Ճանապարհների խաչմերուկում թառած քոռ բուն. երկաթուղու շահագործումը` Հայաստանի համար լրջագույն հարված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանին շարունակում են մեկուսացնել տարածաշրջանային ծրագրերից: Այս տարվա ընթացքում նախատեսված է շահագործման հանձնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, ինչը կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծել Հայաստանի համար:

Օրերս Բաքու էր այցելել Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն, որը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումների ժամանակ անդրադարձել է երկաթուղու կառուցման աշխատանքների ավարտին:

Ջանելիձեի հետ հանդիպման ժամանակ Մամեդյարովն ասել է. «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կգործարկվի այս տարի: Այդ նախագիծը կնպաստի երեք երկրներից յուրաքանչյուրի զարգացմանը:

Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձե

Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ կապերը հիմնված են բարեկամության եւ բարիդրացիության սկզբունքների վրա»: Իսկ արդեն Ալիեւի հետ Ջանելիձեի հանդիպման մասին Վրաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության համաձայն. «Թբիլիսին եւ Բաքուն շարունակելու են իրականացնել համատեղ ծրագրեր: Խոսքն ամբողջ տարածաշրջանի համար մեծ նշանակություն ունեցող էներգետիկ եւ տրանսպորտային ծրագրերի՝ «Հարավային էներգետիկ միջանցքի» եւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի մասին է»:

Նաեւ հիշեցնենք, որ ավելի վաղ՝ այս տարվա հունվարին, Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության եւ կապի նախարար Ահմեթ Արսլանն էր հայտարարել, թե Թուրքիան նախատեսում է 2 ամսից ավարտել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը: «Մոտավորապես 2 ամսվա աշխատանք է մնացել: Այժմ բավականին ծանրաբեռնված աշխատում ենք: Հաշվի առնելով եղանակային պայմաններից առաջացած դժվարությունները` նախատեսում ենք աշխատանքներն ավարտել մարտ, ապրիլ ամիսներին»,- ասել էր նա:

Արտաքուստ այս երկաթուղու կառուցմամբ Թուրքիան եւ Ադրբեջանը Վրաստանի տարածքով ապահովում են արեւելքի եւ արեւմուտքի միջեւ կապը: Բայց գործնականում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործումը լրջագույն հարված է լինելու Հայաստանի համար, քանի որ այդ ամենի հետեւանքով էլ ավելի է խորանալու Հայաստանի մեկուսացումը: Որպես այս ծրագրի այլընտրանք, Հայաստանը կարող էր օգտվել Աբխազական երկաթուղուց, եթե նա սկսեր գործել, նաեւ` Իրան-Հայաստան երկաթուղուց, եթե դա ի վերջո կառուցվեր: Միայն թե երկու ծրագրերը որեւէ կերպ իրականություն չեն դառնում:

Տեւական ժամանակ է` հայկական կողմին չի հաջողվում հասնել Ռուսաստան-Աբխազիա-Վրաստան-Հայաստան երկաթուղու գործարկմանը, ինչը կարող էր ՀՀ-ի համար դեպի ՌԴ այլընտրանքային ճանապարհ դառնալ: Ինքներդ եք հասկանում` Վերին Լարսի անցակետը չի կարող լինել ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ հաղորդակցման հուսալի միջոց. սա թեկուզ այն պարզ պատճառով, որ Վերին Լարսի անցակետը տարվա մի մասը պարզապես փակ է մեկ քաղաքական, մեկ եղանակային պայմանների հետեւանքով, ընդ որում, այս անցակետը փակվում է ամիսներով՝ զրկելով Հայաստանին ԵՏՄ հիմնական գործընկերոջ հետ հաղորդակցման հնարավորությունից:

Ի դեպ, Աբխազական երկաթուղու գործարկման անհրաժեշտության մասին ՀՀ իշխանությունները խոսել են պարբերաբար: Օրինակ՝ 2014թ. հունիսին Սերժ Սարգսյանը Վրաստան այցի ժամանակ տեղական լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան՝ ասել էր. «Լուրջ խոսակցություն այդ թեմայով չի եղել: Բայց եւ այնպես մեր ցանկությունն է, որ այդ երկաթուղին վերագործարկվի: Մեզ համար դա կենսական նշանակություն ունի: Աբխազական երկաթուղու վերաբացումը, սակայն, միայն Հայաստանից կամ Ռուսաստանից կախված չէ: Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ` հասկանալով սակայն, որ խնդրի լուծումը այլ կողմերից եւս կախված է»: Միայն թե ՀՀ իշխանությունների այս ցանկությունը որեւէ մեկն այդպես էլ չի իրականացրել:

Սրան զուգահեռ մինչեւ հիմա իրականություն չի դարձել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագիրը, որի մեկնարկի մասին դեռ 2008թ. հայտարարեց Սերժ Սարգսյանը. ընդ որում, հայտարարեց մեծ շուքով: Իհարկե, ի սկզբանե պարզ էր, որ այս ծրագիրը փուչիկ է, եւ գալիս է լրացնելու իշխանությունների անկատար խոստումների շարքը: Շատ արագ դա ապացուցվեց գործնականում, ու հիմա իշխանությունները կարծես թե վերջնականապես ձեռք են քաշել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրից:

Պատահական չէ, որ այս թեման այլեւս չի քննարկվում Իրանի պետական պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ. 2016թ. դեկտեմբերին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, թե հայ-իրանական երկաթգծի կառուցման գործում որեւէ նշանակալի առաջըթնաց չկա, իսկ այս տարվա հունվարին էլ կառավարությունը լուծարեց «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն՝ այդպես վերջնականապես խաչ քաշելով Սերժ Սարգսյանի հայտնի խոստման վրա, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն էլ ի հավելումն այս ամենի, ասել էր. «Երկաթգիծը ծախսատար է, որոշակի առումով ունենք պայմանավորվածություններ, որոնք բավարար չեն այդ ծրագիրն իրականացնելու համար։ Ակնկալիք, որ Իրանը կարող է այդտեղ ներդրում անել, սխալ է, որովհետեւ Իրանը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ դուրս է եկել պատժամիջոցներից, եւ իրեն անհրաժեշտ են միջոցներ՝ նախ իր տնտեսությունը լրիվ վերակառուցելու համար»:

Եւս մեկ փաստ. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը մեկնարկել է դեռ 2007թ., եւ այս ողջ ընթացքում տարբեր փորձագետներ կարծիք էին հայտնում, թե այն ձախողված ծրագիր է, երբեք իրականություն չի դառնա: Հիմա, ընդհակառակը, պարզվում է` այն որոշ ժամանակ անց կգործարկվի: Իրան-Հայաստան երկաթուղու մասին դեռ մինչեւ վերջերս ՀՀ իշխանությունները, Սերժ Սարգսյանը հայտարարում էին, թե այն իրականություն է դառնալու՝ մաս կազմելով «Մետաքսի ճանապարհի» ծրագրին: Բայց այստեղ քարը քարի վրա դեռ դրված չէ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս