Սերժ Սարգսյանից նեղացածները. իշխանությունները լուրջ խնդրի առաջ են կանգնած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանության ներսում հետաքրքիր վերադասավորումներ են սկսվել: Սերժ Սարգսյանի կողքից հերթով հեռանում են այն գործիչները, որոնք այս տարիներին համարվել են իշխանության հենասյուները, որոնք գործուն աջակցություն են ցուցաբերել Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնը զբաղեցնելու հարցում 2008թ. ընտրություններում ընտրակեղծիքների իրականացման ժամանակ, մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ընթացքում, երբ արդյունքում եղավ 10 զոհ:

Այդ անձինք Սերժ Սարգսյանին աջակցել են նաեւ հետո՝ նրա իշխանության վերարտադրությանը հաջորդող բոլոր ընտրություններում: Սակայն Սերժ Սարգսյանը հանուն սեփական իշխանության պահպանման ու վերարտադրման, ճանապարհին զոհաբերել է թիմակիցներին: Ճիշտ է՝ ՀՀԿ խորհրդի վերջին նիստում Ս. Սարգսյանն իր կուսակիցներին դիմելով` ասել էր. «Նեղացածներ չպետք է լինեն»: Սակայն նրա գործելաոճին հետեւելով՝ դժվար է պատկերացնել՝ ինչպե՞ս կարող է նեղացածներ չլինեն:

Նշենք, որ զարմանալի «զուգադիպությամբ» միջադեպերը, որ Ս. Սարգսյանի թիմի նեղացվածության պատճառ են դարձել հիմնականում առնչվել են Սերժ Սարգսյանի հայտնի փեսայի՝ Միքայել Մինասյանի հետ: Նա այս ընթացքում փորձել է աննկատ կերպով իշխանությունից հեռացնել «հներին» իբր վարկաբեկված անձանցից ազատվելու պատրվակով՝ փոխարենը տեղ բացելով իր ընկերների, թիմակիցների համար: Արտաքուստ, միգուցե, նրա քայլերը ոմանց թվացել են դրական, երբ վարկաբեկված մարդկանց փոխարինելու են բերել երիտասարդներին, բայց սա միայն առաջին հայացքից, քանի որ իրենց արժեհամակարգով «ժելեյած մազերով, օսլայած օձիքով» երիտասարդները չեն տարբերվել նախորդներից, պարզապես նրանք տարիքի բերումով դեռ չեն հասցրել անել այն, ինչ արել են մեծերը:

Ինչեւէ: Ս. Սարգսյանից նեղացածների շարքը կարելի է երկար թվարկել: Այս առումով ամենաթարմ օրինակն ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռանալն է ՀՀԿ-ից: Բավական է միայն թվարկել վերջին 20 տարում Աբրահամյանի զբաղեցրած պետական ու կուսակցական պաշտոնները, պարզ կդառնա, թե ով էր նա ՀՀԿ-ի եւ իշխանության համար, ինչ կշիռ, ինչ դեր ու նշանակություն ուներ այնտեղ. եղել է տարածքային կառավարման նախարար-փոխվարչապետ, ԱԺ նախագահ, վարչապետ, ՀՀԿ-ի, Սերժ Սարգսյանի, սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի նախընտրական շտաբների պետը: Հ. Աբրահամյանը եղել է նաեւ 2008թ. մարտի 1-ին նախագահականում գործող շտաբի անդամներից մեկը. իրադարձություն, որից հետո Սերժ Սարգսյանը հայտնվեց նախագահի պաշտոնին: Ու չնայած այս ամենին՝ Ս. Սարգսյանը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ հասարակական դժգոհությունները մեղմելու նպատակով զոհաբերեց Աբրահամյանին` ստիպելով նրան հրաժարական ներկայացնել:

Ավելի վաղ Աբրահամյանը ստիպողաբար հրաժարական ներկայացրեց ԱԺ նախագահի պաշտոնից` նշանակվելով վարչապետ, եւ նրա առաջ խնդիր էր դրված լեզու գտնել խորհրդարանական ընդդիմադիր քառյակի հետ, որի առանցքային դերակատարներից մեկն էլ խնամին էր` Գ. Ծառուկյանը: Ի դեպ, Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի միջեւ լարված հարաբերությունները նոր չեն, այլ վերջին մի քանի տարիներին այն ակնհայտ զգացվում էր:

Ս. Սարգսյանի կողքին չէ նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որ 2008թ. մարտի 1-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն էր, իսկ հետո 8 տարի շարունակ եղել է ՀՀ պաշտպանության նախարարը: Այսօր Ս. Օհանյանն այլեւս իշխանության մաս չէ. նախորդ տարվա աշնանը կառավարության փոփոխությունից հետո նա մերժել էր նոր պաշտոններ ստանալու առաջարկները, փոխարենը որոշ ժամանակ անց հայտարարեց քաղաքական գործընթացներին մասնակցելու մասին, ընդ որում, նա պատրաստվում է գլխավորել ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը:

Իշխանությունից վաղուց հեռացել է նաեւ 2008թ. մարտի 1-ի օրերին ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը. մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո նա նշանակվեց ՊՊԾ պետ, երկու տարի անց՝ ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ, իսկ 2014թ. հետո նա գործազուրկ է՝ ի տարբերություն այդ օրերին ՀՀ պաշտպանության նախարար Միխայիլ Հարությունյանի, որը նախագահականում պաշտոն ունի. նա ռազմական տեսուչն է:

Այսօր առաջվա ինքնամոռաց նվիրումով Սերժ Սարգսյանի կողքին չեն տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, Ռուբեն Հայրապետյանը, Մհեր Սեդրակյանը, Սուրիկ Խաչատրյանը, Լեւոն Սարգսյանը` Ալրաղացի Լյովիկը: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւս տարիներ շարունակ եղել է իշխանության հենասյուներից մեկը. բայց հիշում եք, թե Ս. Սարգսյանն ինչպես ստիպեց նրան փակել քաղաքական էջը, հիշում եք 2015թ. փետրվարին ՀՀԿ խորհրդի նիստում Ծառուկյանի հասցեին Ս. Սարգսյանի հնչեցրած հայտարարություններն ու դրան հաջորդած ռեպրեսիաները: Հիմա Ծառուկյանը վերադարձել է քաղաքականություն:

Սերժ Սարգսյանից նեղացած է նաեւ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը թեեւ հիմա ԵՏՄ-ում բարձր պաշտոն ունի, բայց հազիվ թե մոռացած լինի, թե ինչպես Ս. Սարգսյանն իրեն մի քանի անգամ դարձրեց քավության նոխազ` սեփական իշխանությունը փրկելու համար: 2012թ. կոռուպցիայի դեմ պայքարի շոու-ծրագրի շրջանակներում, ի ցույց ամենքի, Ս. Սարգսյանն ամենավերջին խոսքերով քննադատեց վարչապետին ու նրա կառավարության անդամներին: Իսկ արդեն 2014թ. հասարակական կրքերը հանդարտեցնելու եւ գոլորշի բաց թողնելու համար Տ. Սարգսյանին ստիպեց հրաժարականի դիմում ներկայացնել:

Այսօր Ս. Սարգսյանի կողքին չէ նաեւ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, որը դարձել է «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետը: Ժամանակին Ս. Սարգսյանը շատ տգեղ վարվեց Զաքարյանի հետ, երբ նախագահականում խորհրդակցության ժամանակ նախատել էր ՎՊ նախագահին՝ պետական հիմնարկներում ստուգումների արդյունքում բացահայտումների եւ դրանց վերաբերյալ հնչեցրած գնահատականների համար:

Ս. Սարգսյանի կողքին չէ իշխանության առանցքային եւս մեկ դեմք` Գագիկ Խաչատրյանը, որ երկար տարիներ զբաղեցրել է ՊԵԿ նախագահի, հետո նաեւ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը: Գ. Խաչատրյանը պաշտոնի բերումով տիրապետում է լրջագույն ինֆորմացիայի` իշխանությունների բիզնեսի, մութ գործարքների, տնտեսության ստվերի եւ այլնի մասին: Չնայած հիմա Գ. Խաչատրյանին սահուն ունեզրկելու օպերացիա է սկսվել. նրան պատկանող ընկերությունների մասնաբաժնի մի մասը անցել է Ս. Սարգսյանի փեսա Մ. Մինասյանին:

Ի դեպ, շատ շուտով Ս. Սարգսյանից նեղացածների շարքում կհայտնվի նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա համաձայնել էր ստանձնել այդ պաշտոնը երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի ինքը լիներ նաեւ Ս. Սարգսյանի իրավահաջորդը: Այնինչ՝ հիմա պարզվում է, որ Կ. Կարապետյանը հավանաբար չի կարողանա պաշտոնավարել 2018թ. ապրիլից հետո, երբ ամբողջովին ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունն ու վարչապետից պահանջվի 4 տարվա մշտական բնակության վայրի ցենզ:

Ինչեւէ, այսքանից հետո կարելի է ենթադրել, որ իշխանություններն ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ լուրջ խնդրի առաջ են կանգնած:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս