Այսօր գրականագետ Մանուկ Աբեղյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հասարակական գործիչ, հայագետ, գրականագետ, բանահավաք, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, բանասեր Մանուկ Աբեղյանը (1865թ. մարտի 17 – 1944թ. սեպտեմբերի 25) հայ նոր բանագիտության հիմնադիրն է: Համակարգել է պատմավիպական ու քնարական ժանրի ժողովրդական ստեղծագործությունները, մշակել դրանց ծագման ու զարգացման տեսությունները: Աբեղյանը նաև արևելահայերենի արդի ուղղագրության հեղինակն է:

Նա 1876-1885թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-1898թթ.՝ Ենայի, Լայպցիգի, Բեռլինի, Փարիզի համալսարաններում: 1898թ. Ենայի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում: 1885-1919թթ. հայոց լեզու և գրականություն է դասավանդել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Շուշիի թեմական, Թիֆլիսի Հովնանյան, Ներսիսյան դպրոցներում ու հայկական գիմնազիայում:

Երևանի պետական համալսարանի հիմնադիր դասախոսներից է, 1925-1930թթ. ղեկավարել է ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտը: 1886թ. Աբեղյանը գրառել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի մոկաց տարբերակը, կատարել նրա առաջին մասնագիտական հետազոտությունը և 1889թ. հրատարակել այն «Դավիթ և Մհեր» վերնագրով:

Հետագայում ստեղծել է «Սասնա ծռեր»-ի դասական տեսությունը: Նա նորովի է պարզաբանել հայ ժողովրդի հին ու նոր հավատալիքները, առասպելական զրույցները, մշակել է հայ առասպելաբանության գիտական նոր տեսությունը («Հայ վիպական բանահյուսություն», 1966թ.):

«Ժողովրդական խաղեր» (1904թ.), «Հին գուսանական ժողովրդական երգեր» (1931թ.) մենագրություններում հետազոտել է խաղիկների, միջնադարյան հայրենների ժանրային, կառուցվածքային, տիպաբանական, տաղաչափական հատկանիշները, պարզաբանել դրանց ժողովրդական բնույթը, նշել է ժողովրդական երգերի ակունքները, զարգացումն ու ընթացքը:

«Հայոց հին գրականության պատմություն» (1944-1946թթ.) քառահատոր աշխատության մեջ անդրադարձել է հայ գրականության սկզբնավորման, պատմության, գրական դեմքերի և դպրոցների գնահատման, ծագման ու զարգացման հարցերին:

1910-ական թվականներից Աբեղյանը զբաղվել է հայ բանաստեղծության տաղաչափության հետազոտմամբ («Հայերեն տաղաչափության մասին», 1916թ., «Տաղաչափության զարգացումը Չարենցի և ուրիշների բանաստեղծությունների մեջ», 1923թ., «Հայոց լեզվի տաղաչափություն», 1933թ.):

Սկզբունքային նշանակություն ունեն Աբեղյանի լեզվաբանական-քերականական աշխատությունները: «Աշխարհաբարի քերականություն» (1906թ.), «Աշխարհաբարի շարահյուսություն» (1912թ.), «Հայոց լեզվի տեսություն» (1931թ.) աշխատություններում առաջինն է գիտականորեն համակարգել արևելահայերենի հնչյունաբանությունը, պարզել հնչյունափոխության երևույթները, համակողմանիորեն հետազոտել բառագիտությունն ու բառակազմությունը:

Նա կազմել է առաջին «Ռուս-հայերեն բառարանը» (1925 թ.), մասնակցել մի շարք բառարանների ստեղծման աշխատանքներին: Աբեղյանի անունով են կոչվել ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտը և դպրոց Երևանում:




Լրահոս