ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սասնա ծռերն» ու խուզարկությունները. ինչու թիրախավորվեցին փաստաբանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ փաստաբանները բարձրաձայնում են քրեակատարողական հիմնարկներում իրենց գործունեությունը խոչընդոտելու դեպքերի մասին: Խոսքը հատկապես վերաբերում է քրեական գործով պաշտպան հանդիսացող փաստաբանների աշխատանքին:

Մասնավորապես փաստաբանները բարձրաձայնում են, որ քրեակատարողական հիմնարկների ծառայողների կողմից ստեղծվում են խոչընդոտներ՝ կապված պաշտպանյալների հետ փաստաբանների առանձնազրույցների, փաստաբաններին անձնական խուզարկության ենթարկելու փորձերի, փաստաբանների մոտ առկա փաստաթղթերը ստուգման ենթարկելու հետ: Եվ ահա այս բարձրաձայնումների արդյունքում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եւ ԱՆ ՔԿ վարչության պետ Արթուր Օսիկյանը հանդիպեցին՝ խնդիրը քննարկելու եւ կարգավորելու համար, սակայն դատելով հրապարակված հայտարարությունից՝ «սայլը» տեղից չշարժվեց: «Ժողովուրդ»-ին տեղի ունեցող գործընթացներից որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ ներքին հրահանգ կա, որպեսզի խուզարկություն կատարեն հիմնականում «Սասնա ծռեր»-ի գործով կալանավորվածների պաշտպանների դեպքում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ իրեն նույնպես խուզարկել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, երբ նա ցանկացել է հանդիպել ՊՊԾ գնդի գործով կալանավորված Աշոտ Պետրոսյանին. «Ինձ հետ նման դեպք եւս եղել է 10 օր առաջ, երբ ես այցելել էի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Կային կարեւոր իրեր, որոնք ես ինձ հետ պետք է տանեի պաշտպանյալներիս՝ Արմեն Լամբարյանի եւ Աշոտ Պետրոսյանի հետ հանդիպմանը, սակայն ինձ թույլ չտվեցին: Նշեմ, որ վերոնշյալ անձինք ՊՊԾ գնդի գործով   են կալանքի տակ գտնվում, այսինքն՝ այստեղ քաղաքական հնչերանգ կա»:

Ըստ փաստաբանի՝ ՔԿՀ-ում իրեն հարցրել են, թե արդյոք իր մոտ չկան քաղաքական բնույթի տեքստեր կամ հայտարարություններ.«Ես կարծում եմ, որ փոքր-ինչ քաղաքական  հնչեղություն ստացած գործերի դեպքում որոշակի խստացումներ են արվել, իսկապես չգիտեմ՝ ինչն էր պատճառը, որ այդ խստացումները կատարվեցին, բայց դա կա: Իմ ունեցած տեղեկություններով՝ այս խիստ ստուգումները հիմնականում կապված են ՊՊԾ գնդի գործի հետ, որովհետեւ այն փաստաբանները, որոնք բարձրաձայնել են այս հարցը, հենց այս գործով պաշտպանյալներին տեսակցելու խնդիր են ունեցել»:

Փաստաբանի կարծիքով՝ նման խստացմամբ փորձ է արվում ՊՊԾ գործով կալանավորվածներին հայտարարություններով հանդես գալուց զերծ պահել:

Նշենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ խուզարկություն է կատարվել Ժիրայր Սէֆիլյանի առանձնախցում, ուստի չի բացառվում, որ իրավապահներն ինչ-ինչ կասկածներ ունեն, եւ թիրախում հայտնվել են փաստաբանները:

Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս