Կապանի թատրոնը մեքենա չունի. գեղարվեստական ղեկավարը`իրենց խնդիրների և ձեռբերումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը մարզային թատրոնի առջեւ ծառացած խնդիրների, ինչպես նաեւ տարիների ձեռքբերումների մասին զրուցել է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանի հետ:

-Արթո՛ւր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզերի բնակչությունը քիչ վճարունակ է, հետաքրքիր է` ինչպե՞ս եք կարողանում հանդիսատես ապահովել:

-Ասեմ, որ մեր թատրոնի դահլիճն ունի 200 տեղ, եւ մեր համարյա բոլոր ներկայացումներն անցնում են լեփ-լեցուն դահլիճում: Ներկայացումների տոմսերի գինը 1000 դրամ է (մանկականը` 500 դրամ): Կապանում, ի տարբերություն մի շարք այլ քաղաքների, բնակչության սոցիալական վիճակը համեմատաբար լավ է` պայմանավորված այնտեղ գործող հանքերով (դրանք նոր աշխատատեղերի հնարավորություն են ընձեռում): Այստեղ գործում են անապահով երեխաների խնամքով զբաղվող մի շարք կազմակերպություններ, որոնց մենք պարբերաբար ուղարկում ենք հրավիրատոմսեր: Իսկ, առհասարակ, գոհ եմ հանդիսատեսի հաճախելիությունից: Մենք մեր փոքրիկ բյուջեով տարին 3-4 ներկայացում ենք բեմադրում: Տարին երկու անգամ գալիս ենք մայրաքաղաք` հյուրախաղերի: Շատերը, այդ թվում` մշակույթի գործիչներ, ասում են. «Քաղաքից հեռու թատրոն է, այնտեղ ի՞նչ պետք է ստեղծվի»: Մենք էլ գալիս ենք ու ցույց ենք տալիս, թե ինչ:

-Հայտնի է, որ գյումրեցիները բացառիկ թատերասեր են: Կապանցինե՞րն ինչպիսին են:

-Մի հետաքրքիր բան ասեմ. նախորդ տարի թատրոնը մասնակցեց Բելառուսի Բրեստ քաղաքում կայացած «Белая вежа» միջազգային փառատոնին, որտեղից, ի դեպ, վերադարձանք մասնագիտական հանձնաժողովի հատուկ մրցանակով: Մեզ ուղեկցում էր Բրեստի թատրոններից մեկի դերասանը, որը փաստեց, որ երբ իրենք նոր ներկայացում են բեմադրում, մոտավորապես 5 անգամ խաղում են այն լեփ-լեցուն դահլիճներում, իսկ հետո հանդիսատեսի թիվը նվազում է: Ասեմ, որ Կապանում էլ է այդպես:

Բայց հետաքրքիրն այն է, որ Բրեստը 340 հազար բնակչություն ունեցող քաղաք է, եւ պարզվում է՝ դահլիճը լցնում է այն նույն պարբերականությամբ, ինչ մեր թատրոնը: Տեսեք, թե որքան թատերասեր է մեր հանդիսատեսը, որ անկախ սոցիալական պայմաններից` հնարավորություն է գտնում եւ այցելում է թատրոն: Ամեն դեպքում, կապանցի եւ, առհասարակ, սյունեցի հանդիսատեսը բացի դրվատող լինելուց` աչքի է ընկնում նաեւ իր խստապահանջությամբ:

Լավին լավ են ասում, վատին` վատ: Սյունեցիները նվիրվում են անմնացորդ, բայց եթե մի բան չեն ընդունում, ելք չի մնում: Ուստի մեր թատրոնը մի սովորույթ ունի: Երբ նոր ներկայացում է բեմադրվում, այն նախ հանձնվում է գեղխորհրդի դատին: Իսկ գեղխորհրդի կազմում ոչ միայն արվեստագետներ են, այլեւ բանվոր, հանքափոր, ուսուցիչ, աշակերտ, պաշտոնյա: Եվ եթե նրանց կարծիքով ներկայացումը լավն է, ուրեմն այն կարող է հանրության լայն շրջանակներին ներկայացվել: Իսկ եթե ինչ-որ բան այն չի լինում, նորից ենք փորձում:

-Այսօր Ձեր թատրոնի թիվ մեկ չլուծված խնդիրը ո՞րն է:

-Արդեն շուրջ 15-20 տարի է` մեքենա չունենք: Մենք սահմանամերձ շրջան ենք եւ տարին մի քանի անգամ բարեգործական ներկայացումներով այցելում ենք զորամասեր, շրջակա գյուղեր: Մեքենա չունենալու հանգամանքը ծանր է անդրադառնում մեզ վրա:

-Իսկ առաջիկայում ի՞նչ նոր ներկայացում եք հանձնելու հանդիսատեսի դատին:

-Այս պահին աշխատում ենք «Բակունցյան գույներ» ներկայացման վրա, այն բեմադրվելու է Ակսել Բակունցի ստեղծագործությունների` «Միրհավ», «Բրուտի տղան», «Մթնաձոր» պատմվածքների հիման վրա: Դա լինելու է խորեոգրաֆիկ ներկայացում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա քաղաքի միակ թատրոնն է, փորձելու ենք բազմազանություն ապահովել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս