«ՄԱՍՆԱՎՈՐ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԿԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է` ամենամյա «Արտ Ֆեստ 2017» միջազգային երիտասարդական բաց փառատոնը սկսել է հայտերի ընդունման գործընթացը: Մրցութային բնույթի փառատոնը, որը կիրականացվի մայիս-հունիսին, ընդլայնել է իր շրջանակները եւ այսուհետ կներառի նաեւ գրականության ոլորտը, մասնավորապես դրամատուրգիա եւ սցենար։ «Ժողովուրդ»-ը սպասվելիք նորարարությունների, փառատոնի նպատակների եւ կարիքների մասին զրուցել է «Արտ Ֆեստ»-ի նախագահ Էրիկ Բարսեղյանի հետ:

-Պարո՛ն Բարսեղյան, բացի այն, որ «Արտ Ֆեստ»-ն ընդլայնել է իր շրջանակները, այս տարի է՞լ ինչ նորարարություններ են սպասվում:
-Նախորդ տարիներին փառատոնը բաց ձեւաչափով էր անցկացվում, այսինքն` բոլոր ցանկացողներին տրվում էր մասնակցության հնարավորություն: Իսկ արդեն այս տարի նրանք կանցնեն ընտրական փուլ օնլայն տիրույթում: Մասնակիցները կուղարկեն, օրինակ, ներկայացման տեսագրություն, կտավի լուսանկար եւ այլն, որպեսզի մի փոքր սելեկցիա արվի, ընտրվեն լավագույն աշխատանքները: Այլապես նախորդ տարիներին, օրինակ, ունեցել ենք ներկայացումներ, որոնք, իսկապես, բանի պետք չէին:
-Նշվում է, որ փառատոնը մասնակիցներից լավագույններին միջազգային հարթակ դուրս գալու հնարավորություն է ընձեռում: Հետաքրքիր է` ինչպե՞ս:
-Ձեր հարցին կպատասխանեմ` ելնելով նախորդ տարիների փորձից: Մեր երիտասարդները, մասնակցելով «Արտ Ֆեստ»-ին եւ աչքի ընկնելով, հրավերներ էին ստանում արտերկրի մի շարք փառատոներից: Մեր փառատոնի միջազգային բաժնի պատասխանատուներն իրենց հերթին կապի մեջ էին միջազգային կառույցների հետ, մեր լավագույն կադրերին առաջարկում էին մասնակցել արտերկրի փառատոներին եւ այլն: Նույն առաջարկով հանդես էին գալիս նաեւ արտերկրից ժամանած մեր հյուրերը:
-Այս տարի հայտերի թվի հետ կապված ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Կարծում եմ` հայտերի թիվը կգերազանցի 400-ը: Ակնկալում ենք, որ ինչպես նախորդ տարի (այն ժամանակ հայտեր էինք ստացել, օրինակ` Չեխիայից, ՌԴ-ից, Շվեդիայից), այս տարի եւս արտերկրից կստանանք մեծ թվով հայտեր:
-Փառատոնի հանձնաժողովի կազմն արդեն հստակեցվե՞լ է:
-Դեռ ոչ, բայց կան անդամներ, որոնց ներկայությունը հաստատված է` Երվանդ Երզնկյան, Լալա Մնացականյան, Արամ Նիկոլյան:
-Հաճախ նմանատիպ փառատոների հաղթողներին տրվում են արձանիկներ, եւ այդքանով մրցույթն ավարտվում է: «Արտ Ֆեստ»-ի պարագայում լավագույններին ի՞նչ մրցանակներ են սպասվում, նրանց ինչո՞վ եք շահագրգռում:
-Նախորդ տարի, օրինակ, Երիտասարդ ստեղծագործողների միությունը անակնկալ մատուցեց կինոոլորտի հաղթողներին` տրամադրելով տեխնիկական աջակցություն, արդյունքում ստեղծվեցին պայմաններ` նոր ֆիլմ նկարահանելու համար: Իսկ կերպարվեստի ոլորտի մրցանակակիրների համար, օրինակ, կազմակերպեցինք ցուցահանդես Նկարիչների միությունում:
-Փառատոնի բյուջեն որքա՞ն է կազմում, արդյո՞ք այն բավականացնում է` լուրջ ծրագրեր իրականացնելու համար:
-Ընդհանուր առմամբ, մեր բյուջեն շատ սուղ է (փառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ), ուստի փորձում ենք ներգրավել նաեւ մասնավոր սեկտորին կամ աշխատել բարտերային հիմունքներով. օրինակ` եթե մեր ընկերները կարող են մեզ դահլիճ տրամադրել, դա արվում է անվճար: Բայց, այնուամենայնիվ, մասնավոր ներդրողների անհրաժեշտություն կա, միայն պետական հովանավորչությունը քիչ է: Նախորդ տարվա բյուջեն կազմել էր ընդամենը 2 միլիոն դրամ, որի կեսը կարելի է օգտագործել միայն տպագրական ծախսերի համար: Այս տարվա բյուջեի մասին խոսելը դեռ վաղ է:
-Իսկ մարզերից մասնակցո՞ւմ են փառատոնի ծրագրերին:
-Այո, ակտիվ ներգրավվածություն ենք ունեցել Լոռուց, Շիրակից, Գեղարքունիքից, Կոտայքից, Արմավիրից: Շատ դեպքերում մերոնք են գնացել մարզեր, դիտել են, օրինակ, ներկայացում, կազմակերպել են մասնագիտական քննարկումներ եւ այլն:

 

 

 
«ԱՅԴ ԱՌՈՒՄՈՎ ԵՍ Ե՛Վ ԲԱԽՏԱՎՈՐ ԵՄ, Ե՛Վ ԴԺԲԱԽՏ»

Դերասանուհի Լիլի Էլբակյանը որոշել է այս տարի մեծ մասամբ նվիրվել ռեժիսորական գործունեությանը: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ մտադիր է համալրել «Էդգար Էլբակյան» թատրոնի խաղացանկը, որպեսզի կառույցը լիարժեք գործի: Լիլին կվերականգնի «Ռոմեո եւ Ջուլիետ» (Շեքսպիր) ներկայացումը, նոր շունչ կհաղորդի «Դեկամերոն»-ին (Բոկաչչո). «Փետրվարի 22-ին «Դեկամերոն»-ում կխաղան եւ հիմնական կորիզ կկազմեն հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի իմ 10 ուսանողուհիները»,-նշեց Լիլին:

Կա մեկ այլ կարեւոր ծրագիր եւս, որը մեր զրուցակիցը ցանկանում է կյանքի կոչել: Նրա եղբայրը` Էդգար Էլբակյան կրտսերը, ով մահացել է 18 տարեկանում, հասցրել է որոշ ստեղծագործություններ հեղինակել: Լիլին մտադիր է նրա պատմվածքների հիման վրա ներկայացում բեմադրել. «Այն կկոչվի «Գծից այն կողմ»: Եղբորս մահից հետո մենք ընտանիքով հավաքեցինք նրա ստեղծագործությունները եւ տպագրեցինք: Պատկերացրեք` որոշ գործեր նույնիսկ լուցկու տուփի վրայից ենք փրկել»,-պատմեց դերասանուհին:
Լիլին, ով աշխատում է նաեւ Երեւանի Խամաճիկների պետական թատրոնում որպես բեմադրիչ, նշեց, որ Ամանորին ընդառաջ բեմադրել է «Մարդուկ-Ջարդուկը» (մպսՍցվփՌՍ), որի շրջանակում տվյալ թատրոնին բնորոշ նոր լուծումներ է կիրառել. «Ներկայացումը ներառում էր խամաճիկներ եւ պլանշետային տիկնիկներ: Սա լրիվ նոր ոճ էր, որը թույլ էր տալիս այդ տիկնիկների միջոցով մասսայական տեսարաններ ստանալ»,-մեկնաբանեց ռեժիսորը:
Ինչ վերաբերում է էկրանային գործունեությանը, Լիլին տեղեկացրեց, որ նկարահանվել է 24 մասից բաղկացած սերիալում՝ Նար-Դոսի «Ես եւ նա» ստեղծագործության հիման վրա: Դերասանուհին մարմնավորել է գլխավոր հերոսուհուն: Սերիալն այս տարի կցուցադրվի հայկական հեռուստաընկերություններից մեկի եթերում:
Լիլին, խոսելով նախընտրելի դերերից, նշեց, որ իր տարիքի կանանց մարմնավորելու ցանկություն ունի. «Ինձ հիմնականում առաջարկում են 17-18 տարեկան աղջիկների դերեր: Այդ առումով ես ե՛ւ բախտավոր եմ, ե՛ւ դժբախտ: Թեեւ մայրս (դերասանուհի Աննա Էլբակյանը-հեղ.) ասում է՝ քանի ավելի երիտասարդ եմ երեւում` լավ կանեմ օգտագործեմ հնարավորությունը եւ տարիքով ինձնից փոքր կանանց դերեր խաղամ, այնուամենայնիվ, ինձ արդեն հետաքրքրում են այլ կերպարներ, որոնց միջոցով կկարողանամ բացահայտել նոր գույներ»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԿՅԱՆՔԻՑ  ՀԵՌԱՑԵԼ Է
Փետրվարի 6-ին, կյանքի 81¬րդ տարում մահացել է արվեստաբան, հայ արվեստի շուրջ բազմաթիվ հոդվածների, մենագրությունների եւ գրքերի հեղինակ Պողոս Հայթայանը:
Նշենք, որ Հայթայանը աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում, Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, Հայաստանի հանրագիտարանում` խմբագրելով տասնմեկ հատոր։ Նա եղել է Հայաստանի ազգային պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն, Հայաստանի նկարիչների միության քարտուղար, Հայաստանի նկարիչների միության նախագահ։ Հայթայանը արժանացել է Մովսես Խորենացի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալների, Գրիգոր Նարեկացի հուշամեդալի:

 

 

ԿՐՈՒՏՈՅԻՆ ՎԻՐԱՀԱՏԵԼ ԵՆ
Հայտնի ռուս երգահան, պրոդյուսեր Իգոր Կրուտոյը վերջերս վիրահատության է ենթարկվել ԱՄՆ-ի հիվանդանոցներից մեկում: Kp.ru-ն տեղեկացնում է, որ նրա առողջական վիճակը սկսել է բարելավվել: Կրուտոյի ընտանիքը նրան աջակցելու համար մեկնել է Լոս Անջելես: Այժմ Կրուտոյը վերականգնողական շրջան է անցնում: Նրա ինքնազգացողությունը լավ է: Երգահանը պլանավորում է առաջիկայում վերադառնալ հայրենիք: Ի դեպ, Կրուտոյը չի ցանկացել տեղեկություններ տարածել իր առողջական վիճակի մասին: Բոլոր մանրամասները հայտնի են դարձել այն ժամանակ, երբ նա լքել է ծՁԹ հեռուստաալիքի Ձօ րցտպՐ! նախագիծը:

 

 

ՆՈՐ ՍԻՐԱՎԵ՞Պ
Արեւմտյան ԶԼՄ-ները գրում են, որ ամերիկացի դերասանուհի, ֆոտոմոդել Պամելա Անդերսոնը սիրավեպ է սկսել սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ: The Daily Mail-ը տեղեկացնում է, որ նման ենթադրության համար հիմք է ծառայել այն փաստը, որ Անդերսոնը նախորդ 4 ամսվա ընթացքում 5 անգամ այցելել է 2012թ. ի վեր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապաստանած Ասանժին:
Աղբյուրը հիշեցնում է, որ Անդերսոնը սկսել է այցելել Ասանժին 2014-ի սեպտեմբերից: Նրա վերջին այցն Էկվադորի դեսպանատուն եղել է հունվարին:




Լրահոս