ԱՐՑԱԽԻ ՇՈՒՐՋ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ ԵՆ

ԱՐՑԱԽԻ ՇՈՒՐՋ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ ԵՆ

Վերջին շրջանում Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացում լուրջ ակտիվություն է նկատվում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փորձում են կազմակերպել Սարգսյան-Ալիեւ հանդիպում Հայաստանում ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: Իսկ մինչ այդ նրանք փորձում են կողմերի դիրքորոշումները «մոտեցնել»: Այս հարցում հիմնական նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել ՌԴ-ն՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկու երկրների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համաձայնությամբ: Նախորդ շաբաթ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել էր ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի հետ, քննարկումների հիմնական թեման եղել է ԼՂ խնդիրը: Մարտի 6-7-ը Մոսկվա է մեկնելու Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը: Լավրովի հետ Ադրբեջանի ԱԳ նախարարի քննարկումների թեման եւս վերաբերելու է ԼՂ խնդրին: Մարտի 14-ին նախատեսված է Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա, որտեղ նա հանդիպելու է ՌԴ նախագահ Պուտինի հետ: Մինչեւ Մոսկվա մեկնելը՝ մարտի 8-9-ը, Սերժ Սարգսյանը լինելու է նաեւ Փարիզում: Նրանից մեկ շաբաթ հետո Ֆրանսիայի մայրաքաղաք կմեկնի Իլհամ Ալիեւը: Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ե՛ւ Սարգսյանի, ե՛ւ Ալիեւի հանդիպումների ժամանակ քննարկվելու է ԼՂ խնդիրը:
Հատկանշական է նաեւ այն փաստը, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով ԼՂ խնդրի մասին, երեկ հայտարարել է. «Դուք գիտեք մեր սկզբունքային դիրքորոշումը, որն ուղղված է բացառապես խաղաղ միջոցներով արցախյան հակամարտության կարգավորմանը: Այդ սկզբունքային դիրքորոշումն ամրագրված է, այդ թվում՝ փաստաթղթով»: Միաժամանակ երեկ ԼՂ խնդրի մասին հոդված է հրապարակել ամերիկյան Startfor վերլուծական ընկերությունը՝ գրելով. «Որպես Կովկասում գլխավոր ուժ՝ Ռուսաստանն իր ձեռքում է պահում բանալին»:

 

 
Երեւանի քաղաքապետարանը շարունակում է մսխել բյուջետային միջոցները: Այս տարվա ընթացքում քաղաքապետարանը 10 մլն դրամի 27 հատ հեծանիվ է գնել, ընդ որում՝ ամենավերջին մոդելի: Հեծանիվները գնելուց առաջ մրցույթ են հայտարարել, մասնակցել է 5 ընկերություն, հաղթող է ճանաչվել 4-ը: Դրանից հետո «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը 1 մլն 930 հազար դրամ արժողության մեկ հեծանիվ գնել է հեծանվահրապարակի համար: Խճուղային 6 հատ հեծանիվի համար վճարել են 2 մլն 274 հազար դրամ: Քաղաքային բյուջեից լեռնային սիրողական 3 հատ, կանացի լեռնային սիրողական 2 հատ եւ 1 հատ ֆիտնեսի հեծանիվների համար ծախսվել է 1 մլն 550 հազար դրամ: Իսկ ահա 24 հատ լեռնային հեծանիվները գնվել են 4 մլն 152 հազար դրամով: Թե այս գործարքներից ինչքան է կազմել «ատկատը», մնում է միայն ենթադրել:

 

 

 
Ռեյտինգային այս ընտրակարգն իսկական գլխացավանք է դարձել առաջին հերթին ՀՀԿ-ականների համար: Նոր ԸՕ համաձայն՝ թեկնածուները չեն կարող ընտրատեղամասերում վստահված անձ ունենալ. այդ իրավունքը տրված է կուսակցություններին: Սա նշանակում է, որ տեղամասերում ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների ձայները կարող են դրվել ՀՀԿ-ից մեկ այլ թեկնածուի անվան տակ, ով ուժեղ է այդ ընտրատարածքում եւ հանձնաժողովի անդամների մեջ իր «մարդն» ունի. միեւնույն է՝ ձայները գնալու են կուսակցությանը: Այս հարցը լրջագույնս քննարկվել է ՀՀԿ-ում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն այս հարցով պատասխանատու է նշանակել նախագահականի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Հովիկ Հովսեփյանին՝ ասելով, որ որեւէ մեկի ձայնը մյուսի վրա չպետք է դրվի: «Ես բացարձակապես ռեյտինգային թեկնածուների հետ աշխատելու մտածմունք կամ միտվածություն չունեմ, որովհետեւ ես իմ աշխատանքն եմ կատարելու, թող իրենք մտածեն, որ մի բուլետինի անգամ սխալմունք թույլ չտան»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Հ. Հովսեփյանը:

 

 

 
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի սկանդալային հայտարարությունները, թե ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի որակի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել, շարունակում է ամենատարբեր մակարդակներով քննարկվել: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում երեկ ասել է. «Ես համարում եմ, որ եթե այդպիսի տեղեկություններ կան, ապա իրենք պետք է զբաղվեն»: Իսկ ահա պաշտպանության ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանն ընդհանրական հայտարարություններով փորձել է «ցրել» թեման. նա վարչապետի հայտարարությունը որակել է ակտուալ, արդիական: Իսկ դիտարկմանը, թե վարչապետի հայտարարությունը վերաբերում էր չաշխատող տեխնիկային, նախարարը առանց պատասխանելու հեռացել է: «Ժողովուրդ»-ը ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանից հետաքրքրվեց՝ զորամասերի պարբերաբար ստուգումների արդյունքում ի՞նչ է բացահայտել այդ մասով: «Ստուգումների արդյունքում այդպիսի բաներ չեմ տեսել եւ այդպիսի բաներ չեմ բացահայտել»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է ռազմական տեսուչը:

 

 

 
ՌԻՍԿԱՅԻՆ
Հատկապես վերջին օրերին արցախա-ադրբեջանական սահմանին լարվածության աճի պայմաններում առավել հաճախ են հնչում պատերազմի վերսկսման հավանականության մասին հայտարարությունները: Ավելին՝ հայկական կողմը ամենատարբեր մակարդակներով, այդ թվում եւ ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ նախագահի, Ադրբեջանին փորձում է սաստել «Իսկանդերներ»-ով, իսկ Սերժ Սարգսյանն էլ նախօրեին հայտարարեց, թե. «Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով եւ իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի՝ կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները»:
Հիշեցնենք, որ մինչ այդ էլ նա մի քանի անգամ, այդ թվում եւ ԵԿՄ վերջին համագումարում էր հրապարակավ նախազգուշացրել Ադրբեջանին՝ նախընտրական փուլում զերծ մնալ որեւէ արկածախնդրությունից, հակառակ դեպքում պատրաստ լինել կոշտ հակահարվածի:
Ասել է, թե մեկնարկող նախընտրական փուլի եւ հատկապես ապրիլի 2-ի հետ կապված հայկական կողմը լուրջ մտավախություններ ունի:
Եվ այս իրավիճակում հարց է առաջանում. ինչու իշխանությունները ընտրությունները նշանակեցին հենց ապրիլի 2-ին՝ քառօրյա պատերազմի մեկնարկի տարելիցին: Չէ՞ որ կարելի էր ի սկզբանե ենթադրել, որ Ադրբեջանի իշխանությունները առաջին հերթին քարոզչական նպատակներով կձգտեն հենց ապրիլյան պատերազմի տարելիցի օրը «նշելու իրենց հաղթանակը»: Եվ, ուրեմն, ինչո՞ւ թեկուզ տեսականորեն ընտրությունները հենց ապրիլի 2-ին նշանակելով՝ նրանց ընձեռվեց այդ հնարավորությունը:
Ի վերջո, այսօր որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ ապրիլի 2-ին Ադրբեջանը ռազմական լայնածավալ նոր սադրանքի չի դիմի: Եվ այս առումով հարց է առաջանում՝ արդյոք երկրի ղեկավարությունը մտածել է, թե այդ դեպքում ինչ կլինի համապետական ընտրությունների գործընթացի հետ: Ընտրությունների բնականոն ընթացքի խաթարումը ազգային անվտանգության խնդիր է, որի շուրջ, սակայն, երկրի ղեկավարությունը դրսեւորել է բավականին ռիսկային մոտեցում: Արդյոք դա պարզապես անհեռատեսության, թե որոշակի պահեստային կոնֆիգուրացիաների հաշվարկման արդյունք է, դժվար է ասել: Համենայն դեպս, Սերժ Սարգսյանը ուներ հնարավորություն՝ ընտրությունների օրը փոխելու. այդ հարցում առկա էին թե՛ սահմանադրական հակասությունների, թե՛ բարոյական նպատակահարմարության փաստարկները: Նա, սակայն, հայտարարելով, թե պատրաստ է փոխել ընտրությունների օրը, վերջնարդյունքում չգնաց դրան: Տա՛ Աստված, որ ապրիլի 3-ին բոլորիս համար ակնհայտ չդառնա, թե ինչու: