Բուհերը իրենց միջոցների 2 տոկոսը տալիս են Կարեն Ավագյանին. ինչի՞ վրա են ծախսվում հիմնադրամին տրված միջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ը (ՀԵՀ) տարեկան հայաստանյան մեկ տասնյակից ավել բուհերից միլիոնավոր գումարներ է ստանում: Բուհերը իրենց բյուջետային միջոցների 2 տոկոսը պարտադիր կերպով տարեկան նվիրաբերում են ՀԵՀ-ին:

Ով եւ երբ ընդունեց որոշումը

Նշենք, որ այս ավանդույթը հիմնադրվել է 1998 թվականին՝ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից մայիսի 22-ին կայացված թիվ 268 եւ կրթության եւ գիտության նախարարության (նշենք, որ այդ ժամանակ ԿԳ նախարարը Լեւոն Մկրտչյանն էր) նույն թվականի սեպտեմբերի 11-ի կոլեգիայի նիստի որոշումներով: Բոլոր բուհերը նշված տարեթվից պարտադիր կարգով իրենց բյուջետային միջոցներից 2 տոկոսը պարտադիր կերպով նվիրաբերում են ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի ղեկավարած «Հայաստան երիտասարդական հիմնադրամին»: Տեղեկացնենք, որ բուհերն ազատված են ավելացված արժեքի հարկից. փոխարենն այդ գումարների մի մասն ուղղվում է ՀԵՀ-ին, որն էլ, ի թիվս այլ ծրագրերի, անապահով ուսանողների ուսման վարձն է փոխհատուցում:
Ստացվում է, որ Կարեն Ավագյանի գլխավորած կազմակերպությունը ուսանողներից գումար է հավաքում, ապա որպես բարեգործություն, այն տալիս է ուսանողներին:

Միլիոնավոր դրամներ

«Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու չեն ընդվզում ռեկտորները, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը պատասխանեց. «Նշեմ, որ ՀԵՀ-ին փոխանցվող գումարը հետ է վերադառնում նույն ուսանողներին, որոնց համար իրականացվող տարբեր միջոցառումների նպատակով եւ ծախսվում է: Հիմնադրամը այդ գումարով ե՛ւ իր կանոնադրական խնդիրներն է լուծում, ե՛ւ ուսանողների միջոցառումներն է կազմակերպում կամ ուսման վարձեր է փոխանցում»: Տեղեկացնենք, որ ՀՊՏՀ-ն 1998 թվականից մինչ օրս ՀԵՀ-ին տարեկան գումար է փոխանցում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ գումարը կազմում է ավելի քան 40 մլն դրամ:

ՀԵՀ-ին պարտադիր կերպով տարեկան գումար է նվիրաբերում նաեւ Հայաստանի ճարտարագիտական համալսարանը՝ պոլիտեխնիկը: Ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ իրենց բուհը 2016 թվականին ՀԵՀ-ին փոխանցել է 29 մլն 200 հազար դրամ: Իսկ ահա Երեւանի պետական համալսարանի՝ ՀԵՀ-ին նվիրաբերած գումարը ավելի քան 100 մլն դրամ է:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀԵՀ-ին գումար նվիրաբերում են ոչ միայն երեւանյան բուհերը, այլեւ դրանց մարզային մասնաճյուղերը եւ ոչ միայն: Օրինակ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղի ռեկտոր Արմեն Խառատյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք վերջին տարիներին պարտադիր կերպով իրենց բյուջետային միջոցներից որոշակի գումար հատկացնում են ՀԵՀ-ին: «Դա կարգ է, եւ մենք որքան կարողանում ենք, հատկացնում ենք, տարի է եղել, որ 2 տոկոսից քիչ ենք նվիրաբերել: Մենք մեր համալսարանի նախահաշվում նախատեսած ունենք եւ ամեն տարի հատկացում անում ենք: ՀԵՀ-ը շատ միջոցառումներ է կազմակերպում մեր ուսանողների համար, իրենց համար տարբեր կատեգորիաների վճարումներ է կատարում, իսկ մեր ուսանողները բոլոր այդ ծրագրերից օգտվում են»,- ներկայացրեց Խառատյանը:

Տեղեկացնենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում վերջին տարիներին ուսանողների թիվը զգալի նվազել է, ինչը առավել նկատելի է դարձել հատկապես մարզերում: Օրինակ՝ 2015 թվականին 2014-ի համեմատ ուսանողների թիվը նվազել է 6 հազար 299-ով: Ակնհայտ է, որ այս փաստը պայմանավորված է վերջին տարիներին արձանագրված արտագաղթի մեծ տեմպերով: Չէ որ սոցիալական գործոնը ազդում է նաեւ բուհերի բնականոն գործունեության վրա: Եւ չնայած սրան՝ մարզային բուհերը նույնպես իրենց սեփական համեստ միջոցներով սնում են Հիմնադրամին:

Արտոնյալ կառուցը

Այսպիսով՝ մոտ 10 տարի է, ինչ Հայաստանի պետական բյուջեից Սերժ Սարգսյանի կարգադրությամբ գումարներ է տրամադրվում հասարակական կազմակերպություններին:
Բայց սա ՀԵՀ-ի եկամտի միակ աղբյուրը չէ: ՀԿ-ների միջեւ դրամաշնորհային մրցույթների կազմակերպման իրավասությունը եւս վերապահված է Հայաստանի երիտասարդական հիմնադրամին: Ինչո՞ւ, որովհետեւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգողը ՀՀԿ երիտթեւի արդեն ոչ այդքան երիտասարդ ներկայացուցիչ, 43-ամյա Կարեն Ավագյանն է:

Իսկ ինչի՞ վրա են ծախսվում հիմնադրամին տրված միջոցները. ծխելու դեմ պայքարի, բնապահպանության, վերարտադրողական առողջության, գյուղական համայնքների խնդիրների, ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներ կազմակերպելու եւ այլնի համար: Բայց թե իրականում ինչքան գումար է հատկացվում առանձին միջոցառման համար, եւ դրա որքան մասն է ծախսվում նպատակային, դժվար է ասել: Հիշեցնենք, որ նույն Հիմնադրամը իր միջոցներով պոլիտեխնիկի համար ամանորյա քեֆ-ուրախությունն էր կազմակերպել՝ ծախսելով ավելի քան 3.5 մլն դրամ:

«Ժողովուրդ»-ը բուհերի կողմից ՀԵՀ-ին հատկացվող գումարների վերաբերյալ զրուցեց Կարեն Ավագյանի հետ, սակայն վերջինս լսելով հարցը՝ անտարբեր տոնով նետեց. «Դրա մասին բազմիցս խոսվել է»: Մինչդեռ նա պարտավոր է յուրաքանչյուրին հատիկ առ հատիկ ներկայացնել, թե Հիմնադրամը ինչպես եւ ինչի վրա է ծախսում իրեն հատկացվող միջոցները: Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը փորձեց Հիմնադրամի կողմից տարեկան հրապարակվող հաշվետվություններից պարզել, թե ՀԵՀ-ը կոնկրետ ինչ է արել բուհերի նվիրաբերած միջոցները եւ ինչի վրա է այն ծախսել:

Օրենքի խախտումով

Սակայն Հիմնադրամի տարեկան հաշվետվություններում օրենքով նախատեսված տվյալները բացակայում են: Մինչդեռ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանվում է, որ հիմնադրամները պարտավոր են ամեն տարի հրապարակել իրենց գործունեության մասին հաշվետվություն: «Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի եւ դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի եւ հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից եւ ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում»,- սահմանում է «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքը:

Սակայն ՀԵՀ-ի՝ 2015 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունում վերը թվարկված տվյալները բացակայում են: Օրինակ՝ նշված է, որ անցած տարի հիմնադրամին հատկացվել է 713 մլն 780 հազար դրամ, իսկ ի՞նչ աղբյուրներից եւ յուրաքանչյուրից որքա՞ն, տվյալը բացակայում է: Նշված է միայն, որ գումարները գոյացել են 78 իրավաբանական անձանցից ստացված միջոցների հաշվին: Ի դեպ, նախարարությունները եւ մնացած բոլոր պետական գերատեսչություններն ու ՊՈԱԿ-ները եւս իրավաբանական անձինք են: Աշխատակազմի վերաբերյալ տվյալները եւս բացակայում են: Մինչդեռ օրենքը պահանջում է հրապարակել նրանց անունները եւ հիմնադրամից ստացած եկամուտների չափը: ՀԵՀ-ի հաշվետվությունում նշված է միայն աշխատակազմի թիվը` 122 հոգի, որոնք ընդհանուր ստացել են 147 մլն 525 հազար դրամի աշխատավարձ:

ՀԵՀ-ը օրենքի պահանջներից կատարվել է միայն Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմի հրապարակումը: Ինչպես հայտնի է՝ այդ խորհուրդը գլխավորում է ՀՀ նախկին վարչապետ, այլեւս ոչ ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը, մի քանի նախարարներ եւ փոխնախարարներ, իսկ հոգաբարձուների խորհրդի համակարգողն էլ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս