ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախընտրական իրավիճակն արդեն դուրս է գալիս վերահսկողությունից: Կրկին Արարատի մարզում եւ կրկին ՀՀԿ-ական թեկնածու Մուրադ Մուրադյանի կողմնակիցների մասնակցությամբ երեկ հերթական միջադեպն է գրանցվել: ArmLur.am-ը տեղեկացրեց, որ այս անգամ դեպքը տեղի է ունեցել Սայաթ-Նովա գյուղում. Մուրադյանի կողմնակիցներից Արթուր Հայրապետյանը նախօրեին վիճաբանել է իր համագյուղացու՝ «Ծառուկյան» դաշինքի աջակից Աբրահամ Ադամյանի հետ: Երեկ նրանք կրկին հանդիպել են՝ խոսելու համար, բայց խոսակցությունն ավարտվել է դանակահարությամբ: ՀՀԿ-ականը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել «Ծառուկյան» դաշինքի կողմնակցին. Ադամյանին երեկ ծանր վնասվածքներով հասցրել են Երեւան, որտեղ եւ վիրահատել են:
Նկատենք, որ սա արդեն նախընտրական չորրորդ միջադեպն է, եւ բոլոր միջադեպերի կիզակետում ՀՀԿ-ի ներկայացուցիչներն են: Բայց ուշագրավը մեկ այլ փաստ է. նախորդ շաբաթ Մասիսում ծեծկռտուք էր եղել նույն Մուրադ Մուրադյանի եւ ՀՀԿ թեկնածուներից Արայիկ Գրիգորյանի համակիրների միջեւ, որից հետո Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում հանդիպել էր ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հետ ու հրահանգել զերծ մնալ բախումներից: Սարգսյանը Մուրադյանի եւ Գրիգորյանի հետ նաեւ առանձնազրույց էր ունեցել: Բայց այդ հանդիպման հաջորդ օրվանից ՀՀԿ-ականները կրկին սկսեցին խախտել հրահանգը. ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Բազմասեր Առաքելյանը ծեծի էր ենթարկել իր համագյուղացիներից մեկին՝ ՀՅԴ-ի օգտին աշխատելու համար: Մեկ օր անց էլ կոշտ խոսակցություն էր եղել ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Արագած Ախոյանի եւ «Ծառուկյան» դաշինքից նախկին հանրապետական Խաչիկ Մանուկյանի միջեւ: Եւ վերջապես՝ չորրորդ միջադեպն էլ սա էր՝ Սայաթ-Նովա գյուղում դանակահարությունը: Այսքանից հետո մեկ եզրակացություն. Սերժ Սարգսյանի խոսքը չի հարգվում կուսակցության ներսում:

 

 
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում երեկ սկանդալային հայտարարություն է արել: Նրա խոսքերով՝ ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել: Պարզվում է՝ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում եւ շուկայում այդպես անորակ վառելիք վաճառում: «Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում այդ պատճառով»,- ասել է վարչապետը: Տեղի ունեցածն այլ կերպ, քան դավաճանություն, դժվար է որակել: Քանի որ հենց այդ խարդախության պատճառով ռազմական տեխնիկան չի աշխատել, եւ մենք ունեցանք 100 զոհ: Ու հիմա բնականաբար հարց է առաջանում՝ ինչո՞ւ մինչեւ այսօր այդ դեպքերի վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել, եւ, ընդհանրապես, ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար: Համենայն դեպս, երկրի գլխավոր-գերագույն հրամանատարը դեռ Սերժ Սարգսյանն է, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ընդդիմություն է խաղում, իսկ գործող նախարարը` Վիգեն Սարգսյանը, անձնական PR-ով զբաղվում:

 

 

 
Շաբաթ օրը Հանրապետական կուսակցությունում ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը բավական խիստ ելույթ է ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձավ հանդիպումից. նա հատկապես գործարար ՀՀԿ-ականներին կարգադրել է վերջ տալ աշխատակիցների գրանցման վայրը ժամանակավորապես փոխելու գործընթացին: Ս. Սարգսյանն ասել է, թե ամոթ է, երբ 5-6 հարյուր ձայնի համար նման կռիվ են անում՝ միաժամանակ ստվերելով ընտրությունների գործընթացը: «Էդ ձայնը պիտի ձեր կուսակցական ընկերոջը տաք, որ հիմա իրար կողքի նստած եք, ոչ թե գրանցումներ անեք: Մենք պետք է անբիծ ընտրություններ անցկացնենք, այլ տարբերակ չունենք»,- ասել է Սերժ Սարգսյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդեն իսկ ուժային կառույցներին հրահանգվել է՝ բացի հանձնաժողովի անդամներից ու վստահված անձանցից, որեւէ մեկի հասցեն չփոխել եւ հնարավորություն չտալ գրանցման հասցեից դուրս քվեարկության մասնակցել:

 

 
Հայաստանում շինարարության ծավալները շարունակում են կտրուկ տեմպերով նվազել: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները նվազել են 5.3 տոկոսով: Սրան զուգահեռ Հայաստանում գնալով նվազում է ցեմենտի արտադրությունը, որ այս ընթացքում գրեթե կանգ է առել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արդեն մի քանի ամիս է՝ Հրազդանի ցեմենտի գործարանը չի աշխատում: «Երկրում շինարարություն չի կատարվում: Պահանջարկ չկա, ցեմենտ չի վաճառվում: Հուսով ենք՝ եղանակային պայմանները բարելավելուց կամ խորհրդարանական ընտրություններից հետո դրական տեղաշարժ լինի»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է «Արարատցեմենտ» ընկերության գլխավոր տնօրեն Մանուկ Առաքելյանը:

 

 

 
ԱՆՆԱԽԱՁԵՌՆՈՂ
Հատկապես արցախա-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության ֆոնին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դեսպանների երեկվա այցելությունը Ստեփանակերտ բավականին ուշագրավ էր: Այս փուլում, երբ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները հայտարարում են, թե ռազմական գործողությունների վերսկսումից խուսափելու միակ ձեւը բանակցությեւնների վերականգնումն է, իսկ Ադրբեջանն էլ, փաստորեն, չի ցանկանում կատարել դրա համար անգամ նվազագույն քայլերը՝ իրականացնելով Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, ակնհայտ է, որ կարիք կա հայկական դիվանագիտական ողջ ներուժի մոբիլիզացիայի:
Եվ այս առումով ակնկալվում էր, որ բացի միմյանց հասցեին հաճոյախոսություններ շռայլելուց եւ միմյանց կատարած աշխատանքը գովաբանելուց՝ Բակո Սահակյանն ու Էդվարդ Նալբանդյանը հանդես կգային առավել առարկայական հայտարարություններով եւ նոր նախաձեռնություններով: Իսկ որ մեր դիվանագիտությունը այսօր առավել քան երբեւէ պետք է լինի նախաձեռնողական, ադրբեջանական քարոզչությանը սեփական օրակարգը պարտադրող, այլ ոչ թե նրանց կատարած քայլերի հետեւից վազող, ակնհայտ է բոլորի համար: Մինչդեռ մենք վերստին լսում ենք ՀՀ ԱԳ նախարարի ինքնագոհ հայտարարություններն առ այն, որ «Բաքուն բանակցություններում տանուլ է տալիս», որ «միջնորդներն այսօր առավել քան երբեւէ կիսում են հայկական կողմի մոտեցումները», բայց դրան զուգահեռ, չգիտես ինչու, էլի ու էլի ունենում ենք նոր զոհեր, ադրբեջանական նոր դիվերսիոն փորձեր եւ այդ ամենին ի պատասխան՝ այդ նույն միջնորդների գերկրավորական հայտարարություններ:
Եվ ուրեմն ակնհայտ է, որ նմանօրինակ դիվանագիտությունը սպառել է իրեն: Իսկ երբ դիվանագիտությունը ձախողվում է, հայտնի է՝ սկսում են գործել հրանոթները: Եվ այս առումով հատկանշական էր Բակո Սահակյանի՝ ռուսական «Գազետա. Ռու»-ին տված հարցազրույցում արած հայտարարությունը, թե. «Բաքվի ագրեսիվ եւ ապակառուցողական քաղաքականության շնորհիվ ուժը, ցավոք, մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման առավել արդյունավետ մեխանիզմ է դարձել»: Այստեղ պետք էր ավելացնել, որ դա տեղի է ունեցել նաեւ ՀՀ իշխանությունների ապաշնորհ քաղաքականության, իսկ երբեմն էլ ուղղակի անգործության շնորհիվ:
Ինչ վերաբերում է տարածաշրջանում կայունության ապահովման մեխանիզմներին, ապա Բակո Սահակյանը, վերջին ամսվա ընթացքում արդեն որերորդ բարձրաստիճան հայ պաշտոնյան լինելով, մատնանշում է «Իսկանդեր» համակարգը: Եթե անցած սեպտեմբերին ասվում էր, որ ՀՀ զինուժն «Իսկանդերն» ուներ դեռ ապրիլյան պատերազմից առաջ, սակայն Հայաստանում չէին շտապում ««Իսկանդերով» վախեցնել» թշնամուն, ապա հիմա ՀՀ թե՛ պաշտպանության նախարարը, թե՛ ԱԳՆ ղեկավարը եւ թե՛ Բակո Սահակյանն արդեն ուղղակիորեն այդ խաղաքարտն են գործարկում: Դա, իհարկե, լավ խաղաքարտ է, միայն թե ափսոս այս պահին այն միակն է ու կարծես վերջինը:




Լրահոս