Ադրբեջանը ահաբեկչական պետություն է, չի բացառվում՝ մի օր էլ այդ զենքն օգտագործվի Ռուսաստանի դեմ. Դավիթ Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն, ըստ էության, իր ձեռքն է վերցրել Արցախի Հանրապետության խնդրի կարգավորման նախաձեռնությունը՝ վերստին ակտիվացնելով իր ջանքերը: Նկատենք, որ խոսքը մի երկրի մասին է, որը տարեցտարի ավելացնում է Ադրբեջանին զենքի վաճառքի ծավալները: Ի՞նչ է այս մասին մտածում պաշտոնական Ստեփանակերտը: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

-Պարո՛ն Բաբայան, ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը հայտարարել է ՌԴ-ի կողմից ներկայացված հակամարտության լուծման առաջարկների մասին: Տեղյա՞կ եք, արդյոք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ռուսական այդ տարբերակը:

-Գիտեք, իմ կարծիքով, իհարկե, ավելի ճիշտ կլինի Դուք Նալբանդյանին դիմեք, որ ինքը դա ասի: Խնդիրն այն է, որ կա ընդհանուր մոտեցում՝ հիմնված կողմերի պատկերացումների վրա. հիմա Ադրբեջանը մի բան է պատկերացնում, մենք մի այլ բան ենք պատկերացնում, դրա համար ներկա դրությամբ, իհարկե, հասկանալի է, որ հիմնական շեշտը դրվում է խաղաղաղության եւ կայունության պահպանման վրա, նամանավանդ հիմա, որ Ադրբեջանը ընդհանրապես անցել է բոլոր բարոյական նորմերը ու ընդհանրապես ամեն ինչ կոպտորեն խախտում է:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերում կարգավորման գործընթացում Ռուսաստանի ակտիվացմանը, որն, ինչպես հայտնի է, այս ընթացքում ինտենսիվորեն զինում է Ադրբեջանին:

-Տեսեք, այստեղ որեւէ մրցակցություն չկա: Հիմա Ռուսաստանը պարտավոր է իր բոլոր հարեւանների հետ նորմալ հարաբերություններ պահպանել, եւ մենք չպետք է նեղանանք, պիտի հասկանանք աշխարհաքաղաքականությունը: Բայց միեւնույն ժամանակ հավասարակշռվածությունը պահպանում է նույն Ռուսաստանը, ի վերջո, «Իսկանդեր» համակարգը ԱՄՆ-ն մեզ չի տվել, Ֆրանսիան կամ մի այլ երկիր: Հետեւաբար այս ամենը պետք է հասկանանք եւ ռեալ ամեն ինչ դիտարկենք: Զենք մատակարարելով թե՛ մեզ, թե՛ Ադրբեջանին՝ Ռուսաստանը պահպանում է հավասարակշռվածությունը: Սա էլ է փաստ: Հիմա ինչ շահարկումներ էլ ցանկանում են անել, սա էլ է փաստ: Հարցն այն է, որ մենք, իհարկե, դժգոհ ենք, չենք ուզում, որ Ռուսաստանը զենք վաճառի Ադրբեջանին, որովհետեւ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է, բայց, իհարկե, իրենք էլ իրենց մոտեցումներն ունեն: Թեեւ չպետք է անտեսվի այն, որ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է, եւ չի բացառվում, որ մի օր էլ նույն այդ զենքն օգտագործի Ռուսաստանի դեմ:

-Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ բանակցություններին լավատեսությամբ չի վերաբերում. պատճառը Նալբանդյանի հայտարարություններն են, որոնք, ըստ նրա, թույլ չեն տալիս որեւէ լավատեսական բան քննարկել:

-Դե, Մամեդյարովը չի կարող այլ բան ասել, որովհետեւ դա Ադրբեջան պետության ընդհանուր մոտեցումն է, որը տակավին սխալ է եւ ապակառուցողական, բայց ինչ արած, սա է իրավիճակը: Դա խոսում է նաեւ այն մասին, որ Ադրբեջանն է պատասխանատու նման իրավիճակի համար, եւ այն, որ որեւէ շոշափելի տեղաշարժ չկա, դրա միակ մեղավորը Ադրբեջանն է: Չի կարող մի պետություն ֆաշիզմ քարոզել եւ մտածել, որ այդ ֆաշիստական գաղափարախոսությունն ընդունելի կլինի մի ժողովրդի համար, որի նկատմամբ իրականացվում է այդ ֆաշիզմը:

-Նա նաեւ նշել է, որ հաջորդ ամիս մեկնելու է Մոսկվա, որտեղ մտադիր է ռուսական կողմի հետ քննարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ստատուս քվոն փոխելու հարցը…

-Ստատուս-քվոն փոխելու համար պետք չէ գնալ Ռուսաստան, Ամերիկա, Ֆրանսիա կամ մի այլ երկիր: Ստատուս-քվոյի փոփոխությունը դիտարկել միայն սահմանների կամ ռազմաքաղաքական առումով սխալ է, որովհետեւ ստատուս-քվոն առաջին հերթին պետք է իրենց ուղեղներում փոխվի: Եթե իրենց ուղեղներում չի փոխվել, այսինքն՝ նույն կարծր դիրքորոշումն է, նույն ագրեսիան, նույն ռեվանշիզմը, ապա այն չի կարող փոխվել նաեւ այլ հարթություններում:

-Առաջիկայում սպասվում է Սարգսյան-Ալիեւ հանդիպում: Հերթական այդպիսի հանդիպումից ի՞նչ սպասելիքներ ունեք:

-Մենք ցանկացած նման հանդիպում կարեւորում ենք առաջին հերթին խաղաղության պահպանման տեսանկյունից, այդ հանդիպումները միանշանակ նպաստում են դրան: Բայց խոսել, որ հակամարտության կարգավորման գործընթացում կարող են լինել զարգացումներ, իհարկե, դժվար է, որովհետեւ Ադրբեջանը չի հրաժարվում իր ուղեղում ստատուս-քվոյի փոփոխությունից, իսկ ստատուս-քվոն այդ կարծր, աննորմալ, հնացած ռեվանշիստական գաղափարներն են:

զրուցեց Վահագն Հակոբյանը




Լրահոս