Ճաշն ու սուրճը՝ քլորով. ինչ է կատարվում Տավուշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչները դժգոհում են, որ իրենց եփած ճաշերից ու սրճից քլոր է բուրում: Մարդիկ ծորակից հոսող ջուրը չեն խմում, այն օգտագործում են միայն տեխնիկական նպատակներով: Ավտոմեքենա ունեցողները Նոյեմբերյան քաղաքի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի աղբյուրներից ջուր են բերում, խմում: Իսկ ավտոմեքենա չունեցող բնակիչները ստիպված օգտագործում են Բերդավան գյուղի խորքային հորից պոմպերով մղված, առատորեն քլորացված ջուրը: Նշենք, որ խորքային հորից մղված ջուրը կրային նստվածք ունի, եփելուց հետո ջրի հատակին կրի մեծ գոյացություն է լինում: Ամռան ամիսներին Նոյեմբերյան քաղաքը ինքնահոս եղանակով խմելու ջուր է ստանում Նոյեմբերյանից 37կմ հեռավորությամբ գտնվող Գիժսարի աղբյուրներից: Ձմռան սեզոնին այդ ջրի ակունքը սառչում է, Նոյեմբերյանին մատակարարվում է Բերդավանի արտեզյան հորի ջուրը:

Մինչեւ 2014թ. Նոյեմբերյանը խմելու ջրի պակաս ուներ, խմելու ջրագծի ներքին ցանցի խիստ մաշվածության հետեւանքով մատակարարված ջրի 80 տոկոսը կորչում էր: 2014-2015 թվականներին Ասիական բանկի 500 միլիոն դրամ ֆինանսավորմամբ սահմանամերձ քաղաքի խմելու ջրագծի ցանցը փոխվեց:

Նոյեմբերյան քաղաքն այժմ 24 ժամ խմելու ջուր է ստանում: Սակայն խմելու ջրի որակը չի փոխվել, բնակիչների մեծ մասը գերադասում է ջրմուղի մատակարարած ջուրը չխմել:

Տեղեկացնենք, որ նախկինում Նոյեմբերյան քաղաքի բնակչությանը խմելու ջուր էր մատակարարում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարումը ստանձնած ֆրանսիական «Սաուր» ընկերությունը: Նշված ընկերությանը փոխարինել է ֆրանսիական «Վիոլա» ընկերությունը: Հավատարմագրային կառավարիչը փոխվել է, սակայն Նոյեմբերյանին մատակարարվող խմելու ջրի որակը չի բարելավվել: Միայն գումարներն են ժամանակին հավաքագրում, սակայն ծառայություն՝ որպես այդպիսին, չի մատուցվում: Հավելենք, որ նույն անորակ ջրից օգտվում են նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչները:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս