ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՐԻ ՇԱՐԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տրված է: ԱԺ ընտրությունների մասնակից ուժերը կիրակի օրվանից սկսեցին ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը, անցկացնել առաջին հանդիպումները:

Հատկանշական է, որ 9 քաղաքական ուժերից միայն իշխող ՀՀԿ-ի նախընտրական միջոցառումն էր լրատվամիջոցների համար փակ: ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հավաքվել էին «Դինամո» մարզադաշտում, եւ երեկոյան արդեն տարածվեց հանդիպման տեսագրությունը. ծափ ու ծիծաղ, երգ-երաժշտություն, հետո ելույթ էին ունեցել Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը:
Եթե անկեղծ, ապա ՀՀԿ առաջնորդների ելույթներում չկար որեւէ արտառոց բան: Օրինակ՝ Սերժ Սարգսյանն ԱԺ ընտրությունները որակել է բացառիկ կարեւորություն ունեցող եւ հավելել. «Ամենակարեւորը մեր քաղաքացիների վստահությունն է արդյունքների նկատմամբ: Մենք պետք է անցկացնենք այնպիսի ընտրություններ, որ որեւէ մեկի մեջ կասկածներ չառաջանան ընտրությունների ազատության, թափանցիկության կամ էլ արդարության առնչությամբ: Օրենքի տառին եւ ոգուն համապատասխանող ընտրությունները լինելու են բոլորիս հաղթանակը՝ անկախ նրանից, թե ով քանի քվե կստանա»,- ասել է նա: Իհարկե, ազատ եւ արդար ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ խոսել է: Նախկին բոլոր ընտրություններից առաջ նա խոստացել է միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնել, բայց արի ու տես, որ երբեք այդ խոստումը չեն պահել, եւ ամեն անգամ ընտրությունների օրը քվեարկության արդյունքները կեղծվել են ամենալկտի ձեւերով:
Քանի որ ՀՀԿ նախընտրական կարգախոսն է «Անվտանգություն եւ առաջընթաց», Ս. Սարգսյանն իր ելույթի մի հատվածն էլ նվիրել է հենց անվտանգության թեմային: «Չկա ավելի կարեւոր ու կենսական բան, քան երկրի ու ժողովրդի անվտանգությունն է: Մնացած ամեն ինչ վերականգնելի է: Կիսատ գործերը կարելի է ավարտին հասցնել, բացթողումները կարելի է լրացնել, սխալները կարելի է ուղղել, բայց անվտանգության հարցում չկան մանրուքներ, եւ յուրաքանչյուր ձախողում կարող է լինել ճակատագրական: Մենք ապահովելու ենք Հայաստանի եւ Արցախի հուսալի անվտանգությունը»,- ասել է նա:
Միայն թե այս դեպքում էլ արձանագրենք՝ երկրի անվտանգության մասին խոսում է մի մարդ, ում պաշտոնավարման տարիներին արտագաղթը միայն ավելացել է, ու հիմա Հայաստանի ազգային անվտանգության համար այն դարձել է լրջագույն սպառնալիք: Անվտանգության մասին խոսել է մի մարդ, որի նախագահության ժամանակ տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմը, արդյունքում եղան ավելի քան 100 զոհ եւ 800 հեկտար տարածքի կորուստ: Եւ այսքանից հետո ինչպե՞ս են Սերժ Սարգսյանն ու իր ղեկավարած ՀՀԿ-ն ապահովելու Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, մնում է միայն ենթադրել:
Կարեն Կարապետյանն էլ խոսել է իրենց նախընտրական ծրագրի մասին. «Անկեղծ պետք է ասեմ, որ մեր նախընտրական ծրագրով որեւէ մեկին արհեստականորեն դուր գալու խնդիր չենք դրել, պոպուլիստական հայտարարությունների չենք գնացել։ Ներկայացրել ենք կոնկրետ ծրագիր, որի հիմքում Հայաստանի ապագայի եւ ժողովրդի անվտանգության պատասխանատվությունն է»,- ասել է Կարապետյանը։
Միայն թե ՀՀԿ նախընտրական ծրագրին ծանոթանալով՝ միանգամայն հակառակ տպավորությունն է ստեղծվում. այն ավելի շատ հիշեցնում է գեղեցիկ խոստումների, բարի ցանկությունների մատյան առանց կոնկրետ ցուցանիշների եւ արդյունքների: Դեռ ավելին՝ ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրում խոստացել է լուծել այնպիսի խնդիրներ, որոնք գնալով խորացել ու արմատավորվել են նույն ՀՀԿ իշխանավարման տարիներին: Ու տպավորություն է, թե իշխող ուժն ինքն իր դեմ է դուրս եկել կամ էլ որեւէ ընդդիմադիր կուսակցության ծրագիր է սեփականաշնորհել:
«Հայաստանի ամենամեծ «բնական պաշարը», ամենամեծ արժեքը ՄԱՐԴՆ է: Իշխանությունը պետք է ստեղծի այնպիսի միջավայր, որտեղ ցանկացած մարդ կարողանա բացահայտել եւ իրացնել իր ողջ ներուժը»,- նշված է ՀՀԿ ծրագրում: Թե ինչպես են ՀՀԿ-ական իշխանություններն այսօր վարվում այդ ռեսուրսի՝ ՄԱՐԴՈՒ հետ, հայտնի է ամենքին. նրանք տարիներ շարունակ արհամարհել են այդ մարդու կարծիքը, ոտնահարել նրա իրավունքները՝ ստիպելով լքել Հայաստանը: «Մեր նպատակն է. ցածր վարկանիշ ունեցող դատական համակարգից անցում դեպի արդար, վստահելի եւ արդյունավետ դատական համակարգ»,- խոստացել է ՀՀԿ-ն, որի պաշտոնավարման այս տարիներին դատական համակարգը դարձել է գործող իշխանությունների խամաճիկը, իսկ աղմկահարույց գործերով որոշումները թելադրվում են հենց Բաղրամյան 26-ից: Ու հիմա երբ ՀՀԿ-ն խոսում է արդարադատությունից, մեղմ ասած, ծիծաղելի է հնչում: «Մեր նպատակն է կայացնել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգ, որը թույլ կտա արդյունավետ կանխարգելել մեր առաջընթացն արգելակող այդ քաղցկեղը եւ ապահովել կոռուպցիոն հանցագործությունների դեպքում պատասխանատվության անխուսափելիությունը»,- նշված է ՀՀԿ ծրագրում: Հայաստանում կոռուպցիան է՛լ ավելի է խորացել ու արմատավորվել ՀՀԿ իշխանության տարիներին. այդ մասին են վկայում հակակոռուպցիոն միջազգային կառույցները, որոնց գնահատականներով Հայաստանը գնալով թաղվում է համակարգային կոռուպցիայի մեջ: Ու այս իրավիճակում, մեղմ ասած, անհավատալի են կոռուպցիայի դեմ պայքարի մասին ՀՀԿ խոստումները: ՀՀԿ-ն նաեւ խոստացել է. «Տնտեսական կյանքում հավասար մրցակցային պայմանների ապահովում ու հովանավորչության վերացում», «ՓՄՁ-ների նախաձեռնությունները կենսունակ բիզնես-ծրագրեր դարձնելու գործընթացի` արդյունավետ պետական աջակցության մեխանիզմների ստեղծում», «ներդրումների պաշտպանության եւ դրա նկատմամբ վստահության մակարդակի բարձրացում» եւ այսպես շարունակ: Եւ այս խոստումները տվել է այն կուսակցությունը, որի օրոք մենաշնորհներն արմատավորվել են ու հիմա տնտեսության զարգացման լրջագույն խոչընդոտ են դարձել, էլ չենք ասում օտարերկրյա ներդրումների ծավալների կտրուկ նվազման, այս տարիներին փոքր ու միջին բիզնեսի վերացման մասին:
Այս ամենը դեռ երկար կարելի է շարունակել: Միայն թե նշված փաստերը բավական են՝ ցույց տալու հասարակությանն այս իշխանությունների ողջ սնանկությունը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ԱՄԲԻՑԻԱ ՉՈՒՆԻ
ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում տեղ չեն գտել հանրապետական որոշ նախարարներ, ոչ միայն նրանք, ովքեր վերջերս են անդամակցել կուսակցությանը եւ դեռ չեն հասցրել իրենց հավատարմությունը ապացուցել ղեկավարությանը, այլեւ նորանշանակ նախարարներից համեմատած ամենահնաբնակ նախարարը՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նկատենք, որ վերջինս, մինչ նախարարի պաշտոնը ստանձնելը, աշխատել է նախագահականում որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: «Ինձ տրվել է այլ դերակատարություն, այսօրվա դրությամբ ես պետք է աշխատեմ իմ աշխատավայրում, կատարեմ գործադիրի ֆունկցիաները, այդքան բան,- նշեց Արամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, այնուհետեւ հավելեց,- իմ ամբիցիան մեկն է՝ ես երբեւիցե որեւէ ցուցակի ամբիցիա չունեմ, իսկ այդ ամբիցիան այն է, թե որտեղ որ ես կգտնվեմ, իմ աշխատանքը կատարեմ պատշաճ եւ բարձր որակով: Դա է իմ միակ ամբիցիան»:

 

 

 

ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ՀԱՐՑ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով ԼՂ համակարտության կարգավորման մասին, հայտարարել է, թե ՌԴ-ն կշարունակի օգնել կողմերին ընդունելի լուծումներ գտնելու հարցում: «Ռուսաստանը կշարունակի նպաստել կողմերի համար ընդունելի լուծումների որոնմանը՝ ինչպես Բաքվի եւ Երեւանի հետ երկկողմ հարաբերությունների շրջանակներում, այնպես էլ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ հանդիպումների ձեւաչափով: Եվ, իհարկե, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»,- ասել է նա Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ: Միաժամանակ Լավրովը նշել է, թե իրենք հուսով են, որ ԼՂ հակամարտությունը ենթակա է կարգավորման: «Դրանք, նախ եւ առաջ, անվտանգության հարցերն են, հումանիտար հարցերը, այն շրջանները վերադարձնելու հարցը, որոնք գտնվում են Ղարաբաղի շուրջը եւ չեն վերահսկվում Ադրբեջանի կողմից, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը՝ հաշվի առնելով այն մարդկանց կարծիքը, ովքեր ապրում են այնտեղ, դա նաեւ միջազգային խաղաղապահ ուժերի պարամետրերի համաձայնեցումն է: Այդ հարցերի մեծ մասի վերաբերյալ մենք համաձայնություն ենք ձեռք բերել, սակայն մեկ-երկու կոնկրետ թեմաներ, որոնք առանցքային են վերջնական փաթեթի համար, դեռեւս քննարկվում են: Չեմ կեղծի, մենք դեռ հեռու ենք այն բանից, որ կողմերը միասնական մոտեցում ունենան մնացած հարցերի վերաբերյալ»,- հայտարարել է նա:

 

 

 

ԱՂՔԱՏ ՀՊԱՐՏ
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ կուսակցություններն արդեն հայտարարագրել են իրենց ունեցվածքը: Ընտրություններին մասնակից 9 ուժերի մեջ ամենաաղքատը Կոմունիստական կուսակցությունն է: Ըստ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի՝ Կոմկուսը չունի որեւէ անշարժ գույք, փոխարենը ունեն երկու մեքենա՝ «Գազ-3110» մակնիշի՝ 1999 եւ 2002 թվականների ռուսական արտադրության: Կոմկուսի դրամական միջոցներն էլ կազմում են 46 հազար դրամ:

 

 

 
ԴԵՍՊԱՆԸ՝ «ԵԼՔ»-ՈՒՄ
«ԵԼՔ» դաշինքի միասնական շտաբում դաշինքի անդամներ Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Արտակ Զեյնալյանը եւ Ալեն Սիմոնյանը երեկ հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին։ Քննարկվել են քարոզարշավի մեկնարկին եւ ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր։ Դաշինքի անդամները դեսպանին հայտնել են նաեւ ընտրությունների վերաբերյալ իրենց մտահոգությունները։ Զրույցի ընթացքում դեսպանը նշել է. «Կարեւոր է, որ լինի գաղափարների ակտիվ պայքար, եւ որ հայ ընտրողները վստահ լինեն, որ իրենց քվեները հաշվի են առնվելու: Ես միանում եմ ձեզ՝ հերքելու շրջանառվող այն լուրերը, թե տեսախցիկներն ու նույնականացման սարքավորումները տեղադրվում են, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե ընտրողներն ում են տալու իրենց ձայնը: Ես բոլոր հայ ընտրողներին կոչ եմ անում ապրիլի 2-ին գնալ տեղամասեր՝ հանուն Հայաստանի ապագայի»:

 

 

 

ՀԱՐՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Gallup International Association¬ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը երեկ ներկայացրել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քաղաքական վարկանիշի վերաբերյալ հարցման արդյունքները: Ըստ այդմ, պատկերը հետեւյալն է՝ «Ծառուկյան» դաշինք` 26,4 տոկոս ՀՀԿ` 22,8 տոկոս «Ելք» դաշինք` 4,3 տոկոս, ՀՅԴ` 3,9 տոկոս, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն` 3,4 տոկոս, «Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 2,7 տոկոս, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 2,6 տոկոս, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք` 1,8 տոկոս, «Հայաստանի Կոմունիստական» կուսակցություն՝ 1 տոկոս:

 

 

ԱԼԻԵՎՆ ԻՐԱՆՈՒՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կիրակի օրը պաշտոնական այց է կատարել Իրան, որտեղ քննարկում է անցկացրել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ ստորագրված փաստաթղթերի իրականացման ընթացքը, իսկ բանակցություններից հետո բարձր մակարդակով երկու համաձայնագիր ստորագրել՝ փողերի լվացման դեմ պայքարի եւ երկաթգծային համագործակցության ընդլայնման մասին: Նկատենք, որ սա Ադրբեջանի նախագահի երրորդ այցն է Իրան վերջին 3 տարում:




Լրահոս