«ՕՍԿԱՐԸ», ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Լոս Անջելեսում կայացավ Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը` «Օսկար-2017»-ը, որն այս տարի վարեց ամերիկացի հայտնի հումորիստ Ջիմի Քիմելը: Երգիչ Ջասթին Թիմբերլեյքի այն կանխատեսումը, թե 89-րդ «Օսկար» կինոմրցանակաբաշխությունը պետք է անցներ առանց քաղաքականության, չարդարացավ:

Քիմելը մրցանակաբաշխության ժամանակ կատակեց` ասելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վաղուց որեւէ գրառում չի կատարել Twitter-ում: Հաղորդավարը նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց ու առաջինը թվիթ արեց. «Է՛յ, Դոնալդ Թրամփ, Դուք քնած չե՞ք»։ Քիմելը հենց բեմից գրառում արեց Twitter-ի իր միկրոբլոգում` նշելով, որ անհանգստանում է նախագահի համար, քանի որ «Օսկար»-ն արդեն 2 ժամից ավելի շարունակվում էր, սակայն Թրամփի կողմից որեւէ արձագանք չկար: Որոշ ժամանակ անց հաղորդավարը Թրամփին 2-րդ հաղորդագրությունն ուղարկեց` նշելով, որ դերասանուհի Մերիլ Սթրիփը բարեւում է նրան (հիշեցնենք` ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հաստատել էր, որ ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը չեն հետեւելու «Օսկար-2017»-ին): Ակնհայտ էր, որ նման ազդեցիկ մրցանակաբաշխության շրջանակում ներկաները չէին խուսափում ոչ միայն քաղաքական բնույթի մեսիջներից, այլեւ այնպիսի մեկնաբանություններից, որոնք հաճախ ծաղրական բնույթ էին ստանում: Քիմելի խոսքով՝ «Օսկար» ստացողները, որոնք ելույթ են ունենում քաղաքական բնույթի տեքստերով, կարող են սպասել, որ կհիշատակվեն Twitter միկրոբլոգների ցանցում՝ նախագահ Դոնալդ Թրամփի հաղորդագրություններում առավոտյան ժամը 5-ից հետո։ Նա, փաստացի, ակնարկեց վաղ առավոտից իրադարձությունները մեկնաբանելու նախագահի սովորությունը։
«Օսկար»-ի ժամանակ անդրադարձ կատարվեցին նաեւ առավել լուրջ քաղաքական հարցերի: Օրինակ` մեքսիկացի դերասան Գաել Գարսիա Բերնալը քննադատեց ԱՄՆ-ի հետ սահմանին պատ կառուցելու` Դոնալդ Թրամփի պլանը. «Որպես մեքսիկացի, որպես լատինաամերիկացի, որպես ներգաղթյալ աշխատող, որպես մարդ արարած՝ ես դեմ եմ ցանկացած պատի»,-ասաց նա։
Նկատենք, որ ԱՄՆ-ում մշակույթի գործիչները ոչ միայն իրենց ստեղծած արտադրանքի, այլեւ իրենց տրամադրած հարթակներն օգտագործելու միջոցով բարձրացնում են երկրի համար կարեւոր քաղաքական հարցեր: Եթե մի պահ վերադառնանք հայկական իրականություն եւ փորձենք վերհիշել, մեզ մոտ համեմատաբար լայն զանգվածների ներկայությամբ միջոցառումների շրջանակներում արդյոք բարձրացվում են Հայաստանի համար նշանակալի խնդիրներ, կարող ենք արձանագրել, որ ոչ: Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շեշտեց, որ ցանկացած մրցանակաբաշխություն կամ մշակութային այլ խոշոր իրադարձություն մասնակիցներին եւ հատկապես հաղթողներին, լայն զանգվածների առջեւ ելույթի հնարավորություն է տալիս. այսինքն՝ մրցանակ ստանալը նշանակում է նաեւ հարթակ ստանալ. «Ես չեմ մտաբերում այնպիսի դեպք, որ մեր արվեստագետներից որեւէ մեկը օգտագործած լինի հարթակը` քաղաքական խնդիր բարձրացնելու համար: Գուցե դա պայմանավորված է նրանով, որ մենք փոքր երկրում ենք ապրում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են: Բայց ես նույնիսկ վստահ չեմ, որ մեր արվեստագետների մեջ կան քաղաքական հստակ հայացքներ եւ պատկերացումներ ունեցող անձինք, որոնք դրանք կարտահայտեն նախ իրենց արվեստում, ապա` հայտարարություններում: «Օսկարի» առաջադրված ֆիլմերն այսօրվա իրականության հետ կապ ունեցող գործեր են, իսկ մեր ֆիլմերից քանի՞սն ես արտահայտում, օրինակ, այսօրվա սոցիալական խնդիրները, որոնք ունենք: Մեր ռեժիսորներից շատերն էլ առկա խնդիրների մասին խոսում են առանձին հարցազրույցների ժամանակ, բայց ոչ մասշտաբային միջոցառումների ընթացքում»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:
«Օսկար»-ի ժամանակ, ինչպես արդեն նշեցինք, ականատես եղանք նաեւ քաղաքական գործչի թերությունները կամ ինչ-որ սովորություններ հումորով մատնացույց անելու փորձերի: Իհարկե, դրանք հաջողություն են ունենում հատկապես այն ժամանակ, երբ հասցեատերն օժտված է հումորի զգացումով, հանդուրժող է եւ կարող է հետաքրքիր կերպով արձագանքել: Եթե Օբամայի պարագայում վստահաբար կարելի էր ակնկալել է՛լ ավելի սուր պատասխան, ապա Թրամփի դեպքում դժվար է կանխատեսում անել: Ամեն դեպքում, ԱՄՆ-ի պես երկրում քաղաքական գործիչներին զանգվածային լսարանի առջեւ ծիծաղելի իրավիճակների մեջ դնելը, երբեմն էլ ծաղրելը շատ նորմալ է դիտվում հենց նույն գործիչների կողմից:
Կրկին վերադառնանք հայ իրականություն եւ փորձենք հասկանալ` որքանով են հանդուրժող մեր քաղաքական գործիչները իրենց անձի շուրջ ստեղծվող հումորների, երբեմն էլ ծաղրի նկատմամբ, եթե, իհարկե, դրանք չեն վիրավորում անձին: Ծաղրանկարիչ Արզօն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիշեց, որ տարիներ առաջ իր ցուցահանդեսներից մեկին, որտեղ ներկայացված էին հայ քաղաքական գործիչների ծաղրանկարներ, դրանց հերոսներից ոչ մեկը չէր ներկայացել. «Նկարել եմ Սերժ Սարգսյանից սկսած` մինչեւ Սամվել Ալեքսանյան: Իմ ծաղրանկարներում տեղ են գտել Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Հովիկ Աբրահամյանը, Սեյրան Օհանյանը եւ այլք: Իմ քաղաքական երանգապնակում բոլորն էլ տեղ են գտել` իշխանամետից մինչեւ ընդդիմադիր: Հաճախ իմ ծաղրանկարները տպագրվել են լրագրողական հոդվածի հետ, եւ հոդվածների հեղինակներին ծաղրանկարների հերոսները երբեմն հայտնել են իրենց դժգոհությունը… Մեր քաղաքական գործիչները բոլորն էլ ինքնասիրահարված են: Նրանցից ոչ մեկին դուր չի գալիս, երբ ասում են` աչքիդ վերեւում ունք կա: Բոլորը սիրում են, երբ իրենց քծնում են, բոլորն ուզում են ժողովրդի աչքին լավը երեւալ: Չկա լիդեր, որին ուզենաս ուսումնասիրել. բոլորը դրածո են: Քաղաքական գործիչներից շատերն այնքան ինքնահաստատված չեն, որ նույնիսկ ցանկություն ունենաս նրանց անդրադառնալ: Նրանցից շատերի մեջ ես պարզապես չեմ գտնում հետաքրքիր կերպար, շատերը չեն էլ արժանանում մեր ուշադրությանը»,-եզրափակեց նկարիչը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 
ԱՌԱՋՆԱԽԱՂԸ` ՇՈՒՏՈՎ
Մարտի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի առաջնախաղը: Բեմադրության հեղինակը թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանն է, բեմադրության եւ զգեստների նկարիչը` Ավետիս Բարսեղյանը: Ներկայացման բեմադրող դիրիժորն է Հարություն Արզումանյանը: Գլխավոր դերերում հանդես կգան Ռուբեն Մուրադյանը, Մերի Հովհաննիսյանը, Մարիա Դիվանյանը եւ այլք:
Նշենք, որ 1941-ին Արամ Խաչատրյանը ռուսական դասական երաժշտության ավանդույթներով գրել է երաժշտություն` Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի (Մոսկվայի Եվգենի Վախթանգովի անվան թատրոն), իսկ 1954 թվականին Բ. Լավրենյովի «Լերմոնտով» դրամայի (Մոսկվայի Մ. Գորկու անվան թատրոն) բեմադրությունների համար: 1982 թվականին կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը այդ երկու դրամաների երաժշտության հիման վրա ստեղծել է «Դիմակահանդես» բալետը, որը բեմադրվել է Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնում, այնուհետեւ` Օդեսայի օպերայի եւ բալետի թատրոնում:

 

 

ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Կարաչենցովը Մերձմոսկովյան շրջանում ավտովթարի է ենթարկվել, ապա հոսպիտալացվել: Այս մասին հաղորդում է tass.ru-ն:
Դերասանը` որպես ուղեւոր, գտնվել է «Տոյոտա» մակնիշի մեքենայում, որին բախվել է բեռնատար «Գազել»-ը: Բժիշկների փոխանցմամբ` նրա առողջությանը որեւէ վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ 2005-ի փետրվարի 28-ին Կարաչենցովը կրկին ավտովթարի էր ենթարկվել` ստանալով գանգուղեղային լուրջ վնասվածք: Համապատասխան վիրահատությունից հետո դերասանը կոմայում էր մնացել 27 օր:

 

 

ՊՐՈԴՅՈՒՍԵՐ` 15 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ
Անջելինա Ջոլիի 15-ամյա որդին` Մեդոկս Ջոլի-Փիթը, դարձել է մոր կողմից նկարահանված ֆիլմի պրոդյուսերը։ Ջոլին հայտնել է, որ հենց Մեդոկսն է իրեն համոզել զբաղվել այդ նախագծով։ 1 տարի առաջ Մեդոկսը Ջոլիին ցույց է տվել «Սկզբում նրանք սպանեցին իմ հորը. Կամբոջայի դստեր հուշերը» գիրքը, որի հիման վրա ֆիլմի պրեմիերան վերջերս տեղի ունեցավ Կամբոջայում։
«Նա կարդում էր սցենարը, մասնակցում էր աշխատանքային քննարկումներին»,-ասել է դերասանուհին։
Նշենք, որ Մեդոկսը ծնվել է Կամբոջայում, 2001-ին։ 8 ամիս անց Ջոլին նրան որդեգրել ու տեղափոխել է ԱՄՆ։

 

 

ՆՈՐ ՍԻՐԱՎԵՊ
Դերասաններ Ռունի Մառան եւ Խոակին Ֆենիքսը հանդիպում են։ Նրանք նկարահանվում են «Մարիա Մագդաղենացի» ֆիլմում, որտեղ Ռունին խաղում է Մարիայի, իսկ Խոակինը` Հիսուս Քրիստոսի դերը։ Արեւմտյան լրատվամիջոցները գրում են, որ աստղերի հարաբերությունները մեծ արագությամբ են զարգանում: Նրանց հաճախ են միասին տեսնում, հատկապես Իտալիայում, որտեղ դերասանները նկարահանվում են: Զույգը հասցրել է նույնիսկ մեկնել հանգստի:
Նշենք, որ աստղերը ծանոթացել են «Նա» ֆիլմի նկարահանումների ժամանակ, մի քանի տարի առաջ:
 

 

ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ UNESCO-ԻՆ
Թուրքիայի ճարտարապետների պալատի Դիարբեքիրի գրասենյակը կոչ է արել UNESCO-ին արձագանքել Դիարբեքիրի պատմական Սուր շրջանում տեղի ունեցող «մշակութային ջարդին»: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը: Գրասենյակի անդամները դատապարտել են UNESCO-ի անտարբերությունը` Սուրում թուրք-քրդական բախումների ընթացքում տարբեր ոտնձգությունների ենթարկվող պատմական կառույցների վիճակի հետ կապված: Նշենք, որ Սուրում է գտնվում նաեւ հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին: Հիշեցնենք, որ Սուրում թուրքական հատուկ ուժերի գործողությունները սկսվել էին 2015-ին եւ ավարտվել 2016-ին: Դրանց հետեւանքով ավերածության է ենթարկվել շրջանի շուրջ 29.000 թաղամաս:




Լրահոս