ՀՀԿ-ի պահվածքն այլ բան, քան հասարակությանը բացահայտ ծաղրել, դժվար է որակելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ականները նախընտրական հանդիպումների ժամանակ զբաղված են ժողովրդին բացահայտ ծաղրելով:

Արդեն 19 տարի է՝ Հայաստանում հիմնական քաղաքական ուժը ՀՀԿ-ն է եւ այդ 19 տարիների ընթացքում ՀՀԿ-ն չի կատարել իր խոստումներից ու ծրագրերից թերեւս ոչ մեկը: Ընդհակառակը, ՀՀԿ իշխանավարման տարիներին Հայաստանը միայն ետընթաց է ապրել՝ սոցիալական ծանր իրավիճակ, քայքայված տնտեսություն, ահագնացող արտագաղթ, աղքատության եւ գործազրկության աճ, պետական պարտքի բեռի ավելացում եւ այսպես շարունակ: Ու հիմա, չնայած այս ամենին, ՀՀԿ-ականները նախընտրական հանդիպումներում կրկին կոչ են անում ընտրել իրենց՝ խոստանալով «չեք փոշմանի»: Թե ի՞նչն է ստիպելու ՀՀԿ-ականներին կտրուկ փոխել գործելաոճն ու առաջիկա հինգ տարիներին նորմալ աշխատել, պարզ չէ: Ընդհակառակը, նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ականների պահվածքը հակառակն է ապացուցում, երբ փորձում են ժխտել ակնհայտ իրողությունները:

Օրինակ՝ ՀՀԿ համամասնական ընտրացուցակը գլխավորող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն Արմավիրի մարզում հայտարարել է. «Մենք կարողացանք էս հինգ տարում գալ ընտրությունների ուժեղացած եւ արդիականացած լուրջ թիմով: Մի թիմ, որը այսօր, իմ խորին համոզմամբ, չունի մրցակից մեր երկրում, մի թիմ, որտեղ թե՛ կրթական ցենզի, թե՛ անցած ճանապարհի, թե՛ գործարար աշխարհում եւ թե՛ պետական կառավարման համակարգում մեծ հաջողություններ գրանցած անհատներ են հավաքված»:

Վիգեն Սարգսյանը ճիշտ կաներ, եթե նաեւ ասեր, թե ովքե՞ր են «արդիականացված լուրջ թիմի» անդամները: Համենայն դեպս, որքան պրպտեցինք ՀՀԿ ցուցակը, այդպես էլ չգտանք մարդկանց, որ կարելի է «արդիականացված լուրջ թիմ» համարել, ընդհակառակը, վաղուց հայտնի հին դեմքերն են, պարզապես մի տարբերությամբ՝ նախորդ ընտրություններից հետո փոխվել է ՀՀԿ ցուցակում նրանց զբաղեցրած հորիզոնականը, եւ ոչինչ ավելի:

Ո՞վ է արդիական՝ Վիգեն Սարգսյա՞նը, որ սկզբում Ռոբերտ Քոչարյանի, հետո Սերժ Սարգսյանի օգնականն էր, հետո նշանակվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատակազմի ղեկավար: Եթե Վիգեն Սարգսյանը նկատի ունի այն հանգամանքը, որ նախկին ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորել է Սերժ Սարգսյանը, եւ հիմա իրեն է վերապահված այդ «առաքելությունը», ապա շտապենք հիասթափեցնել՝ իշխանական համակարգում ինքը նոր մարդ չէ, եւ հետո՝ միայն ցուցակի առաջին համարի փոփոխությամբ չի կարելի խոսել «արդիականացված լուրջ թիմի» մասին: Մանավանդ, որ ցուցակի մյուս անդամները եւս վաղուց հայտնի ու բավական վարկաբեկված դեմքեր են՝ Տարոն Մարգարյանը, որ Ավանի թաղապետն էր, հետո Երեւանի փոխքաղաքապետը, հիմա էլ՝ քաղաքապետը. պաշտոնյա, որից այսօր դժգոհ է մայրաքաղաքի բնակչության զգալի մասը, էլ չենք ասում նրա ղեկավարած հիմնարկի մասին: Հազիվ թե նոր դեմք կարելի է համարել Արփինե Հովհաննիսյանին, որը սկզբում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդականն էր, հետո ՀՀԿ խմբակցության պատգամավոր, հիմա՝ արդարադատության նախարար: Ի՞նչ կասեք Արա Բաբլոյանի մասին, որ 90-ականներին ՀՀ առողջապահության նախարարն էր, հետո դարձել է ՀՀԿ-ական եւ երկար ժամանակ այս կուսակցության ցուցակով պատգամավոր է. նա՞ է «արդիական թիմը»:

Արդյո՞ք կարելի է «արդիականացված լուրջ թիմ» համարել ՀՀԿ-ին, երբ ընտրացուցակում ընդգրկել է նախկինում ՀՀԿ պատգամավոր, հետո ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, հաջորդ տարի 60-ամյակը բոլորող Մարգարիտ Եսայանին: ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակը եզրափակում է նախկին ՕԵԿ-ական, հետո՝ ՄԻԱԿ քարտուղար, հիմա էլ ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Ֆարմանյանը, որին եւս «Էլեկտրիկ-Երեւանի» ժամանակ ցուցարարները Բաղրամյան պողոտայից հեռացրին ամենավերջին հայհոյանքներով: ՀՀԿ «արդիականացված լուրջ թիմի» կազմում են ՀՀԿ երիտթեւի հավերժ առաջնորդ Կարեն Ավագյանը՝ նախորդ ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ հելիում գազով լցված փուչիկների հրդեհի գլխավոր մեղավորը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ Գագիկ Մինասյանը, Սամվել Նիկոյանը, Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, Շուշան Պետրոսյանը, Գագիկ Մելիքյանը եւ այսպես շարունակ: Էլ չենք ասում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուների մասին. բոլորին հայտնի նույն օլիգարխներն են, ներկա ու նախկին պաշտոնյաները կամ նրանց մերձավորները:
Ու հիմա, երբ ՀՀԿ-ն առաջադրելով վաղուց հայտնի դեմքերին, հասարակությանը փորձում է համոզել, թե այս ընտրություններին ներկայացել է «արդիականացված լուրջ թիմով», նրանց պահվածքն այլ բան, քան հասարակությանը բացահայտ ծաղրել, դժվար է որակելը:

Ուշադրություն դարձրեք մեկ փաստի վրա եւս. ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը (եւ ոչ միայն նա) ընդգրկված չեն ՀՀԿ համամասնական ցուցակում: Ու հիմա, երբ Վիգեն Սարգսյանն ասում է, թե իրենք կարողացան ընտրություններին ուժեղացված եւ արդիականացված լուրջ թիմով հանդես գալ, ինքնաբերաբար, ստացվում է՝ իրենց ուժեղացրել ու լրջացրել է հենց Սերժ Սարգսյանի բացակայությունը: Սա իմիջիայլոց:
Իսկ համեմատաբար արդիականացված ու թարմ դեմքը վարչապետ Կարեն Կարապետյանն է` իր հարվածային գործիքներով, որը ոչ մի կերպ ՀՀԿ-ական դեռ չի ընկալվում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս