Ոչ մի դեպքում ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմի. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրություններից առաջ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները պնդում են՝ այս իշխանությունների հետ իրենք որեւէ հետընտրական դաշինք չեն կազմի: Եւ, ընդհանրապես, վերջին օրերին «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներն է′լ ավելի են կոշտացրել հռետորաբանությունը՝ քննադատելով իշխանություններին:

Հատկանշական է փաստը, որ «Ծառուկյան» դաշինքի մաս կազմող ուժերից «Առաքելություն» կուսակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը փետրվարի 27-ի ասուլիսի ժամանակ չէր բացառել ապագայում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հավանականությունը: Եւ, ընդհանրապես, տեսակետ կա, որ «Ծառուկյան» դաշինքն ընտրություններից հետո իշխանությունից «մեծ կտոր» պոկելու, ավելի լայն ներգրավվածությամբ կոալիցիա կազմելու պլաններ ունի: Ըստ շրջանառվող խոսակցությունների` նման մտադրության մասին հայտնել է նաեւ Գագիկ Ծառուկյանը՝ քաղաքականություն վերադառնալուց հետո իր կողմնակիցների հետ լայն հանդիպման ժամանակ:

Մինչդեռ երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը բացառեց գործող իշխանությունների հետ կոալիցիա կազմելու հավանականությունը:
Արդեն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տիկին Զոհրաբյանը մանրամասնեց, որ ԱԺ ընտրություններին իրենք, դաշինքը մասնակցում են մեծամասնությունը վերցնելու եւ այդպես իշխանություններին փոխելու առաջնային ծրագրով:

«Ծառուկյան» դաշինքը գործող իշխանությունների հետ որեւէ պարագայում, որեւէ դեպքում երբեւէ կոալիցիա չի կազմելու, սա ուզում եմ մեկընդմիշտ իմանաք»,- ասաց Զոհրաբյանը: Ընդ որում, նա կտրականապես բացառեց ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու ցանկացած սցենար: Մեր հարցին՝ եթե «Ծառուկյան» դաշինքին առաջարկեն իշխանության մեջ մեծ ներգրավվածություն ունենալ, նախարարական մեծ թվով պորտֆելներ զբաղեցնել, կամ ընտրություններից հետո եթե հավաքած ձայներով լինեն երկրորդ տեղում, կարո՞ղ է՝ իշխանությունները համոզեն՝ «հանուն ազգի փրկության», այնուամենայնիվ, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել, այդ դեպքում էլ չե՞ն գնա նման քայլի, Զոհրաբյանը նշեց. «Միանշանակ ոչ: Որեւէ դեպքում, որեւէ պայմանով ՀՀԿ-ի հետ երբեւէ կոալիցիա չենք կազմելու»:

Իսկ թե ինչու է ԲՀԿ-ն գործող իշխանությունների հանդեպ այսպես մերժողաբար տրամադրված, Զոհրաբյանը մեկնաբանեց. «Այս իշխանություններին ցանկանում ենք փոխել, քանի որ մենք մերժում ենք այս իշխանությունների վարած քաղաքականությունը: Ուստի որեւէ տրամաբանություն չկա մեր կողմից մերժվող քաղաքականությունը վարող իշխանության հետ կոալիցիա կազմելու հարցում»:

Հատկանշական է, որ ՀՀԿ-ականները վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում միաբերան ասում են՝ իրենք սխալներ թույլ տվել են, միաժամանակ նաեւ խոստանում՝ այսուհետ փոխվելու են, ավելի լավն են դառնալու, ավելի արդյունավետ կառավարում են իրականացնելու: Միայն թե ՀՀԿ-ականների այս պնդումները ԲՀԿ-ականների մոտ հավատ չեն ներշնչում: Ավելին՝ Նաիրա Զոհրաբյանն այս մասին, մեր հարցին ի պատասխան, նշեց. «Իրենք ավելի քան 15 տարի ժամանակ ունեին փոխվելու համար, բայց այդ 15 տարիների ընթացքում մենք կատարյալ ձախողումների ականատես եղանք: Իշխանությունները սպառել են վստահության ցանկացած ռեսուրս, հետեւաբար, կրկնում եմ, մենք իշխանության փոփոխություն ենք իրականացնելու: Մենք գնում ենք ապրիլի 2-ին մեծամասնություն վերցնելու հստակ ծրագրով»:

Նկատենք, որ երեկ Արագածոտնի մարզում Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարել է. «Ով մեղավոր է երկրում ստեղծված վատ վիճակի համար, պետք է հեռանա»: Թեեւ Ծառուկյանը կոնկրետ անուններ չի տվել, սակայն միանշանակ է, որ տվյալ դեպքում խոսքը գործող իշխանությունների՝ ՀՀԿ-ի մասին է: Ի վերջո, երկրում ստեղծված վատ վիճակի մեղավորն իշխանություններն են՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հետեւաբար հեռանալու մասին Ծառուկյանի խոսքերը նրանց էին ուղղված:

Այսքանից հետո «Ժողովուրդ»-ը ՀՀԿ-ականներից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են ԲՀԿ-ականներն այդպես մերժողական տրամադրված իրենց նկատմամբ, երբ ի սկզբանե մերժում են հետընտրական կոալիցիայի գնալու ցանկացած սցենար: «Ես ինչո՞ւ պետք է մեկնաբանեմ, թե ինչ է ասել Նաիրա Զոհրաբյանը: Իսկ որեւիցե մեկն առաջարկե՞լ է նրանց կոալիցիա: Քարոզչական տեխնոլոգիայի, քարոզչության ժամանակահատվածում ով ինչ ուզում է, թող ասի: Ասում է՝ չեմ ցանկանում, ինչո՞ւ, հիմա որեւիցե մեկը հրավիրո՞ւմ է: Հիմա գնում է նախընտրական փուլ, այնպես որ դրա մասին խոսելն ավելորդ է եւ մտքեր արտահայտելը եւս»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամներից ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը:

Կարճ ասած, ՀՀԿ-ն հայտնվել է տխուր իրավիճակում. ընտրությունների մասնակից հիմնական ուժերը բացառում են նրանց հետ համագործակցելու ցանկացած հեռանկար, բացառությամբ, թերեւս, իշխանության մաս կազմող ՀՅԴ-ի: Հետընտրական կոալիցիաների մասին ակնարկել էր նաեւ մե՛րթ իշխանության, մե՛րթ ընդդիմության կազմում հայտնվող Արթուր Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությունը՝ «Հայկական վերածնունդը», այն էլ՝ շատ վերացական:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս