա փետրվարի 17-ին՝ Մյունխենում կայանալիք անվտանգության հարցերով միջազգային համաժողովի շրջանակներում, որի ընթացքում հանդիպում է լինելու նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս