Թանկացրել են՝ նախընտրական ծախսերը հոգալու համար. քաղաքական որոշման հետևանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բենզինի հայաստանյան շուկայում ուսումնասիրություններ է անցկացրել: Ըստ հանձնաժողովի՝ բենզինի ձեռքբերման գնի բարձրացման հետեւանքով երկրի ներսում մատակարարումներ իրականացնող ընկերությունների կողմից վաճառքի գինը բարձրացել է մինչեւ 40 դրամով՝ կազմելով 370 դրամ՝ 1 լիտրի հաշվով:

Ինչպես հայտնի է՝ հունվարի 27-ից ռեգուլյար տեսակի բենզինի մանրածախ վաճառքի գինը սկսել է բարձրանալ՝ 330 դրամից հասնելով 370 դրամի: Իսկ պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 390 դրամով: ՏՄՊՊՀ-ն տեղեկություն ստանալու նպատակով դիմել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին եւ ոլորտում գործունեություն իրականացնող 2 գերիշխող տնտեսվարող սուբյեկտների՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ին, «Սի Փի Էս Օիլ քորփորեյշն» ՍՊԸ-ին, ինչպես նաեւ «Մաքս Պետրոլ» ՓԲԸ-ին:
Ապա՝ հանձնաժողովը զուգահեռ ուսումնասիրել է նաեւ միջազգային շուկայում բենզինի վաճառքի գների դինամիկան: Պարզվել է, որ վերոնշյալ ընկերությունները բենզինը հիմնականում ձեռք են բերում «Ռոսնեֆտ» եւ «Լուկօյլ» ընկերություններից: Ստացվում է, որ 2016 թվականի սեպտեմբերից սկսած մինչեւ 2017 թվականի հունվար 1 տոննա բենզինի մատակարարման գները նվազել են մինչեւ 118 դոլարով կամ 57 հազար 230 դրամով, որի հետեւանքով 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի մանրածախ վաճառքի գինը 380 դրամից նվազել է մինչեւ 330 դրամ (50 դրամով): Իսկ արդեն 2017 թվականի հունվարից 1 տոննա բենզինի ձեռքբերման գինը 2016 թվականի դեկտեմբերի համեմատ բարձրացել է մինչեւ 136 դոլարով կամ 65 հազար 960 դրամով:

Հայաստան բենզինը մեծ չափերով ներկրվում է հիմնականում ՌԴ-ից, որտեղ նավթամթերքի ինքնարժեքը բարձր է: Արդյունքում բենզինը մեր հանրապետությունում վաճառվում է թանկ գնով: Մինչդեռ մասնագետների պնդմամբ՝ Հայաստանը կարող է բենզին ներկրել նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունից, որտեղ այն անհամեմատ էժան է:

Զարմանալի է նաեւ այն, երբ նավթի գինը համաշխարհային շուկայում իջնում է, Հայաստանի բենզինի շուկան դրան չի արձագանքում եւ այդքան արագ չի իջեցնում գինը, իսկ ահա նավթի գների բարձրանալու դեպքում մեզ մոտ միանգամից բարձրանում է նաեւ բենզինի գինը: Ըստ տնտեսագետների՝ իրականում այս ամենի պատճառն այն է, որ Հայաստանի տնտեսությունում առկա է մրցակցային ցածր մակարդակ: Ինչը վառ արտահայտված է բենզինի շուկայում: Այդ շուկայում գործող մի քանի սուբյեկտներ, որոնք իբր թե ստեղծում են մրցակցության տպավորություն, իրականում իրար հետ փոխհամաձայնեցված են թանկացնում գները: Այս ամենից հետո ավելորդ է խոսել այն մասին, որ բենզինի ներկրմամբ զբաղվում են մի քանի ընկերություններ, եւ այդ ոլորտը մոնոպոլ չէ:

Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ բենզինի գների հետ կապված ՏՄՊՊՀ-ի նման բացատրություններն ու վերլուծությունները ոչ թե շուկայական գնի, այլ քաղաքական որոշման հիմնավորումներ են: «Ես համոզված եմ, որ մեր շուկան եթե ավելի բաց լինի բենզինի կամ նավթամթերքի համար, ապա մեր երկրում բենզինի գինն ավելի ցածր կլինի այսօրվա գներից: Մեզ մոտ բենզինի գինը երբեւիցե չի եղել այն, ինչ որ միջազգային շուկայում: Հիմա, քանի որ կարիք կա հիմնավորումներ տալու, օգտագործվում է այդ հանգամանքը: Բոլոր դեպքերում դա մրցակցության պայմանների բացակայության արդյունք է»,- նկատեց Խաչատրյանը:

Մասնագետի համոզմամբ՝ բենզինի շուկայում բոլորովին վերջերս հայտնված երրորդ ընկերությունը (խոսքը՝ «Մաքսհուր» ընկերության մասին է, որի հետ են կապում Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անունը) բենզինի շուկայում հայտնվելը իրադրությունը չփրկեց: «Այդ նույն երրորդ ընկերությունը ոչնչով չի տարբերվում առաջինից ու երկրորդից: Այն բենզինի շուկա չի մտել, որ մեզ ավելի որակական ծառայություններ մատուցի եւ ավելի էժանացնի իր ապրանքի գինը: Այլ ուղղակի մտել է, կամ ինչ-որ մեկին հնարավորություն են տվել գումար աշխատելու, կամ այս ընդհանուր քաղաքականության մեջ փորձում են մեր հանրությանը ներկայացնել, որ տեսեք, թե ինչ արեցինք՝ երրորդը մտավ միանգամից գինը նվազեց: Դա ընդամենն արվեց, որպեսզի ստվերային գների ձեւավորման գործընթացը ծածկվի: Նշեմ նաեւ, որ բենզինի գինը բարձրացնելը նախընտրական քարոզչության համար ինչ-որ մարդկանց կամ ընկերություններին լուրջ գումարներ աշխատելու հնարավորություններ է առաջացնելու»,- «Ժողովուրդ»-ին հայտարարեց Վահագն Խաչատրյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս