ՖՈՏՈ. «Օսկարն» ու հայկական իրականությունը. մերոնք կարո՞ղ են բեմից ծաղրել կամ քննադատել քաղաքական գործչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Լոս Անջելեսում կայացավ Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը` «Օսկար-2017»-ը, որն այս տարի վարեց ամերիկացի հայտնի հումորիստ Ջիմի Քիմելը: Երգիչ Ջասթին Թիմբերլեյքի այն կանխատեսումը, թե 89-րդ «Օսկար» կինոմրցանակաբաշխությունը պետք է անցներ առանց քաղաքականության, չարդարացավ: Քիմելը մրցանակաբաշխության ժամանակ կատակեց` ասելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վաղուց որեւէ գրառում չի կատարել Twitter-ում: Հաղորդավարը նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց ու առաջինը թվիթ արեց. «Է՛յ, Դոնալդ Թրամփ, Դուք քնած չե՞ք»։

Քիմելը հենց բեմից գրառում արեց Twitter-ի իր միկրոբլոգում` նշելով, որ անհանգստանում է նախագահի համար, քանի որ «Օսկար»-ն արդեն 2 ժամից ավելի շարունակվում էր, սակայն Թրամփի կողմից որեւէ արձագանք չկար: Որոշ ժամանակ անց հաղորդավարը Թրամփին 2-րդ հաղորդագրությունն ուղարկեց` նշելով, որ դերասանուհի Մերիլ Սթրիփը բարեւում է նրան (հիշեցնենք` ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հաստատել էր, որ ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը չեն հետեւելու «Օսկար-2017»-ին): Ակնհայտ էր, որ նման ազդեցիկ մրցանակաբաշխության շրջանակում ներկաները չէին խուսափում ոչ միայն քաղաքական բնույթի մեսիջներից, այլեւ այնպիսի մեկնաբանություններից, որոնք հաճախ ծաղրական բնույթ էին ստանում: Քիմելի խոսքով՝ «Օսկար» ստացողները, որոնք ելույթ են ունենում քաղաքական բնույթի տեքստերով, կարող են սպասել, որ կհիշատակվեն Twitter միկրոբլոգների ցանցում՝ նախագահ Դոնալդ Թրամփի հաղորդագրություններում առավոտյան ժամը 5-ից հետո։ Նա, փաստացի, ակնարկեց վաղ առավոտից իրադարձությունները մեկնաբանելու նախագահի սովորությունը։
«Օսկար»-ի ժամանակ անդրադարձ կատարվեցին նաեւ առավել լուրջ քաղաքական հարցերի: Օրինակ` մեքսիկացի դերասան Գաել Գարսիա Բերնալը քննադատեց ԱՄՆ-ի հետ սահմանին պատ կառուցելու` Դոնալդ Թրամփի պլանը. «Որպես մեքսիկացի, որպես լատինաամերիկացի, որպես ներգաղթյալ աշխատող, որպես մարդ արարած՝ ես դեմ եմ ցանկացած պատի»,-ասաց նա։

Նկատենք, որ ԱՄՆ-ում մշակույթի գործիչները ոչ միայն իրենց ստեղծած արտադրանքի, այլեւ իրենց տրամադրած հարթակներն օգտագործելու միջոցով բարձրացնում են երկրի համար կարեւոր քաղաքական հարցեր: Եթե մի պահ վերադառնանք հայկական իրականություն եւ փորձենք վերհիշել, մեզ մոտ համեմատաբար լայն զանգվածների ներկայությամբ միջոցառումների շրջանակներում արդյոք բարձրացվում են Հայաստանի համար նշանակալի խնդիրներ, կարող ենք արձանագրել, որ ոչ: Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շեշտեց, որ ցանկացած մրցանակաբաշխություն կամ մշակութային այլ խոշոր իրադարձություն մասնակիցներին եւ հատկապես հաղթողներին, լայն զանգվածների առջեւ ելույթի հնարավորություն է տալիս. այսինքն՝ մրցանակ ստանալը նշանակում է նաեւ հարթակ ստանալ.

«Ես չեմ մտաբերում այնպիսի դեպք, որ մեր արվեստագետներից որեւէ մեկը օգտագործած լինի հարթակը` քաղաքական խնդիր բարձրացնելու համար: Գուցե դա պայմանավորված է նրանով, որ մենք փոքր երկրում ենք ապրում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են: Բայց ես նույնիսկ վստահ չեմ, որ մեր արվեստագետների մեջ կան քաղաքական հստակ հայացքներ եւ պատկերացումներ ունեցող անձինք, որոնք դրանք կարտահայտեն նախ իրենց արվեստում, ապա` հայտարարություններում: «Օսկարի» առաջադրված ֆիլմերն այսօրվա իրականության հետ կապ ունեցող գործեր են, իսկ մեր ֆիլմերից քանի՞սն ես արտահայտում, օրինակ, այսօրվա սոցիալական խնդիրները, որոնք ունենք: Մեր ռեժիսորներից շատերն էլ առկա խնդիրների մասին խոսում են առանձին հարցազրույցների ժամանակ, բայց ոչ մասշտաբային միջոցառումների ընթացքում»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:

«Օսկար»-ի ժամանակ, ինչպես արդեն նշեցինք, ականատես եղանք նաեւ քաղաքական գործչի թերությունները կամ ինչ-որ սովորություններ հումորով մատնացույց անելու փորձերի: Իհարկե, դրանք հաջողություն են ունենում հատկապես այն ժամանակ, երբ հասցեատերն օժտված է հումորի զգացումով, հանդուրժող է եւ կարող է հետաքրքիր կերպով արձագանքել: Եթե Օբամայի պարագայում վստահաբար կարելի էր ակնկալել է՛լ ավելի սուր պատասխան, ապա Թրամփի դեպքում դժվար է կանխատեսում անել: Ամեն դեպքում, ԱՄՆ-ի պես երկրում քաղաքական գործիչներին զանգվածային լսարանի առջեւ ծիծաղելի իրավիճակների մեջ դնելը, երբեմն էլ ծաղրելը շատ նորմալ է դիտվում հենց նույն գործիչների կողմից:

Կրկին վերադառնանք հայ իրականություն եւ փորձենք հասկանալ` որքանով են հանդուրժող մեր քաղաքական գործիչները` իրենց անձի շուրջ ստեղծվող հումորների, երբեմն էլ ծաղրի նկատմամբ, եթե, իհարկե, դրանք չեն վիրավորում անձին:

Ծաղրանկարիչ Արզօն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիշեց, որ տարիներ առաջ իր ցուցահանդեսներից մեկին, որտեղ ներկայացված էին հայ քաղաքական գործիչների ծաղրանկարներ, դրանց հերոսներից ոչ մեկը չէր ներկայացել. «Նկարել եմ Սերժ Սարգսյանից սկսած` մինչեւ Սամվել Ալեքսանյան: Իմ ծաղրանկարներում տեղ են գտել Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Հովիկ Աբրահամյանը, Սեյրան Օհանյանը եւ այլք: Իմ քաղաքական երանգապնակում բոլորն էլ տեղ են գտել` իշխանամետից մինչեւ ընդդիմադիր: Հաճախ իմ ծաղրանկարները տպագրվել են լրագրողական հոդվածի հետ, եւ հոդվածների հեղինակներին ծաղրանկարների հերոսները երբեմն հայտնել են իրենց դժգոհությունը… Մեր քաղաքական գործիչները բոլորն էլ ինքնասիրահարված են: Նրանցից ոչ մեկին դուր չի գալիս, երբ ասում են` աչքիդ վերեւում ունք կա: Բոլորը սիրում են, երբ իրենց քծնում են, բոլորն ուզում են ժողովրդի աչքին լավը երեւալ: Չկա լիդեր, որին ուզենաս ուսումնասիրել. բոլորը դրածո են: Քաղաքական գործիչներից շատերն այնքան ինքնահաստատված չեն, որ նույնիսկ ցանկություն ունենաս նրանց անդրադառնալ: Նրանցից շատերի մեջ ես պարզապես չեմ գտնում հետաքրքիր կերպար, շատերը չեն էլ արժանանում մեր ուշադրությանը»,-եզրափակեց նկարիչը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս