Ռուսաստանն առաջ է մղում իր ներկայացրած տարբերակը. Նալբանդյան-Լավրով հանդիպման ուշագրավ կետերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը, որ ըստ էության իր ձեռքն է վերցրել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման նախաձեռնությունը, նկատելիորեն ակտիվացրել է ջանքերը:
Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարների՝ Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը: Քննարկումների հիմնական թեման, բնականաբար, եղել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Իսկ մի քանի օրից Մոսկվա է մեկնելու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ կրկին քննարկելու նույն թեման: Միաժամանակ սպասվում է, որ առաջիկա օրերին Մոսկվա կմեկնեն նաեւ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը:

Երեկ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը Նալբանդյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ մի քանի ուշագրավ հայտարարություն է արել. նախ՝ Լավրովը նշել է, թե ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափին այլընտրանք չկա: Հետո նա հայտարարել է, որ համանախագահները մշտապես հանդես են եկել բանակցային գործընթացն ակտիվացնելու օգտին, ինչն արտահայտվել է նրանց ընդունած եռակողմ փաստաթղթերում:

«Նման մի փաստաթուղթ էլ ընդունվել է օրերս՝ Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ընթացքում, որում շատ հստակ ընդգծված է հակամարտության կարգավորման շրջանակներում ուժի կիրառման, ռազմական հռետորաբանության անընդունելի լինելը, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանավորվածությունների ամբողջական կատարման անհրաժեշտությունը»,- ասել է Լավրովը: Իսկ հարցին, թե ԵԱՀԿ ՄԽ-ն ինչպես է պատրաստվում կյանքի կոչել այդ պայմանավորվածությունները, երբ Ադրբեջանն ինքն է հրաժարվում կատարել դրանք, Լավրովը պատասխանել է. «Համանախագահներն այլ տարբերակ, քան քաղաքական դիվանագիտականը, չունեն: Մենք մեր ամերիկացի եւ ֆրանսիացի գործընկերների հետ միասին ակտիվորեն շարունակելու ենք այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք օպտիմալ պայմաններ կստեղծեն կառուցողական բանակցությունների համար եւ կճեղքեն այն էմոցիոնալ անբարենպաստ մթնոլորտը, որն այսօր տիրում է ԼՂ խնդրի կարգավորման շուրջ: Քայլեր, որոնք հնարավորություն կտան բանակցությունների սեղանի շուրջ կոնկրետ դիտարկել այն առաջարկությունները, որոնք ներկայացրել է ռուսական կողմը այս հակամարտության լուծման համար, եւ որոնք ակտիվորեն պաշտպանում են ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները»:

Ուշադրություն դարձրեք՝ Լավրովը խոսել է ՌԴ-ի կողմից ներկայացված հակամարտության լուծման առաջարկների մասին եւ շեշտել, որ դրանք պաշտպանում են համանախագահ մյուս երկրները. այսինքն՝ ՌԴ առաջարկած տարբերակի շուրջ գոնե ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների մոտ կա որոշակի համաձայնություն: Իսկ ՌԴ առաջարկած լուծման ուղին նույն Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակն է: Թե ինչ է իրենից ենթադրում այդ տարբերակը, համանախագահները «գաղտնազերծել են» դեռ 2016թ. դեկտեմբերին տարածած հայտարարության մեջ՝ մատնանշելով.

«Հիշեցնում ենք կողմերին, որ կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկիի եզրափակիչ ակտի, մասնավորապես ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքների հիման վրա, ինչպես նաեւ համանախագահող երկրների նախագահների առաջարկած հավելյալ տարրերի հիման վրա, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ ադրբեջանական վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որն ապահովում է անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը սահմանող իրավականորեն պարտադիր կամարտահայտություն, ներքին տեղահանված բոլոր անձանց եւ փախստականների վերադարձ իրենց նախկին բնակության վայրեր եւ միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք ներառում են խաղաղապահության գործողություն»։

ՌԴ ԱԳ նախարարի հայտարարություններն ուշագրավ են մեկ այլ իրողության ֆոնին. Սերժ Սարգսյանն օրերս ԵԿՄ համագումարում, այնուհետեւ ՊՆ-ում ԶՈՒ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր Ղարաբաղյան հիմնահարցին եւ որոշակի ուղերձներ հղել ՌԴ-ին առ այն, որ Հայաստանը պատրաստ է փոխզիջումների եւ նույնը ակնկալում է Ադրբեջանից: Նաեւ որ միակողմանի զիջումներին դեմ է, ու վերջապես՝ «արդեն հաստատված հրադադարը չի կարելի փոխել ավելի վատ պայմաններով հաստատված հրադադարի հետ»:

Մինչ այդ, նկատենք նաեւ, որ երեկ ԼՂ խնդրին անդրադարձել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: «Քանի դեռ խաղաղ համաձայնագիրը ստորագրված եւ իրականացված չէ, բռնությունների վերսկսման վտանգը մնում է: Դա մենք տեսանք անցած տարի ապրիլին Հարավային Կովկասում՝ Լեռնային Ղարաբաղում,- ասել է նա՝ հավելելով,- ես բոլոր շահագրգիռ կողմերին կոչ եմ անում քաղաքական ավելի մեծ կամք դրսեւորել ոչ միայն կրակի դադարեցման ռեժիմը ամրապնդելու եւ նախկին պայմանավորվածությունները իրականացելու համար, այլեւ վերականգնել համալիր եւ հետեւողական բանակցային գործընթացը»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս