ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ է ձգձգվում «Հաց բերողի» ազատ արձակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բավարարել է պատգամավորների` «Հաց բերող» Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու երաշխավորությունը:

Արդեն ավելի քան երկու ժամ է անցել Դատախազության որոշման հրապարակումից, սակայն մինչ այժմ նա շարունակում է մնալ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ներսում:

ArmLur.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ այնտեղ է նաև Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանը, ով դժվարանում է հայտնել` որն է այս ձգձգման պատճառը:

Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից ArmLur.am-ին հայտնեցին, որ չեն կարող ասել` երբ Ա. Սարգսյանն ազատ կարձակվի:

Ի դեպ, քիչ առաջ ԴՀ շտապօգնություն կանչվեց: Չի բացառվում, որ կանչը Արթուր Սարգսյանի համար լինի:

Հիշեցնենք` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը և հարակից տարածքը զավթելու, պահելու դեպքերի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց կիրառելու խնդրանքով Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին են դիմել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց երկիր», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Ժառանգություն» խմբակցությունների և խմբակցություններում ու պատգամավորական խմբերում չընդգրկված 27 պատգամավորներ:

«Գլխավոր դատախազի հրավերով ս.թ. մարտի 6-ին հանդիպում է տեղի ունեցել պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի, Միքայել Մանուկյանի, Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում պատգամավորներին ներկայացվել է Ա. Սարգսյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմքերը, պարզաբանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 145 և 147-րդ հոդվածներով նախատեսված՝ անձնական երաշխավորություն խափանման միջոցի կիրառման կարգը, երաշխավորողների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև վերջիններս նախազգուշացվել են երաշխավորողի պատասխանատվության մասին և առաջարկվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հանդիպել Ա. Սարգսյանին՝ գործի քննության ընթացքում վերջինիս պատշաճ վարքագիծը, այլ դատավարական պարտականությունները կատարելու և քրեական օրենքով արգելված նոր արարք կատարելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ հավաստիանալու համար, որից հետո հաստատել իրենց խնդրանքը կամ հրաժարվել դրանից», – ասված է Հայաստանի գլխավոր դատախազության հաղորդագրությունում:

Հանդիպման արդյունքում պատգամավորներն ընդունել են առաջարկը և մեկնել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ որպես «Հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանին հանդիպելու նպատակով:




Լրահոս