Լուկաշենկոն փաստի առաջ կանգնեցրեց Պուտինին. սա ապտակ էր Ռուսաստանին. ռուս քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

– Պարո՛ն Տարասով, ինչպե՞ս կգնահատեք Մինսկի քայլը: Ինչո՞ւ Ռուսաստանը չկարողացավ կանխել ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին:

– Գիտեք, սա շատ մեծ մարտահրավեր է Ռուսաստանի համար: Ռուսաստանը պաշտոնապես հայտնել է իր տեսակետը: Սա ապտակ է Ռուսաստանին Բաքվի և Մինսկի կողմից, և այն, իհարկե, կունենա իր հետևանքները և′ Բաքվի, և′ Մինսկի համար: Պարզվում է, որ Լապշինին չի համաձայնվել արտահանձնել նույնիսկ Պորոշենկոն, նրան պաշտոնական գրություն է եղել: Իսկ Լուկաշենկոն անցավ կարմիր գիծը, և դա, իհարկե, իր հետքը կթողնի ռուս-բելառուսական հարաբերությունների վրա. հետևանքները պարզ կլինեն հետո:

– Ստացվում է, որ Ռուսաստանը չունի՞ անհրաժեշտ լծակներ Բելառուսի վրա ազդելու համար:

– Ստացվում է, որ մենք ունենք լուրջ հակասություններ: Ռուսաստանը հրաժարվեց թաթարներին կանգնեցնել Բելառուսում, վերջինս այլ դիրք է ընդունել, թերևս դեպի հարավ է գնում: Լուկաշենկոն կոպիտ ասած, փաստի առաջ կանգնեցրեց Պուտինին:

– Այսինքն, այս ամենը միանշանակ կարող ենք դիտարկել ռուս- բելառուսական հարաբերությունների՞ կոնտեքստում, թե՞ կապ ունեն նաև Հայաստանը և Արցախը:

– Գիտեք, Արցախը դա տասներորդական հարց է այս ամենում: Այստեղ կա գաղտնի միտք, որի մասին չի բարձրաձայնվում: Մեզ շատ է հետաքրքրում այդ տղայի ճակատագիրը, քանի որ նա հանդիսանում է նաև մեր երկրի քաղաքացի, այդ առումով բազմաթիվ հարցեր կան: Օրինակ, թե ինչու է նրա արտահանձնման հարցով դատական նիստը գաղտնի եղել: Այսինքն կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները մենք դեռ չունենք:

– Բայց արդյոք սա չի՞ կարող վատ նախադեպ դառնալ և ետ կանգնեցնել Արցախ մեկնել ցանկացողներին:

– ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը միանշանակ ասել է, որ Ռուսաստանում չկա պաշտոնական որոշում, որով քաղաքացիներին կարգելվի այցելել Ղարաբաղ: Եվ Լավրովը սա պաշտոնապես հայտարարել է: Այլ հարց է, որ այստեղ Ադրբեջանը փորձում է քայլ իրականացնել և, իհարկե, սա ճնշում է նաև Արցախի վրա:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս