ՖՈՏՈ. «Նեղվում էր ուսման վարձի համար, դրա համար կանգնեցրեց ուսումը». ինչ վիճակում է գտնվում ապրիլյան պատերազմում վիրավորված զինծառայողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. ապրիլի 4-ի առավոտյան ղարաբաղաադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով ժամկետային զինծառայող Վաչագան Բաղդասարյանը ծանր վիրավորվել է: Թալիշում մարտերի ընթացքում տանկից գոտկատեղի հատվածում ստացել է բեկորային վնասվածք:

ArmLur.am-ի հետ զրույցում Վաչագանի մայրը՝ տիկին Լիանան, պատմեց, որ որդին ծառայել է Թալիշում, վիրավորվել է դիրքերում՝ մարտի ժամանակ: Դիրքերից տեղափոխել են  Ստեփանակերտ, որտեղ շտապ ենթարկվել է վիրահատության. «Ստեփանակակերտից հետո մեկ շաբաթ բուժում է ստացել  Սիսիանում, որ վիճակը լավ չէր տեղափոխում են Մուրացան, որտեղ ևս մեկ անգամ վիրահատում են: Գոտկատեղից հանում են բեկորներ, սակայն դեռ երկու բեկոր էլ մնացել է: Բժիշկներն ասացին, որ ավելի ճիշտ կլինի չհեռացնելը»:

Նորօրյա հերոս Վաչագան Բաղդասարյանը Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում ստացիոնար բուժման կուրսեր է ստացել մոտ երեք ամիս:

«Հուլիսին Մուրացանի հոսպիտալից գնացել է Մատաղիսի զորամաս, որտեղից զորացրել են տուն»,-ասաց նրա մայրը:

Վաչագանի մոր խոսքով՝  գոտկատեղում մնացած բեկորների հետևանքով  նա ջերմում է. «Սկզբում ձեռնափայտով էր փորձում քայլել, բայց հիմա առանց փայտերի օգնությամբ  քայլում է»:

Ըստ նրա՝ մինչ օրս Պաշտպանության նախարարության կողմից ոչ մի նյութական աջակցություն չեն ստացել, միայն մեկ անգամ Երևանի քաղաքապետարանն է գումարով աջակցել:

Բաղդասարյանների ընտանիքն այսօր կանգնած է սոցիալական լուրջ խնդիրների առաջ: Ընտանիքից  ոչ ոք չի աշխատում:

Նշենք, որ Վ. Բաղադասարյանը սովորում է  ճարտարագիտական համալսարանի կառավարման տեղեկատվական համակարգերի երկրորդ կուրսում, սակայն ուսման վարձավճարի պատճառով տարկետում է վերցրել:

«Ինքը սովորող էր: Նեղվում էր ուսման վարձի համար, դրա համար կանգնեցրեց ուսումը: Ամսուսինս թոշակառու է, ես էլ չեմ աշխատում»,-հավելեց Վաչագանի մայրը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս