Վարչապետը պնդում է ՝ անորակ վառելիք է եղել. սկանդալային այս թեման դարձել է ներիշխանական լուրջ հակասությունների պատճառ

Վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունները՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ անորակ դիզվառելիքի պատճառով զինտեխնիկայի չաշխատելու մասին, նոր զարգացումներ են ստանում: Սկանդալային այս թեման դարձել է ներիշխանական լուրջ հակասությունների պատճառ: Իսկ իրավապահ մարմինները, որ պետք է ընթացք տային Կ. Կարապետյանի հայտարարություններին՝ հերքելով կամ հաստատելով պատերազմի օրերին դիզվառելիքի պատճառով զինտեխնիկայի չաշխատելու փաստը, որեւէ քայլ չեն անում այդ ուղղությամբ: Բայց ամեն ինչի մասին սկզբից:

Եւ այսպես՝ ինչպես հիշում եք՝ մարտի 1-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետն ասել էր. «Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, եւ մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»:
Կարեն Կարապետյանը մարտի 13-ին Ավանում ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ժամանակ կրկին անդրադարձել էր այդ թեմային՝ շեշտելով. «Այո՛, Հայաստանում նախկինում մուտք էր գործում անորակ, նույնիսկ ոչ թե դիզվառելիք, այլ վառելիք:

Այն դիզվառելիքի հետ խառնվելու դեպքում տեխնիկան չէր աշխատեցնում»:
Եւ միայն դրանից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը aysor.am կայքի հարցմանն ի պատասխան՝ պաշտոնապես հերքել էր ապրիլյան պատերազմի օրերին զինտեխնիկայի խափանումների մասին վարչապետի խոսքերը: «Բանակում անորակ վառելիքի պատճառով ռազմական տեխնիկայի խափանումների դեպքեր, ներառյալ 2016-ին, չեն արձանագրվել»,- ասված էր ՊՆ պաշտոնական գրության մեջ:
Վարչապետի խոսքերն օրերս հերքել էին նաեւ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը եւ հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը:

«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ ասվել էր. «Զորամասերի հրամանատարների բանավոր եւ գրավոր հաշվետվություններում չի նշվել անորակ վառելիքի պատճառով տեխնիկայի՝ շարքից դուրս գալու մասին, ինչպես քառօրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ դրա ավարտից հետո»: Նման հայտարարություն Մ. Հարությունյանն արել էր նաեւ օրերս՝ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում:

Թեման, սակայն, այսքանով չի ավարտվել: Կառավարության երեկվա նիստում Կարեն Կարապետյանը կրկին խոսել է անորակ վառելիքի մասին ու հայտարարել, թե կառավարության ուսումնասիրության արդյունքում բենզինի ու դիզվառելիքի որակի վերաբերյալ խնդիրներ են բացահայտվել, ավելին՝ դրանց վաճառքի գործում նաեւ չարաշահումներ են հայտնաբերվել: «Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաեւ գործնականում առկա որոշակի բացերով: Արդյունքում էական վնաս պատճառվում է սպառողներին ու շուկային»,- ասել է Կարապետյանը:

Ուշադրություն դարձրեք՝ Կարեն Կարապետյանը բանակին մատակարարված անորակ վառելիքի մասին ԱԺ-ում արած հայտարարությունը կրկնել էր ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ժամանակ այն դեպքում, երբ ՀՀԿ ցուցակը գլխավորում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը (էլ չենք ասում այն մասին, որ այս ընտրություններին ՀՀԿ-ն հանդես է գալիս «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսով): Իսկ Վիգեն Սարգսյանի ղեկավարած գերատեսչությունն էլ պաշտոնական գրությամբ միանշանակ հերքել է վարչապետի հայտարարությունները: Դրանից հետո վարչապետն այս հարցին կրկին անդրադառնում է ավելի բարձր ամբիոնից՝ կառավարության նիստում, որին ներկա էր նաեւ պաշտպանության նախարարը:

Համաձայնեք, իրադարձությունների նման զարգացումն ամենեւին էլ պատահական չէ, եւ լուրջ ենթադրությունների տեղիք է տալիս: Առավել եւս, երբ խոսք է գնում պետության համար կարեւորագույն թեմայի՝ երկրի պաշտպանունակության եւ անվտանգության մասին, ու այդ առումով Սահմանադրությամբ պետության երրորդ դեմքը հաղորդում է ներկայացնում լրջագույն հանցագործության մասին՝ հնչեցնելով կոնկրետ փաստեր ու մեղադրանքներ:

Հիշեցնենք, թե սովորաբար ովքեր են պատասխանատու զինված ուժերում տեղի ունեցողի համար: ԶՈՒ գլխավոր-գերագույն հրամանատարը Սերժ Սարգսյանն է, որն այս ոլորտի համար նաեւ քաղաքական պատասխանատվություն է կրում: 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ պաշտպանության նախարարն էր Սեյրան Օհանյանը (ի դեպ, Օհանյանը հերքել էր վարչապետի հայտարարությունը՝ ասելով. «Որակի հետ կապված խնդիրներ չեն եղել ապրիլյան պատերազմի ժամանակ: Մենք այդպիսի տեղեկություններ չունենք»): Այդ ընթացքում ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Յուրի Խաչատուրովն էր, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանն էլ ԳՇ պետի տեղակալն էր:

Այդ օրերին Ալիկ Միրզաբեկյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետն էր. ի դեպ, ապրիլյան պատերազմից հետո նա ազատվեց աշխատանքից: Եւ, վերջապես, բանակին հիմնական վառելիք մատակարարողը Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխներից Բարսեղ Բեգլարյանն է՝ իր «Ֆլեշ» ընկերությամբ: Էլ չենք ասում ԼՂՀ ՊԲ հրամանատարի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների մասին:

Սովորաբար նման իրավիճակներում վարչապետի հայտարարություններին պետք է հետեւեին իրավապահ մարմինների՝ ՀՀ գլխավոր դատախազության, որի կազմում է նաեւ զինվորական դատախազությունը, ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի համապատասխան գործողությունները: Ու եթե իրավապահները պարզեին, որ վարչապետի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում, ապա Կ. Կարապետյանը պետք է առնվազն ներողություն խնդրեր (չնայած, հազիվ թե վարչապետը նման լուրջ թեմայի վերաբերյալ ստեր, այն էլ մի քանի անգամ): Եթե վարչապետի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, ապա պետք է քրեական գործ հարուցվեր, ու մեղավորները ենթարկվեին պատասխանատվության:

 

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ