Կարեն Կարապետյանը հյուրընկալվել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հյուրընկալվել է Նորին Սրբություն Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդին: Համայն Վրաստանի Կաթողիկոսը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Վրաստան և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: «Վրաց և հայ ժողովուրդներն ունեն եղբայրական և բարեկամական դարավոր հարաբերություններ, իսկ մեր երկու եկեղեցիների համագործակցությունը կառուցվում է ջերմ և բարիդրացիական կապերի հիման վրա: Երկու երկրների կառավարությունները պետք է անեն հնարավորը՝ համագործակցությունը զարգացնելու և ժողովուրդների բարեկեցությունը ապահովելու համար: Ուրախ ենք, որ այսօր հայկական մշակույթը ծաղկում է, միաժամանակ, չպետք է բավարարվենք անցյալով, այն ամենով ինչ արել ենք նախկինում, այլ պետք է մտածենք ինչ անել՝ ապահովելու մեր ժողովուրդների բարօրությունը»,- նշել է Համայն Վրաստանի Կաթողիկոսը:

Վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Իլյա Երկրորդին ընդունելության համար և նրան փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հարգանքներն ու ջերմ ողջույնները: Վարչապետը գոհունակություն է հայտնել այցի շրջանակում վրաց գործընկերների հետ ունեցած բանակցությունների արդյունքներից և նշել, որ քննարկվել են ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային հարաբերությունների խորցամանն ու ամրապնդմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: «Երկու եղբայրական պետությունների միջև համագործակցության հետագա զարգացման մեծ ներուժ ունենք, որի իրացման համար պատրաստ ենք անհրաժեշտ քայլեր իրականացնել»,- նշել է վարչապետը: ՀՀ կառավարության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Վրաստանի իշխանությունների և վրաց եկեղեցու կողմից հայ համայնքի և հայկական մշակութային արժեքների նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների դերը հայ և վրացի ժողովուրդների ու երկու պետությունների կյանքում:




Լրահոս