Ադրբեջանական կողմը լուրջ կորուստներ ունի, չեն կարողացել մի քանի դիակ հանել. Դավիթ Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ այսօր` ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել, սակայն հակառակորդը հետ է շպրտվել`  տալով զոհեր: «Մենք չգիտենք, թե ինչ քանակության կորուստներ են, բայց ըստ երևույթին լուրջ կորուստներ են և չեն կարողացել մի քանի դիակ հանել և թողել են դրանք չեզոք գոտում», – նշեց նա:

Բաբայանի խոսքով` բարեբախտաբար, հայկական կողմը ոչ մի վիրավոր կամ զոհ չունի: Ընդգծենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները ևս հաստատում են, որ հայկական կողմը կորուստներ չունի և նշում են հենց իրենց կողմի կորուստների մասին: Այս առնչությամբ Բաբայանը նշեց. «Ըստ երևույթին, շատ են եղել և արդեն հնարավոր չէ թաքցնել այդ զոհերը: Դրա համար տարածել են տեղեկատվություն, թե իբր հայկական կողմն է հարձակվել և իրենք պաշտպանվել են և ունեն զոհեր: Իհարկե, իրենք կնշեն, թե մենք էլ ունենք զոհեր, բայց ինչ էլ գրեն, մենք զոհեր չունենք և հենց դա է ամենակարևորը»:

Անդրադառնալով այժմ տիրող իրավիճակին` նա ասաց.  «Իրավիճակը նորմալ է, վերահսկելի է, այն, ինչ-որ միշտ ունենք: Որևէ արտառոց բան չկա»:




Լրահոս