«ՎԱԽԵՑԱ, ՈՐ ԱՅԴ ՓՈՔՐԻԿ ՍՏԵՐԸ ԿՏԱՆԵՆ ԴԵՊԻ ՄԵԾ ՍՈՒՏ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում մի քանի տարվա դադարից հետո Սոս Ջանիբեկյանի ու Արման Նշանյանի գլխավոր դերակատարմամբ կրկին հանդիսատեսի դատին հանձնվեց «Կենտ զույգ» ներկայացումը (ռեժիսորը նույնպես Արմանն է): «Ժողովուրդ»-ը բեմադրության, հայաստանյան եւ ամերիկյան գործունեությունը համատեղելու եւ այլ թեմաների շուրջ զրուցել է դերասան, երգիչ Արման Նշանյանի հետ:

-Արմա՛ն, ամերիկացի դրամատուրգ եւ սցենարիստ Նիլ Սայմոնի համանուն պիեսը տեղայնացնելով` հաջողություններ գրանցեցի՞ք: Մենք այսօր հաճախ ենք ականատես լինում իրավիճակների, երբ թատրոնի դերասանը ներկայանում է էկրանին: Այս պարագայում, կարծես, տեղի ունեցավ հակառակը: Դուք եւ Սոսը, առավել հայտնի լինելով որպես էկրանի դերասաններ, հանդես եկաք բեմում:
-Ես` որպես ռեժիսոր, սիթքոմ, սերիալ դիտող, թատրոն չայցելող հանդիսատեսի եւ թատրոնի միջեւ փոքրիկ կամուրջ ստեղծելու ցանկություն ունեի: Եթե հեռուստատեսությունում աշխատելով` դժվար է որակ ապահովելը, ապա թատրոնում հնարավոր է դա անել: Ինչ վերաբերում է էկրանից բեմ տեղափոխվելուն, ապա Սոսի պարագայում Ձեր դիտարկումը տեղին է, բայց ահա ես իմ գործունեությունը սկսել եմ թատրոնից: Երբ սկսում ես քո դերասանական կյանքում հոգեւորի պակասը զգալ, դատարկությունը լցնելու միակ տարբերակը արմատներին գալն է, այսինքն` թատրոն վերադառնալը: Հեռուստատեսությունում, ինչպես նշեցի, այդ բացը լրացնելն այսօր անհնար է, մեծ էկրանին` դժվար, իսկ թատրոնում հնարավոր է: Շատ կարեւոր է ուրիշի սցենարից, մտահղացումից, ֆինանսական միջոցներից կախված չլինելը: Մենք արեցինք այն, ինչը մեր ճաշակով է, համապատասխանում է մեր սկզբունքներին: Հենց դա հաշվի առնելով էլ կարծում եմ` ներկայացումը հաջողված է:
-Առաջիկայում Ձեզ նոր գեղարվեստական ֆիլմերում կտեսնե՞նք: Իսկ նոր տեսահոլովակներ կթողարկե՞ք:
-Խաղացել եմ ռեժիսոր Արամ Շահբազյանի` ղարաբաղյան պատերազմի թեմայով «Լուսին կերած նորածինը» կարճամետրաժ ֆիլմում: Նկարահանվում եմ նաեւ մեկ այլ ֆիլմում` մասշտաբային սցենարով, որը ներկայացնում է 1910-ական թվականների Հայաստանը, պատմում է հայ եւ թուրք ընտանիքների մասին: Առաջիկայում հանդես եմ գալու նաեւ նոր ներկայացման մեջ, այն կոչվում է «Ցանկություն կոչվող տրամվայ», բեմադրիչը Սուրեն Շահվերդյանն է: Ինչ վերաբերում է երգարվեստին, ապա նոր շնչով կներկայացնեմ տեսահոլովակ` Առնո Բաբաջանյանի երգերից մեկի հիման վրա (ինչպես արեցի «Հայուհի գեղեցիկ» երգի դեպքում): Նպատակ ունեմ հայ հանրությանը ցույց տալ, թե որքան որակյալ երգեր ունենք, որոնք այսօր էլ կարող են ակտուալ լինել:
-Կարելի՞ է ենթադրել, որ վերջին շրջանում Ձեր գործունեությունը ավելի շատ իրականացնում եք Հայաստանում, քան ԱՄՆ-ում:
-Միշտ փորձում եմ համատեղել այստեղի եւ այնտեղի աշխատանքը: Որտեղից ավելի հետաքրքիր նախագծերում ընդգրկվելու հրավերներ եմ ստանում, այնտեղ էլ այդ պահին բնակվում եմ: Ես նոր եմ ամուսնացել եւ Հայաստանում կնոջս հետ շատ երջանիկ ենք. գնալու պատճառ դեռ չեմ տեսում: Ընդհանրապես, հիմա ինձ չի հետաքրքրում` աշխատանք կունենամ ԱՄՆ-ում, թե Հայաստանում, կլինի առաջարկ թատրոնից, կինոյից, թե սերիալից: Ինձ հետաքրքրում է սցենարը եւ կերպարը: Ես տարիքս առած մարդ եմ, չնայած որ չի երեւում (ծիծաղում է): Արդեն հոգնել եմ ուրիշների ճառով շարժվել: Կյանքը կարճ է, եւ պետք է անել բան, որից հոգիդ կլցվի, որի միջոցով դու կբարձրանաս: Օրինակ` դերասանը իր կերպարների միջոցով ցույց է տալիս, որ կյանքը հրաշալի է եւ այդպիսով, ինչպես բժիշկը, բուժում է իր հանդիսատեսին: Այդ ընթացքում դերասանն ինքը աճում է: Եթե այդ աճը տեղի չի ունենում, ինքդ քեզ հարցնում ես. «Ինչի՞ համար եմ ես աշխատում»: Ինձ պետք չէ, որ երեք հոգի ավել ճանաչի ինձ: Ես ընդհանրապես դրա կարիքը չունեմ, դրանից ես ազատագրվել եմ, կարծես վերածնվել եմ: Ավելի լավ է` անվճար աշխատանք կատարեմ, բայց դրանից հոգիս լցվի, քան միլիոնավոր դրամներ բերող անբովանդակ գործ անեմ: Ամբողջ կյանքում չեմ սիրել սուտը: Բայց եկավ մի պահ, երբ իմ կարիերայում փոքրիկ ստերի շրջան էր սկսվել, եւ ես վախեցա, որ այդ փոքրիկ ստերը մի օր կտանեն ինձ դեպի մեծ սուտ: Իմ ընտանիքում, ընկերներիս շրջապատում սուտը տեղ չունի, եւ ես իմ կարիերան եւս զերծ եմ պահում դրանից` անկախ այն հանգամանքից, թե ինչ գայթակղություններ կլինեն: Իսկ ամենամեծ գայթակղությունը, կարծում եմ, փառամոլությունն է: Եթե կարողանաս ձերբազատվել փառքից, կլինես ազատ, եթե լինես ազատ, կաշխատես անկեղծ:

 

 

 

 
«ԴԲԱ ԼԱՎԸ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՐ ԱՋԱԿԻՑՆԵՐ ԵՆ ՀԱՐԿԱՎՈՐ

Երկու երիտասարդ հայ ռեժիսոր եւ պրոդյուսեր` Ասպետ Շերմազանյանն ու Ռուբեն Սահակյանը, որոնք սովորում են Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում եւ արդեն հասցրել են 4 կարճամետրաժ ֆիլմ նկարահանել, այժմ աշխատում են իրենց առաջին լիամետրաժ ֆիլմի վրա, որը ոչ ավել, ոչ պակաս կոչել են «Դբա լավը»:

Պրոդյուսեր Ռուբեն Սահակյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ իրենք հասցրել են Մոսկվայում ամեն բան պատրաստել սպասվելիք նկարահանումների համար: Հիմա նրանք նկարահանումներ են իրականցնում Տավուշի մարզի Կողբ գյուղում, հետո արդեն կշարժվեն Թբիլիսի:
Ֆիլմը կրիմինալ դրամա է, որտեղ հանդես կգան թատրոնի երիտասարդ դերասաններ: Նրանց համար սա կլինի առաջին մեծ նախագիծը: Այն կյանքի կոչելու համար, սակայն, երիտասարդներն աջակցության կարիք ունեն: Նրանք Հայաստանում փնտրում են կազմակերպությունների, անհատների, որոնք պատրաստ կլինեն համագործակցելու իրենց հետ:
Մեր այն հարցին, թե ինչպես են պատրաստվում շահագրգռել, օրինակ, գործարարի, որպեսզի վերջինս հովանավորի իրենց ֆիլմը, Ռուբենը պատասխանեց. «Կինոնկարը միջազգային շուկա դուրս գալու մեծ պոտենցիալ ունի: Մենք վստահ ենք, որ այն ոչ միայն կոմերցիոն, այլեւ փառատոնային ֆիլմ է»: Մենք հարցրինք` լոկալ վերնագրով, լոռեցի երիտասարդների մասին պատմող ֆիլմը արդյոք կարող է դրսի հանդիսատեսի համար գրավիչ լինել. «Մենք փորձում ենք ստանալ համամարդկային կինոնկար, այնպիսին, որը հասկանալի կլինի ե՛ւ ներսի, ե՛ւ դրսի հանդիսատեսի համար»,-շեշտեց մեր զրուցակիցը:
«Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց նաեւ` երիտասարդներն իրենց հետագա ստեղծագործական կյանքը մտադիր են ծավալել Երեւանո՞ւմ, թե՞ Մոսկվայում. «Մտադիր ենք համատեղել այստեղի եւ այնտեղի գործունեությունը, ծրագրում ենք հիմնել մեր փրոդաքշընը, որը, հավանաբար, կունենա երեւանյան եւ մոսկովյան մասնաճյուղ»,-ասաց պրոդյուսեր Ռուբեն Սահակյանը:
Նշենք, որ «Դբա լավը» ֆիլմը երկու լոռեցի տղաների մասին է, որոնց «կոկորդը թասիբով է լցված»: Նրանք վրեժ լուծելու, պատիվը վերականգնելու համար հասնում են մինչեւ Մոսկվա: Ճանապարհին հանդիպում են մեծ դժվարությունների, որոնք հաղթահարում են տղամարդավարի: Ֆիլմի հերոսները, հեղինակների խոսքով, գյուղացու այն տեսակն են ներկայացնում, որն այսօր կա՛մ մոռացված է, կա՛մ արհամարհված:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ԿՊԱՏԺՎԵՆ
Քվեարկության խմբի մասնագետները, որոնք պատասխանատու են «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ լավագույն կինոնկարի հայտարարման սխալի համար, այլեւս չեն աշխատի մրցանակի համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքսը: Associated Press-ը փոխանցում է, որ «քննարկվում է» PwC հաշվեստուգիչ ընկերության հետ (այն տասնամյակներ շարունակ կատարում է ձայների հաշվում եւ պատասխանատու է մրցանակների ճիշտ բաշխման համար) համագործակցության շարունակման հարցը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի կինոակադեմիայի «Օսկար» պարգեւի հանձնման 89-րդ արարողության ավարտին սխալմամբ հաղթող էր հայտարարվել «Լա Լա Լենդ» մյուզիքլը, ապա, երբ նկարահանող խումբը դուրս էր եկել բեմ եւ նույնիսկ շնորհակալական խոսքեր էր ասել, կազմակերպիչների ներկայացուցիչը ուղղել էր սխալը եւ հայտարարել, որ իրականում «Լուսնի լույսը» ֆիլմն է շահել «Լավագույն կինոնկար» պարգեւը:




Լրահոս