Երևանի դատախազը հերքում է իր կողմից միջնորդություն ներկայացնելու մասին տեղեկությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս մամուլում տեղեկություն հրապարակվեց, թե Հայաստանը ստացել է Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային քննչական հարցումը՝ Բելառուսում քննվող քրեական գործով ՀՀ քաղաքացու բնակարանում և օժանդակ շինություններում խուզարկություն կատարելու՝ հանցագործության գործիքներ, առարկաներ, փաստաթղթեր հայտնաբերելու նպատակով։

ՀՀ քննչական կոմիտեն մերժել է միջազգային հարցումը կատարելու պահանջը՝ գտնելով, որ դրա կատարումը հակասում է ոչ միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին, այլև՝ ՀՀ Սահմանադրությանը և մարդու հիմնարար իրավունքներին։

Ասել է, թե հարցումը չի կատարվել և վերադարձվել է ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն Երևան քաղաքի դատախազը դատարան է դիմել Բելառուսի՝ ՀՀ սահմանադրությանը հակասող քննչական պահանջը օրինականացնելու եւ քաղաքացու բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն էլ թույլատրել է:

Եվ ահա ստեղծված իրավիճակի շուրջ ArmԼur.am-ը պարզաբանման համար դիմեց ՀՀ Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանին` հասկանալու համար, թե արդյո՞ք նա դիմել դատարան Բելառուսի՝ ՀՀ սահմանադրությանը հակասող քննչական պահանջը օրինականացնելու եւ քաղաքացու բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար, ինչին ի պատասխան Րաֆֆի Ասլանյանը ասաց. «Ես այդպիսի միջնորդություն չեմ ներկայացրել եւ առաջին անգամ եմ լսում և չեմ կարող ասել, թե այդ հոդվածի բովանդակությունն ում հիվանդագին երեւակայության արդյունքն է»:




Լրահոս