Եթե Կլայդերմանը վերադառնում է մի երկիր, ուրեմն այն նրան շատ է դուր եկել. Վահան Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանանց միամսյակի շրջանակում ֆրանսիացի հանրահայտ դաշնակահար Ռիշար Կլայդերմանը մարտի 18-ին Երեւանում կրկին համերգ կունենա: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նա հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համատեղ:

Համերգի ընթացքում կհնչեն դաշնակահարի հանրահայտ եւ սիրված գործեր` «Show time Murmurs», «L for Love», «Chariots of fire», «Ballade pour Adeline», «Corazon de Nino», «Love at first sigh»t, «Childhood memories», «Cinema Paradiso», «Spartacus», «Romeo and Juliet», «Blue Rondo», «America» եւ այլ ստեղծագործություններ:

«Ժողովուրդ»-ը Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանից հետաքրքրվեց` կանանց համար համերգի ընթացքում ինչ հետաքրքիր անակնկալներ են սպասվում. «Կհնչեն ե՛ւ բոլորին հայտնի ստեղծագործություններ, ե՛ւ նոր գործեր, որոնք համենայն դեպս Հայաստանում չեն հնչել»,-ասաց նա: Քանի որ Կլայդերմանը երկրորդ անգամ է Հայաստանում, հարցրինք` այս համերգը նախորդից ինչո՞վ է տարբերվելու. «Ամեն ստեղծագործություն չէ, որ նորություն է լինելու, բայց Կլայդերմանն ունի գործեր, որոնք հանդիսատեսն ուզում է նորից ու նորից ունկնդրել»,-պատասխանեց մեր զրուցակիցը:

Մենք հարցրինք նաեւ` հեշտ է արդյոք աշխատել դաշնակահարի հետ. «Առաջին հերթին Կլայդերմանը շատ բարի մարդ է, նրա հետ, իսկապես, շատ հեշտ է աշխատել: Կլայդերմանն իսկական պրոֆեսիոնալ է, իր գործը գիտի, այսպես ասած, 150 տոկոսով»,-շեշտեց պարոն Մարտիրոսյանը: Իսկ «Ժողովուրդ»-ի հարցին, թե Կլայդերմանը հայկական երաժշտության, հայերի, Հայաստանի մասին ինչ գիտի, դիրիժորը պատասխանեց. «Գիտեմ, որ նա կատարում է հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակից», բայց հայկական երաժշտության թեմայով նրա հետ դեռ չենք խոսել: Մի բան միայն կասեմ, որ եթե Կլայդերմանը, ով համերգների հրավերների պակաս չունի, վերադառնում է մի երկիր, ուրեմն այն նրան շատ է դուր եկել»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս