Նախանձ կա. փորձում եմ ինձ հեռու պահել մեր ասպարեզի որոշ ներկայացուցիչներից. Հասմիկ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Միլիոնից մեկը» խորագրով շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք հայ հանրության կողմից ճանաչում վայելող շոուբիզնեսցիների անցած ուղուն, պարզում ենք` ինչի հետ են նրանք դժվարությամբ համակերպվել, ինչն է դարձել նրանց հաջողության գրավականը եւ այլն: Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Հասմիկ Կարապետյանն է:

Թալիսման-երգը

Երգարվեստում քայլերս արել եմ 1996-97թթ., բայց «Ես գնում եմ, սիրելիս» երգի տեսահոլովակի թողարկումից հետո էր, որ հասկացա` շատերն էին ճանաչում ինձ եւ երգում երգերս: Դա 2001 թվականին էր: Կարծում եմ` մարդկանց սրտեր եւ հոգիներ մտա հենց այդ երգով, որը համարում եմ իմ թալիսմանը, եւ որը դարձավ հիթ:

Ակումբում երգողի պիտակը

Երբ նոր էի մուտք գործել այս ասպարեզ, ինձ համար դժվար էր համակերպվել ակումբային աշխատանքի հետ, որովհետեւ չեմ սիրում հանդիսատեսին շատ մոտ լինել, նախընտրում եմ, որ ինձ հեռվից ունկնդրեն. այդ դեպքում ավելի անկաշկանդ եմ լինում: Իսկ երբ մարդիկ մոտ են նստած, դու տեսնում ես` ինչպես են նրանք ուտում, զրուցում, հաճախ էլ ականջիդ քո մասին խոսկացություն է հասնում, որն իրականության հետ կապ չունի: Այդ ամենը միշտ ճնշել է ինձ: Սկզբնական շրջանում դժվար է եղել նաեւ կրել ակումբում երգողի պիտակը: Տարիներ առաջ, ի տարբերություն այժմյան իրավիճակի, ակումբում երգելն այնքան էլ լավ չէր նայվում:

Անձեռնմխելի եւ անհասանելի չէ

Բնականաբար, երբ ճանաչված մարդ ես, ուզես թե չուզես` մարդիկ ձգտում են դեպի քեզ, քեզ մոտենալու ուղիներ են որոնում: Հանրային անձ լինելը մեզ մոտ այդքան էլ հեշտ բան չէ. երկիրը, քաղաքը, շուկան փոքր են, այնինչ՝ հայտնիները պետք է անհասանելի լինեն, անմատչելի մնան: Ցանկալի չէ, որ մարդիկ տեսնեն նրան, օրինակ, հանրախանութներում: Ցավոք, դա մեզ մոտ գրեթե անհնար է: Ուստի շատ շոուբիզնեսցիներ շոփինգի են գնում արտերկրում: Ես պատկանում եմ այն երգչուհիների թվին, որոնք անձեռնմխելի ու անհասանելի չեն. միշտ էլ եղել եմ անմիջական ու անկեղծ իմ երկրպագուների եւ մյուս մարդկանց հետ, ինքս ինձ արհեստականորեն չեմ առանձնացրել հանրությունից, համեստ կյանքով եմ ապրել: Չեմ կարող անհասանելի լինել. դրա համար պետք է համապատասխան ապրելակերպ ունենալ:

Գուցե այս երաժշտությունը ես մատուցեի արտերկրում եւ ավելի մեծ գնահատականի արժանանայի, հնարավորություններս ավելի մեծ լինեին: Կցանկանայի ստեղծագործել մի երկրում, որտեղ օրիգինալությունն ու անհատականություն լինելը բարձր են գնահատվում: Հաճախ ինքս ինձ ասում եմ, որ մեր երկրում հանուն արվեստի չարժի անձնազոհության գնալ, քանի որ դրա դիմաց ավելի քիչ ենք ստանում, քան նման նվիրումով աշխատելու դեպքում կարող էինք ստանալ արտերկրում: Մնում է մարդկանց սերն ու հարգանքը, որոնք թեւ ու թիկունք են տալիս մեզ:

«Վատառողջ» մրցակցություն

Միշտ աշխատել եմ հեռու մնալ կոնֆլիկտներից, եւ մեր ոլորտում ոչ ոքի հետ մեծ ընդհարումներ չեմ ունեցել, թույլ չեմ տվել, որ ինձ այդքան մոտ լինեն: Հասկացել եմ, որ այդ զանգվածի մարդկանց հետ շփումներում հարկավոր է որոշակի դիստանցիա պահել: Ցավոք, մեր ասպարեզի ներկայացուցիչների միջեւ մրցակցությունն այնքան էլ առողջ չէ, այսպես ասած` «վատառողջ» մրցակցություն է (ծիծաղում է): Նախանձ կա, չկամություն, նենգություն, չարություն, այդ իսկ պատճառով ես ինձ փորձում եմ հեռու պահել:

Ակամա առավելություն

Հանրային անձ լինելու հանգամանքն իմ առջեւ բազմաթիվ դռներ է բացել: Փոքրիկ օրինակ բերեմ. System of a Down-ի` 2015-ի երեւանյան համերգի ժամանակ շատերն էին փորձում մոտենալ բեմին, ոստիկանները չէին թողնում, բայց երբ տեսան ինձ`ամուսնուս եւ ընկերներիս հետ, անմիջապես ընդառաջեցին: Եղել է նաեւ, որ տարբեր փաբերում, ռեստորաններում տեղ չի եղել, բայց ինձ եւ ընկերներիս ներս են թողել առանց հերթի: Այդ ամենը մի կողմից շատ հաճելի է, բայց մյուս կողմից էլ` վատ ես զգում, որ այդ պահին մյուսների նկատմամբ ակամայից առավելություն ես ձեռք բերում:

Նախկին ակտիվությունը չի կարող լինել

Ես իմ ամուսնու ուշադրությունը ի սկզբանե գրավել եմ երգարվեստով եւ երբեւէ գործնական եւ անձնական կյանքս համատեղելու խնդիր չեմ ունեցել: Կարծում եմ, առհասարակ, մեր հասարակությունում կանանց` կարիերա անելու ցանկությանը տղամարդիկ նախկինի պես խիստ չեն նայում: Իրավիճակը մեղմացել է: Մեզ մոտ շատ են օրինակները, երբ երգչուհիներն ամուսնացած են, ունեն ավանդական ընտանիքների եւ ամուսնու կողմից աշխատանքին վերաբերող ոչ մի արգելք չի դրվում: Ամեն դեպքում, այն համոզման են, որ արվեստի բնագավառի ցանկացած կին ընտանիք կազմելուց եւ հատկապես մայրանալուց հետո չի կարող նախկին ակտիվությունը ցուցաբերել: Թեեւ, իմ օրինակով կարող եմ ասել, որ դրան զուգահեռ ստեղծագործող մարդը երբեք չի դադարում աշխատել:

Վտանգավոր ու գայթակղիչ

Եթե ստեղծագործող մարդ ես, անընդհատ հոգու պոռթկումներ ես ունենում, ուզում ես արտահայտվել եւ կարոտում ես հանրային լինելուն, եթե որեւէ ժամանակահատված դուրս ես մնացել մարդկանց ուշադրության շրջանակից: Ով ասում է, որ չի կարոտում, ստում է, քանի որ հոգու խորքում բոլորն էլ սիրում են, երբ իրենց ճանաչում են, առավել եւս` համակրում: Դա շատ վտանգավոր եւ գայթակղիչ երեւույթ է, եւ դրա բացակայությունը կարող է հետագայում ընկճախտի պատճառ դառնալ: Ես փորձում եմ ինձ բալանսի մեջ պահել, չտարվել այդ գայթակղությամբ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս