Ռոբերտ Նազարյանը երթևեկում է պրեմիում տեսակի բենզինով լի մեքենայով. ՀԾԿՀ-ի ճոխ գնումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության՝ պետական ապարատի անհարկի ծախսերը կրճատելու վերաբերյալ գերատեսչությունների ղեկավարներին ուղղված հորդորները այդպես էլ անարձագանք են մնում: Քանի որ պետական պաշտոնյաները շարունակում են պետբյուջեի հաշվին ճոխ գնումներ անել:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսել է ընթացիկ տարվա համար գնել բենզին, այն էլ պրեմիում տեսակի, որն ավելի թանկ է, քան ռեգուլյարը: Ասել է թե՝ հանձնաժողովը նախագահող Ռոբերտ Նազարյանին վայել չէ ռեգուլյար տեսակի բենզինով լի մեքենայով երթեւեկել: Այսպես՝ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գնումների պլանի համաձայն՝ նախատեսվել է գնել 25 հազար 420 լիտր պրեմիում տեսակի բենզին, որի մեկ լիտրի դիմաց հանձնաժողովը գնումների պլանում առաջարկել է 350 դրամ արժեքը: Հանձնաժողովը նախատեսել է նշված քանակի բենզինի համար նախնական հատկացնել մոտ 8 մլն 897 հազար դրամ: Բայց նկատենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ՀՀ բենզալցակայաններում բենզինի գները բարձրացել են. օրինակ՝ 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում է 360-370 դրամով, իսկ պրեմիումը՝ 380-390 դրամով: Այնպես որ, հանձնաժողովը նախատեսվածից ավելի է ծախսելու բենզինի ձեռքբերման համար:

Բենզինի գնման գործընթացի վերաբերյալ «Ժողովուրդ»-ը դիմեց ՀԾԿՀ եւ հետաքրքրվեց, թե հանձնաժողովը քանի ծառայողական ավտոմեքենա ունի եւ ինչու է նախընտրել հենց պրեմիում տեսակի բենզին: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը հայտնեց, որ հանձնաժողովի հաշվեկշռում հաշվառված են թվով 12 ծառայողական ավտոմեքենաներ: Ըստ հանձնաժողովի՝ դրանք արտադրած ընկերությունների կողմից տրամադրված շահագործման տեխնիկական պայմաններին համապատասխան օգտագործվող վառելիքի տեսակը սահմանված է ոչ էթիլային բենզինը, որի օկտանային թիվը չի կարող պակաս լինել 95-ից: Իսկ նման տեսակի բենզինը համապատասխանում է Հայաստանում վաճառվող պրեմիում տեսակի բենզինին: «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նպատակահարմար է գտել արտադրողի կողմից մատնանշված տեսակի վառելիքը գնել, ինչը չի վնասի ավտոմեքենաների շարժիչները եւ չի առաջացնի լրացուցիչ ծախսեր` տեխնիկական պայմաններին չհամապատասխանող վառելիքի օգտագործման հետեւանքով վերանորոգման աշխատանքներ կատարելու համար»,- նշված է ՀԾԿՀ-ի՝ «Ժողովուրդ»-ին ուղարկված պատասխանում:

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ գերատեսչությունները իրենց ճոխ գնումները այսկերպ են արդարացնում: Սակայն տեղեկացնենք, որ 12 ծառայողական ավտոմեքենա մի կառույցի համար, որն այդքան էլ անկախ չի գործում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հարցում, այդքան էլ արդար չէ: Բացի այդ՝ նշենք, որ հանձնաժողովն ունի նախագահ, նախագահի տեղակալ եւ 3 անդամ: Ենթադրվում է, որ ծառայողական 12 ավտոմեքենայից 5-ը սպասարկում են նշված պաշտոնը զբաղեցնող անձանց: Հավանաբար, մյուս ավտոմեքենաները սպասարկում են հանձնաժողովի աշխատակազմին, այդ թվում վարչության կամ բաժնի պետերին:

Եւ հանձնաժողովի գնելու համար նախատեսվող բենզինի քանակությունը՝ 25 հազար 420 լիտրը, բաժանենք 12-ի (ծառայողական ավտոմեքենաների թիվն է), ապա բաժանենք 220-ի (տարեկան աշխատանքային օրերի միջին թիվն է), կստացվի, որ նախարարության յուրաքանչյուր ծառայողական մեքենային օրական հատկացվում է ավելի քան 9.6 լիտր բենզին: Եւ եթե անգամ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ծառայողական մեքենաներն ունեն հզոր եւ ծախսատար շարժիչներ, ապա հատկացվող 9.6 լիտր բենզինը պետք է բավականացնի մոտ 100 կմ վարելու համար, ինչը ՀԾԿՀ-ի դեպքում բացառվում է:

Այստեղ հարց է առաջանում՝ արդյոք հանձնաժողովի այն 12 պաշտոնյաները, որոնց սպասարկում են պրեմիում տեսակի բենզինով սնվող ավտոմեքենաները, այս ընթացքում հանրության համար օգտակար որոշումներ կայացրել են: Եւ այս ամենը մեր՝ հարկատուներիս հաշվին: Քանի որ ամենեւին էլ պարտադիր չէ, որ նրանք ՀՀ շարքային քաղաքացիների մուծած հարկերից գոյացող պետբյուջեի հաշվին երթեւեկեն ծառայողական շքեղ մեքենաներով: Նրանք միանգամայն հանգիստ կարող են իրենց աշխատանքը կատարել նաեւ սեփական մեքենաներով կամ հանրային տրանսպորտով երթեւեկելով:

Սակայն այսքանով դեռ չեն ավարտվում վերոնշյալ գերատեսչության գնումները: Հանձնաժողովը ընթացիկ տարվա համար նախատեսել է գնել նաեւ ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններ՝ 3.5 մլն դրամի չափով: Տեղային հեռախոսային ծառայությունների համար նախատեսվել է հատկացնել 1 մլն 615 հազար 200 դրամ, միջքաղաքային հեռախոսային ծառայությունների համար՝ 3 մլն 720 հազար դրամ: Գերատեսչության ընթացիկ տարվա սպառվող էլեկտրաէներգիայի համար նախատեսվել է հատկացնել 11 մլն դրամ, 1.9 մլն դրամ: Բացի այս՝ ՀԾԿՀ-ն նախատեսել է գնել նաեւ անձնական 5 հատ համակարգիչ՝ 1 մլն 322 հազար 500 դրամով, որի միավորի արժեքը կազմում է 264.5 հազար դրամ, տոներային քարտրիջներ, գրենական պիտույքներ, տնտեսական ապրանքներ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս