Ծեծկռտուք` ՀՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչների միջև. ինչու են ՀՀԿ-ականներն արհամարհում Սերժ Սարգսյանի հորդորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախընտրական կրքերը գնալով թեժանում են, եւ իշխանությունների նյարդերն արդեն տեղի են տալիս:

Արարատի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուներից Մուրադ Մուրադյանի եւ Արայիկ Գրիգորյանի կողմնակիցների ծեծկռտուքի միջադեպը չհարթված, օրերս էլ բախում է տեղի ունեցել Արագածոտնում: Այս անգամ ծեծկռտուքը եղել է իշխանական երկու կուսակցությունների՝ ՀՀԿ եւ ՀՅԴ ներկայացուցիչների միջեւ:

Նախկին ԲՀԿ-ական, այժմ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանն իր կողմնակիցների հետ Փարպիում ծեծի է ենթարկել համագյուղացիներից մեկին այն բանի համար, որ վերջինս հայտարարել է ՀՅԴ-ի օգտին քվեարկելու մասին: Ընդ որում, ծեծկռտուքը տեղի է ունեցել հենց Բ. Առաքելյանի տանը, ուր հրավիրել էին ՀՅԴ կողմնակցին:

Միջադեպի մասին բարձրաձայնել է ՀՅԴ-ն՝ սակայն գաղտնի պահելով տուժածի անունը: Փոխարենը դաշնակցականները խոստանում են անհետեւանք չթողնել կատարվածն ու պատժել Առաքելյանին. ՀՅԴ ԳՄ անդամներից Գեղամ Մանուկյանը հայտարարություն է տարածել՝ միաժամանակ նախազգուշացնելով. «Վիճակը լարված է: Դաշնակցականներն էլ հայտարարում են՝ իրենց ցանկացած համակիր ու կուսակցական ընկեր անպաշտպան չի մնա։ Բազմասերն էլ իր այդքան կարոտած «ծեծ»-ն անպայման կստանա»:

Բազմասեր Առաքելյանի ազգականները, մասնավորապես նրա հորեղբայր Իշխան Առաքելյանը, ով Փարպիի գյուղապետն է, հերքել է կատարվածը: Բայց իզուր. ՀՅԴ-ականները բավական ագրեսիվ են տրամադրված, եւ մեր տեղեկություններով՝ հայտարարել են, որ բոլոր հնարավոր միջոցներով «Բազմասերի քթից բերելու են»: Թե որքանով կհաջողվի, այլ հարց է: ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն սկսել է ուսումնասիրել այս միջադեպի մանրամասները: Թեեւ դժվար է հավատալ, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն. լավագույն դեպքում քրեական գործ կհարուցվի, որն էլ ընտրություններից հետո կկարճեն: Նույն ճակատագիրը սպասվում է նաեւ Մասիսում ՀՀԿ-ական թեկնածուների կողմնակիցների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքում:

Մինչ այդ, նկատենք, որ Բազմասեր Առաքելյանի մասնակցությամբ տեղի ունեցած «հերոսամարտը» հաջորդեց շաբաթ օրը ՀՀԿ-ում կայացած հանդիպմանը: Ինչպես հայտնի է՝ Մասիսում տեղի ունեցած միջադեպից հետո Սերժ Սարգսյանը հանդիպման էր հրավիրել ՀՀԿ ռեյտինգային ընտրացուցակով առաջադրված թեկնածուներին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ սկզբում ելույթ է ունեցել Արմեն Աշոտյանն ու խոսել ընտրարշավն անցկացնելու սկզբունքների մասին: Հետո խոսել է Ս. Սարգսյանը՝ արդեն ՀՀԿ-ականներին հասկանալի լեզվով:

Նա ՀՀԿ-ականներին հրահանգել է զսպվածություն ցուցաբերել, միմյանց չխանգարել, խստորեն պահպանել պայմանավորվածությունները, մասնավորապես, որ «մեկը մյուսի տարածք չմտնի», կարգադրել է զերծ մնալ հատկապես ներկուսակցական բախումներից. «պարզապես ամոթ է» ասել է նա: Սարգսյանը նաեւ հայտարարել է, թե յուրաքանչյուրը թող բերի այնքան ձայն, որքան կարող է: Խիստ հրահանգվել է՝ ինքնագլուխ քայլեր ու հայտարարություններ չանել եւ ցանկացած գործողություն համաձայնեցնել կուսակցական վերնախավի հետ:

Ս. Սարգսյանը նաեւ խոսել է մեկ այլ երեւույթի մասին, երբ ՀՀԿ-ի՝ հատկապես գործարար թեկնածուները իրենց պատկանող ընկերությունների աշխատակիցներին ստիպում են ժամանակավորապես փոխել հաշվառման վայրն ու ընդգրկվել այն ընտրատարածքի ընտրացուցակում, որտեղ իրենք են քվեարկվելու՝ բնականաբար հենց այդ գործարարին ընտրելու նպատակով: Ս. Սարգսյանը կոչ է արել վերջ տալ այդ գործելաոճին՝ ասելով, որ պետք չէ իրարից ամեն գնով ձայն փախցնել, քանի որ դրանք միգուցե եւ ՀՀԿ ուրիշ թեկնածուի ձայներ են:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս հանդիպումից բացի՝ առանձին մի հանդիպում էլ նա ունեցել է Արայիկ Գրիգորյանի եւ Մուրադ Մուրադյանի հետ, որոնց կողմնակիցների միջեւ ծեծկռտուք էր եղել Մասիսում. նրանց էլ Ս. Սարգսյանը կոչ է արել հանդուրժող գտնվել, մոռանալ կատարվածն ու չգնալ իրավիճակի լարման: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այդ հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրել է. «Ընդհանուր կարգապահության մասին է խոսվել, որ նման դեպքերը ընդհանրապես չպետք է լինեն եւ պետք է կանխարգելվեն, այսինքն՝ թիմը պետք է լինի հաշտ, համերաշխ եւ պատասխանատվություն կրի ոչ միայն իր համար, այլ ընդհանուր մթնոլորտի համար, որպեսզի մենք կարողանանք անցկացնել այնպիսի ընտրություններ, որ ընկալելի կլինի»:

Այսքանից հետո, փաստորեն, պետք է արձանագրենք, որ չնայած Սերժ Սարգսյանի հրահանգներին՝ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուները, միեւնույն է, արհամարհում են իրենց իսկ կուսակցության առաջնորդի հորդորները, դեռ ավելին՝ ՀՀԿ-ական թեկնածուն հիմա էլ հարձակվել է իշխանության մաս կազմող ՀՅԴ-ի ներկայացուցիչների վրա: Դատելով իրավիճակից՝ նման միջադեպերը դեռ շարունակություն են ունենալու, եւ եթե անգամ թեկնածուները որոշեն զերծ մնալ բախումներից, միեւնույն է՝ չեն կարողանա ամբողջովին վերահսկել իրենց շտաբների անդամներին (իսկ իշխանական ճամբարի շտաբներում հիմնականում հավաքված է թաղի խուժանը, կրիմինալը):

Հ.Գ. Իսկ մինչ այդ նկատենք, որ Ս. Սարգսյանը երեկ Բրյուսելում՝ ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ, անդրադարձել է առաջիկա ԱԺ ընտրություններին: «Բոլոր քաղաքական ուժերի փոխհամաձայնության արդյունքում ընդունվել է նոր ԸՕ, որն ամրապնդել է բաց, թափանցիկ, ավելի արդար ընտրությունների անցկացման հիմքը: Մեր նպատակն է անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնք էականորեն կբարձրացնեն մեր հասարակության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ»,- ասել է նա: Միայն թե տեղի ունեցած միջադեպերը, որոնք շատերի կարծիքով, այնուամենայնիվ, շարունակություն են ունենալու, վկայում են, որ հազիվ թե իշխանություններին հաջողվի անցկացնել հասարակության վստահությունը բարձրացնող արդար ընտրություններ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս