«Մշակույթի կապիտալիզացումն անհեթեթ հասկացություն է. մշակույթն ինքնին կապիտալ է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը եւ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարեցին, որ մեր մշակույթը պետք է կապիտալիզացնել:
«Հիմա դուք ձեր կրեդոն սարքեք` ոնց անենք, մեր մշակույթը ճանաչելի սարքենք. պետք է կա-պի-տա-լի-զաց-նել: Ինչի՞ա պետք կապիտալիզացն, վերջը ի՞նչա կապիտալիզացիան. քեզ սկսում են գնահատել: Վան Գոգի նկարը 40 միլիոնա, հիմա լավա՞ դա, թե՞ վատա, թե՞ կարանք ասենք` էնքան իրանք կապիտալիստ են, որ նույնիսկ Վան Գոգի նկարն են գնահատում 40 միլիոն դոլարով: Հիմա Այվազովսկու կապիտալիզացիայի մեջ մենք` որպես հայ մարդ, որեւէ դերակատարում չենք ունեցել: Հիմա եթե մենք դրա վրեն կարանք մուլտիպլիկատիվ էֆեկտ ստանանք, ինչո՞ւ չենք անում: Այ, ինձ մշակույթից էդա պետք»,- դիմելով Արմեն Ամիրյանին` ասել էր կառավարության ղեկավարը:

Մշակույթի նախարարն իր հերթին տարբեր առիթներով շեշտել է, որ կապիտալիզացումը կնպաստի մշակույթի աշխուժացմանն ու զարգացմանը: «Նայելով առաջատար մշակույթ ունեցող երկրների փորձը եւ անցած ճանապարհը` մենք հասկանում ենք, որ չի կարելի այսպես շարունակել: Մենք Խորհրդային Միության եւ ժամանակակից աշխարհի խառնարան ձեւաչափն ենք ստեղծել, ինչը չի կարող աշխատել»,-ասել է նա:

Սակայն բանն այն է, որ ոչ ոք գլուխ չի հանում՝ ինչ ասել է վարչապետի ու նախարարի տված սահմանումը` «մշակույթի կապիտալիզացում»: Այս մասին ո՛չ մեկը, ո՛չ մյուսը պարզ չեն խոսում, նույնիսկ փորձում են «լղոզել»: Վարչապետն ինքն է ասում. «Վերջը ի՞նչա կապիտալիզացիան»:

Կապիտալիզմը տնտեսական համակարգ է, որի պարագայում արտադրության միջոցները պատկանում են մասնավոր սեփականատերերին։ Ձեռնարկությունները արտադրում են շուկայի համար ապրանքներ, իսկ շուկան կարգավորվում է պահանջարկի եւ առաջարկի հարաբերակցությամբ (Ամերիկյան հանրագիտարան)։
Հասկանո՞ւմ ենք, թե ըստ մեր պաշտոնյաների` ինչպես պետք է այս հասկացության հետ կապվի մշակույթը` ոչ, բայց ենթադրում ենք:

Մշակույթի կապիտալիզացիան ենթադրո՞ւմ է արժեհամակարգի վերաիմաստավորում եւ վերագնահատում, երբ առաջնայինը դառնում է ոչ թե հոգեւոր պահանջների բավարարումը, այլ շահույթի հետապնդումը մշակութային արտադրանքի եւ ստեղծագործական աշխատանքի հաշվին` միանշանակ: Սա իր հետ կբերի՞ գնահատման չափորոշիչների խաթարում, արվեստի գործն իբրեւ ապրանք դիտարկելու արատավոր մոտեցում` բնականաբար:

Թեմայի շուրջ իր դիտարկումներն է արել նկարիչ, քանդակագործ Սահակ Պողոսյանը: Ըստ նրա` կապիտալ դառնում է այն ամենը, ինչ մարդ կարող է պահպանել եւ արժեւորել իր ապրած ժամանակահատվածում: Քանդակագործի համոզմամբ` Հայաստանում նախորդ հարյուրամյակում ինչ-որ ձեւով պահպանվել է Սովետական Հայաստանի ստեղծած մշակույթի մի մասը, որն այն ժամանակվա նարատիվի արտադրությունն էր:

Ըստ նրա` անկախ Հայաստանը ձեւավորեց իր նոր գաղափարական նարատիվը, որը չունեցավ պետական աջակցություն, այդ պատճառով տվյալ հեղինակներն ու նրանց ստեղծագործությունները ցաք ու ցրիվ եղան աշխարհով մեկ, իսկ դրանց տեղը զբաղեցրին սովետական ժամանակների արդեն չաշխատող ինստիտուցիաները, այդ պատճառով էլ, քանդակագործի կարծիքով, ունենք այնպիսի իրավիճակ, որի պայմաններում ոչինչ չի արժեւորվում եւ պահպանվում: Պարոն Պողոսյանը վստահ է` Վան Գոգը կարեւորվում եւ կապիտալիզացվում է ճիշտ այնքան, որքան ի վիճակի է կարեւորել ու վճարել այդ օրվա հասարակությունը: Եվ որպեսզի մեր ունեցած հնարավորությունների սահմաններում կարողանանք կապիտալիզացնել մշակույթը, մենք, ըստ նրա, նախ պետք է կարողանանք զատել կարեւորը քիչ կարեւորից, մեր դեպքում հաճախ նաեւ` անկարեւորից: Իսկ դրա համար, քանդակագործի պնդմամբ, անհրաժեշտ է աշխատել եւ ունենալ համապատասխան մասնագետներ, որոնք, նրա խոսքով, պետական սեկտորում համարյա բացակայում են:

«Ես նկատում եմ, որ այն, ինչ արվում է, փող սարքելու հետ է կապված: Իսկ արվեստի վրա, առհասարակ, փող ծախսում են, որպեսզի այն դառնա մշակույթ` հետագայում կապիտալի վերածվելու համար: Մշակույթի նախկին նախարարը 10 տարի շարունակ անապատ դարձրեց մշակութային տարածքը. ոչ մի դիալոգ տեղի չի ունենում իշխանությունների եւ այն մարդկանց հետ, որոնք ինչ-որ բան են հասկանում: Վարչապետն ասում է, որ հեղափոխական մոտեցում է ուզում, բայց իր դիմացինները հեղափոխողներ չեն: Նա շրջապատված է սխալ մարդկանցով, որոնք ապաշնորհ են եւ եկել են կանխիկ գումար աշխատելու: Երբ արտերկրի օրինակն են բերում, պետք է հասկանան, որ ամբողջ աշխարհում գոյություն ունեն դոնոր ֆոնդեր, մեկենասների համար մի շարք արտոնություններ, այդ թվում` հարկերից ազատվելուն վերաբերող: Իսկ մեզ մոտ կա պետական վերահսկողություն, եւ պետությունը պատվիրում է այն, ինչ կարող է սպառել: Մենք ոչ թե անդունդի եզրին ենք, այլ դրա տակ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց պարոն Պողոսյանը:

Թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ արվեստի քննադատ, արվեստաբան Նազարեթ Կարոյանի հետ. «Մշակույթի կապիտալիզացումը անհեթեթ հասկացություն է. մշակույթն ինքնին կապիտալ է: Ընդամենը դաշտում գտնվող գործիչների վերաբերմունքը պետք է փոխվի մշակույթի նկատմամբ (եթե իրենք ի վիճակի են դա անել), կամ թույլ տրվի, որ վերաբերմունք ունեցող մարդիկ ինչ-որ բան կարողանան անել: Իսկ վերաբերմունքի փոփոխություն նշանակում է` հասկանալ, որ մշակույթը կապիտալ է, նպաստել համապատասխան մթնոլորտի ձեւավորմանը, համապատասխան ծրագրերի իրականացմանը, ֆինանսական, մարդկային միջոցներ գեներացնելուն:

«Մշակույթի կապիտալիզացում» արտահայտության մեջ ինչ-որ բան ինտուիտիվ շոշափվում է, բայց վստահ չեմ, որ դա հասկանալի է: Համենայն դեպս, ցուցիչներից մեկը Հայաստանի վերջին ներկայացվածությունն էր Վենետիկի բիենալեում: Հայկական տաղավարն անհեթեթություն էր, այն վերածվել էր Վերնիսաժի. գուցե կապիտալն էր աշխատել»,-նկատեց արվեստաբանը:

Վերադառնալով «մշակույթի կապիտալիզացում» սահմանմանը՝ պարոն Կարոյանը եզրափակեց. «Խոսքը փողեր պտտեցնելու մասին է, կարծում եմ` իրենք դա նկատի ունեն, կապիտալիզացիայի մասին չէ խոսքը: Ես որ ասում եմ` «մշակութային կապիտալ», դա միայն փողով չի չափվում»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս