ԴԱՄՈԿԼՅԱՆ ՍՈՒՐ` ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳԼԽԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ Սահմանադրությամբ Հաշվեքննիչ պալատը (ներկայիս Վերահսկիչ պալատը) համարվում է անկախ մարմին, սակայն ԱԺ ՀՀԿ-ական մի խումբ պատգամավորների ջանքերով փորձ է արվում ՀՊ անդամներին իշխանություններից կախվածության մեջ գցել: Դա է հուշում Հաշվեքննիչ պալատի մասին օրենքի նախագիծը, որտեղ ամրագրված է ՀՊ անդամների կողմից հրապարակային ելույթներում քաղաքական զսպվածություն պահպանելու պահանջը:

Եւ այսպես` Հաշվեքննիչ պալատի մասին օրենքի նախագծի 13-րդ հոդվածում սահմանված է քաղաքական չեզոքության սկզբունքը: «Հաշվեքննիչ պալատի անդամը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ:
Հաշվեքննիչ պալատը քաղաքական իրադարձություններին եւ նպատակներին գնահատական չի տալիս: Հաշվեքննիչ պալատն իր կողմից բացահայտված անհամապատասխանությունների եւ խեղաթյուրումների վերաբերյալ իրավական գնահատական չի տալիս եւ դրանց հետեւանքների վերաբերյալ կանխատեսումներ չի անում:
Հաշվեքննիչ պալատի անդամը հրապարակային ելույթներում ցուցաբերում է քաղաքական զսպվածություն»,- նշված է նախագծում:
Իսկ այդ քաղաքական չեզոքությունը խախտելու դեպքում օրինագիծը նախատեսել է, որ կարող են դադարեցվել Հաշվեքննիչ պալատի անդամների լիազորությունները: Նախագծի 17-րդ հոդվածի 6-րդ մասում ասված է. «Հաշվեքննիչ պալատի անդամի, այդ թվում նախագահի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված անհամատեղելիության պահանջի խախտման, ինչպես նաեւ հաշվեքննիչ պալատի անդամի որեւէ կուսակցության անդամ լինելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու եւ հրապարակային ելույթներում քաղաքական զսպվածություն չպահպանելու դեպքում»:
Ուշադրություն դարձրեք «հրապարակային ելույթներում քաղաքական զսպվածություն պահպանելու» օրենսդրական պահանջին, որն իր մեջ մեծ վտանգներ է պահպանում: Ի՞նչ է նշանակում քաղաքական զսպվածություն, որո՞նք են քաղաքական զսպվածության սահմանները, ո՞ր դեպքում կարելի է համարել, որ քաղաքական զսպվածությունը պահպանվել է, որ դեպքում` ոչ. այս հարցերի պատասխանները չկան Հաշվեքննիչ պալատի մասին օրենքում: Իսկ դա լավ հնարավորություն է, որպեսզի «քաղաքական զսպվածություն» հասկացությունը յուրաքանչյուրը մեկնաբանի յուրովի, եւ ցանկության դեպքում ՀՊ անդամի արտահայտությունները կարող են համարվել քաղաքական զսպվածության խախտում: Արդյունքում` Հաշվեքննիչ պալատի անդամների գլխին դամոկլյան սրի նման կարող է կախված լինել պաշտոնանկության վտանգը հայտնի պատճառաբանությամբ: Ու այս իրավիճակում խոսել ՀՊ անկախ մարմին լինելու մասին, համաձայնեք, սխալ է:
Էլ չենք ասում այն մասին, որ օրենքի պահանջը, թե Հաշվեքննիչ պալատն իր կողմից բացահայտված անհամապատասխանությունների եւ խեղաթյուրումների վերաբերյալ իրավական գնահատական չի տալիս, անհարմար դրության մեջ է դնում ՀՊ անդամներին: Թե այդ դեպքում ինչպե՞ս պետք է կազմվեն ՀՊ հաշվետվությունները, մեղմ ասած, անհասկանալի է, քանի որ «անարդյունավետ ծախս», «ոչ նպատակային ծախս», «պակասորդ», էլ չենք ասում` «յուրացումներ», «վատնումներ» եւ այլ արտահայտություններ կարելի է համարել օրինախախտում, ՀՊ-ի կողմից քաղաքական չեզոքությունն ու զսպվածությունն անցնելու փորձ:
Այս օրինագծում նման դրույթները հենց այնպես չեն հայտնվել. շատերը կհիշեն 2013թ., սկանդալը. ԱԺ-ում ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց իրենց տարեկան հաշվետվությունը` խոսելով պետական միջոցների «համատարած թալանի» եւ նման այլ բացասական երեւույթների մասին, որին հետեւեց այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի պատասխանը: Նա ՎՊ նախագահին մեղադրեց քաղաքական գնահատականներ տալու մեջ: Ավելի ուշ Սերժ Սարգսյանն իր մոտ խորհրդակցության էր հրավիրել պետական կառույցների ղեկավարներին ու Իշխան Զաքարյանին նախատել՝ ասելով, թե որեւէ մեկը չի ակնկալում լսել նրա կարծիքը:
Եւ այս տեսքով նախագիծ ներկայացնելու պատճառը շատերը կապում են 2013թ. հայտնի իրադարձությունների հետ: Միայն թե Իշխան Զաքարյանն այլեւս ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը չէ, այլ այդ պաշտոնում նախօրեին ընտրվեց Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերներից Լեւոն Յոլյանը. շուտով նա պաշտոնավարելու է որպես Հաշվեքննիչ պալատի նախագահ` աշխատելով «քաղաքական զսպվածության» դամոկլյան սրի տակ: Միայն թե, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեւոն Յոլյանը նախկին ընտրություններում մշտապես եղել է Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի նախընտրական շտաբների «գորշ կարդինալը», հետաքրքիր է` ինչպե՞ս է նա պահելու «քաղաքական զսպվածություն», թե՞ ՀՀԿ-ի օգտին արտահայտվելն իշխանությունների համար քաղաքական զսպվածություն պահպանելու ամենավառ օրինակն է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 
ԶԱՐՄՈՒՀԻՆ ԷԼ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ
Լոռիում ՀՀԿ ռեյտինգային ցուցակում առաջադրվածների թվում է նաեւ Լուսինե Մեջլումյանը՝ Ալավերդիում գործող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրենը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 37-ամյա Լուսինե Մեջլումյանը «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի զարմուհին է: Դեռեւս 2001 թվականին «Վալլեքս» ՓԲԸ-ն մրցութային կարգով ստացել է 25 տարով Թեղուտի հանքավայրի շահագործման արտոնագիր: Իր աշխատանքային գործունեությունը երիտասարդ տնօրենը սկսել է 2015 թվականից հորեղբոր ղեկավարած ընկերություններում, ապա 2015 թվականին նշանակվել «Արմենիան Քափըր Փրոգրամ» կամ «Էյ-Սի-Փի» ՓԲԸ-ի տնօրեն: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ընկերությունն ունի շուրջ 650 աշխատակից: Չի բացառվում, որ հենց այս ռեսուրսն օգտագործելու համար էլ ՀՀԿ-ականները որոշել են իրենց ռեյտինգային ցուցակում ներառել նաեւ Լուսինե Մեջլումյանին, որպեսզի կուսակցության օգտին հնարավորինս շատ ձայներ ապահովեն:

 

 

ՉԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, բայց արդեն սնանկ ճանաչված «Աշտարակ կաթ» ընկերությունում այժմ գույքագրման գործընթաց է: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանից: Սակայն ընկերության սեփականատեր Աշոտ Ափոյանը չի համագործակցում սնանկության գործերով կառավարչի հետ, չի մասնակցում գույքագրման աշխատանքներին: Կարճ ասած՝ իրեն պասիվ է պահում: Սնանկության գործով կառավարչի օգնական Արտակի խոսքերով՝ Ափոյանը իր լիազոր ներկայացուցչի միջոցով իրենց հետ իր չհամագործակցելը պայմանավորել է վատառողջ լինելու հետ: Մինչդեռ Ափոյանի նման քայլերի արդյունքում տուժում է ընկերությունը, քանի որ «Ադրա Ռեմարա» ընկերությունը պատրաստակամ է ներդրում անել եւ ներկայացնել ընկերությանը առողջացնելու վերաբերյալ ծրագիր, բայց այս գործընթացը Ափոյանի չմասնակցելու պատճառով ձգձգվում է: Ավելին՝ սնանկության գործով կառավարիչը Ափոյանի «պասիվության» պատճառները պարզելու նպատակով դիմել է պետական եկամուտների կոմիտե: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ափոյանը սնանկության վերաբերյալ վճիռը բողոքարկելու նպատակով իր հերթին դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան: Նշենք, որ կաթնամթերքի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունը սնանկ էր ճանաչվել անցած տարվա դեկտեմբերի 19-ին: Պատճառը կուտակած ե՛ւ անձնական, ե՛ւ գործնական պարտքերն են: Ի դեպ, ընկերության պարտատերերի առաջին ժողովը հետաձգվել է եւ տեղի կունենա մարտի 3-ին:

 

 
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐՍԿՍԵԼ
Արցախյան հակամարտության գոտում վերջին դեպքերը ապացուցեցին կողմերի միջեւ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը: Այս մասին Trend-ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը: Դիվանագետը նշել է, որ համանախագահների՝ փետրվարի 25-ի հայտարարության մեջ եւս մեկ անգամ հնչեցվում է հրադադարի ռեժիմը պահպանելու կոչը: «Փետրվարի 25-ի հայտարարության մեջ ես եւ իմ գործընկերները եւս մեկ անգամ կոչ էինք արել պահպանել հրադադարի ռեժիմն ու ուժ չգործադրելու պարտավորությունները»,-ասել է Հոգլանդը:
 

ԴԵՍՊԱՆՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՈՒՄ
Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 1-ին ընդունել է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Անդրադարձ է կատարվել երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին: Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ նման այցելությունները դարձել են ավանդական եւ կրում են պարբերական բնույթ՝ կարեւորելով դրանց նշանակությունը ԼՂՀ եւ ՀՀ արտաքին քաղաքական ոլորտում փոխգործակցության խորացման տեսանկյունից: Հանդիպման ընթացքում նախագահ Սահակյանը Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ԱԳՆ համակարգի մի խումբ դիվանագետների պարգեւատրել է ԼՂՀ պետական պարգեւներով:

 

 

ԿԱՍՊՐՇԻԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Շփման գծի չեզոք գոտուց ադրբեջանցի զինծառայողների դիակների դուրսբերման առնչությամբ հայտարարությամբ հանդես է եկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը: «Կողմերի խնդրանքով փետրվարի 27-ին` երկուշաբթի, խիտ ականապատ չեզոք գոտուց ադրբեջանցի զինծառայողների մարմինների դուրսբերման հումանիտար գործողություն է իրականացվել` իմ անձնակազմի ամբողջական մոբիլիզացմամբ: Կցանկանայի ընդգծել, որ իմ գրասենյակը շարունակական աջակցություն է ստացել տեղական հրամանատարների, ինչպես նաեւ ռազմական ղեկավարության կողմից եւ գործողությունը հաջողությամբ իրականացվել է «ցերեկը»:

 

 

ՏԱՆՈՒԼ ԵՆ ՏԱԼԻ՞Ս
«Այն, ինչ որ մենք լսեցինք Արցախի նախագահից, շատ ոգեւորիչ էր, բովանդակալից: Արցախ այցելելը մեր դիվանագետների համար միշտ կարեւոր է այն իմաստով, որ դա հրամայական է մեր աշխատանքի ու գործունեության համար»,- ասել է ՀՀ ԱԳՆ համակարգի դիվանագետների հետ Արցախ այցելած Է. Նալբանդյանը: Նրա խոսքով՝ բացառված չէ, որ տարեվերջին կարող ենք ունենալ միջազգայնորեն ճանաչված նոր երկիր՝ ի դեմս Արցախի Հանրապետության: «Ադրբեջանը տանուլ է տալիս բանակցություններում: Այդ երկրի ղեկավարությունը իրեն փակուղու մեջ է դրել եւ փորձում է ուժի կիրառման միջոցով հաջողության հասնել: Բայց ի պատիվ մեր զինված ուժերի՝ ապարդյուն են դառնում նաեւ նման մտադրություններն ու մեծ իլյուզիաները»,-ասել է Նալբանդյանը:




Լրահոս