Թեկնածություններ կան, բայց առայժմ չեն հրապարակվում. թատրոնում քննարկվում է գեղարվեստական ղեկավար նշանակելու հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ հանդիպման ժամանակ Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը ներկայացրել էր 2016-ի տարեկան հաշվետվությունը: Իսկ նախարարն էլ իր դիտարկումներն էր արել. «Մենք պետք է շտապ որոշում կայացնենք. ձեր թատրոնին գեղարվեստական ղեկավար է անհրաժեշտ, որի հետ եւ կմշակեք ձեր ստեղծագործական ծրագրերը՝ Կամերային երաժշտական թատրոնի ցուցանիշները լավացնելու համար: Առաջիկա տասն օրերի ընթացքում կփորձենք լուծել գեղարվեստական ղեկավարի հարցը: Դրանից հետո երկու շաբաթ կտրվի՝ նրա հետ գործնական ծրագիր մշակելու եւ ներկայացնելու համար»,-ասել էր պարոն Ամիրյանը: Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Վարդան Գրիգորյանի հետ:

-Պարո՛ն Գրիգորյան, դեռեւս մեկ տարի առաջ մեզ հետ զրույցում ասել էիք, որ չեք շտապում նոր գեղարվեստական ղեկավար նշանակել` պատճառաբանելով, որ թատրոնի ներքին հոգեբանական մթնոլորտը կայունացնելու համար ժամանակահատված է պետք: Հիմա պարոն Ամիրյանը շտապեցնում է Ձեզ եւ նույնիսկ ժամկետներ է նշում: Ի՞նչ եք մտադիր անել:

-Մեզ ժամանակ էր պետք, որպեսզի թատրոնը հանգստանար: Իհարկե, սեպտեմբերից դրվել էր գեղարվեստական ղեկավար նշանակելու հարցը, քանի որ նոր թատերաշրջան էր սկսվում: Սակայն մշակույթի նախարարի փոփոխությամբ պայմանավորված` այդ հարցը ձգձգվեց: Կարծում եմ` շուտով այն կլուծվի:

-Արդեն աչքի տակ ունե՞ք թեկնածուներ:

-Թեկնածություններ, իհարկե, կան, բայց դրանք առայժմ չեն հրապարակվում, որպեսզի տարակարծությունների տեղիք չտան: Մեր միակ նպատակն է ունենալ պրոֆեսիոնալ գեղարվեստական ղեկավար, որը կկանգնի ստեղծագործական պրոցեսների գլխին եւ կկարողանա իր գործով զբաղվել, որպեսզի ակամայից չվերածվի նաեւ տնօրենի:

-Մեկ տարի առաջ կարծիք էիք հայտնել, որ ավագ սերունդը մեր թատերական դաշտում իր ամբիցիաներից վերեւ չի բարձրանում: Կարելի՞ է ենթադրել, որ մտադիր եք ճանապարհ տալ երիտասարդ սերնդի ներկայացուցչի:

-Ավագ սերունդը ամբիցիաներ չունի, ուղղակի մոտեցումների առումով նորարար չէ: Ընդհակառակը, երիտասարդ սերունդն ունի ամբիցիաներ: Ժամանակակից թատրոնը պահանջում է կրեատիվ մոտեցումներով, նորարարական գաղափարների տեր, միջազգային փորձառությունն աչքի առաջ ունեցող գեղարվեստական ղեկավար: Ինչ վերաբերում է երիտասարդի ճանապարհ տալուն, իսկ ինչու ոչ: Եթե մենք կոչվում ենք երաժշտական թատրոն, այն պետք է առավելագույնս համահունչ լինի դրա պահանջներին: Մեր նպատակն է ներկայացումները տարբեր շերտերի համար ընկալելի դարձնել:

-Պարոն Ամիրյանը տարեկան հաշվետվության ընթացքում նշել էր, որ պետք է ժամանակի հետ քայլել սովորել, հարկավոր է ակտիվանալ սոցցանցերում, արդյունավետ փիարի տարբեր ուղիներ գտնել: Որքանո՞վ եք համաձայն նրա հետ եւ արդյո՞ք հետամուտ եք այդ նկատառումներին:

-Շատ տեղին էր նախարարի դիտարկումը, որովհետեւ այսօրվա թատրոնները, հատկապես` պետական հիմնարկները, հեռուստատեսությամբ, ռադիոյով գովազդ տալու հնարավորություն չունեն, ուստի ներկայանալու լավագույն հարթակը դառնում են սոցցանցերը: Պետք է այդ առումով ավելի հետեւողական լինել, մասնագետների ուղղորդմանը հետեւել: Մտադիր ենք նաեւ թատրոնի կայքէջը եռալեզու դարձնել:

-Այսինքն` թատրոնին անհրաժեշտ է ոչ միայն թարմ մոտեցումներով գեղարվեստական ղեկավար, այլեւ այդպիսի տնօրեն:

-Ես թատրոն եմ եկել հենց նման թարմ մոտեցումներով: Մինչեւ տնօրեն նշանակվելս եմ ներկայացրել թատրոնի զարգացման հայեցակարգ` հինգ ուղղություններով: Իհարկե, եթե ես էլ բարվոք վիճակում թատրոն ժառանգեի, ինձ համար ավելի հեշտ կլիներ: Բայց մի բան է ծրագրեր մշակելը, մեկ այլ բան` իրողությանը բախվելը: Ուրեմն, պետք էր նախապատրաստվել: Օրինակ` երբ ասում ենք անհրաժեշտ է թատրոնը գովազդել սոցցանցերում, պետք է հասկանանք` ինչն ենք գովազդում: Եթե պետք է նախկին վիճակը գովազդեի, դա խայտառակություն կլիներ: Մեզ ժամանակ էր պետք. երեք ամսում թատրոն վերանորոգելը կատակ բան չէ:
Սկզբում դրանով ենք զբաղվել, հետո արդեն` ստեղծագործական հարցերով: Իսկ, առհասարակ, ժամանակակից երաժշտական թատրոնը պահանջում է տեխնիկական զինվածություն. ձայնագրման ստուդիա ունենալը մեզ համար պարտադիր է: Ցանկալի կլիներ ունենալ նաեւ կադրերի պատրաստման լուրջ ստուդիա` մասնագետների ներգրավմամբ: Բացի այդ` ուզում ենք ապահովել սերնդափոխություն նաեւ մեր կողմից առաջադրվող կադրերով:

Աննա Բաբաջանյան




Լրահոս