Գումար էին տվել` իրենց զավակներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար. քրեական գործը վարույթ է ընդունվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարույթ է ընդունվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու նպատակով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ է ընդունվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ տարկետումներ ստանալու նպատակով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
Նախնական տվյալներով՝ մի շարք անձինք, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարիքի հասած իրենց զավակներին ծառայությունից ապօրինի ազատելու կամ տարեկետումներ ստանալու նպատակով, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2016թ. հոկտեմբերից մինչև 2017թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում Երևանի երկու բնակչի տրամադրել են առանձնապես խոշոր չափերի գումարներ, որի դիմաց վերջիններս համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով իրականացրել են պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կամ տարկետումներ ստանալու հարցերը:

Դեպքի առթիվ ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում 2017թ. փետրվարի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունը մարտի 1-ից շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում:

Ստեղծվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության և ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչները։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա երկու անձի մեղադրանք է առաջադրվել և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
ՔԿ և ԱԱԾ քննչիների կողմից իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին




Լրահոս