Սերժ Սարգսյանին ատամներով պաշտպանող թեկնածուն. որ արժանիքների համար է Կարեն Ավագյանը հայտնվել ՀՀԿ ցուցակի 10-յակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրություններին հաշված օրեր են մնացել, եւ ճիշտ ժամանակն է՝ եւս մեկ անգամ դիտարկելու իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորների գործունեության հետագիծը: «Ժողովուրդ» օրաթերթը այսօր կփորձի պարզել, թե ինչ անկրկնելի ծառայություններ են մատուցել «երիտհանրապետական» Կարեն Ավագյան, ում անունն այսօր ներկայացված է ՀՀԿ-ի ցուցակի առաջին տասնյակում:

Կարեն Ավագյանը Սերժ Սարգսյանի համար թերեւս լավագույն երիտհանրապետականներից է։ Շատերը կհիշեն, թե նա ինչպես էր զայրացել Գագիկ Ծառուկյանի վրա 2015թ․փետրվարին, երբ վերջինս համարձակվել էր մարտահրավեր նետել Սարգսյանին։ Արմեն Աշոտյանից հետո Ծառուկյանի դեմ արշավի ամենակատիվ զինվորն էր Կարեն Ավագյանը, որը ԲՀԿ առաջնորդին ոչ մի կերպ չէր խնայում՝ անձնական վիրավորանքներից մինչեւ քաղաքական ծայրահեղ որակումներով «պատվելով»։

Իսկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալուց հետո նա կտրականապես փոխեց իր կեցվածքը՝ խուսափելով կրկնել իր նախկին ձեւակերպումները։ Ավագյանը, սակայն, մինչ այդ հայտնի էր «փուչիկների գործով». նրա կազմակերպած միջոցառման ժամանակ գազավորված փուչիկները պայթել էին՝ մարմնական վնասվածքներ հասցնելով ՀՀԿ-ի քարոզչական միջոցառմանը մասնակցող երիտասարդներին։ Այդ դաժան միջադեպից հետո էլ համացանցը ողողվեց Ավագյանի համար հորինված մականուններով (օր․՝ «փուչիկ Կարեն»)։ Ավագյանը ՀՀԿ նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի կադրերից էր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահը։ Մինչ օրս նա շարունակում է կրել այդ «պատվավոր տիտղոսը», թեպետ վաղուց հատել է 40-ի շեմը։

Սերժ Սարգսյանին ատամներով պաշտպանելու Կարեն Ավագյանի քայլերը, սակայն, ամենեւին էլ միայն անսահման սիրուց ու հարգանքից չէ, որ դրդված են։ Մամուլը բազմիցս է գրել, որ Կարեն Ավագյանի ղեկավարած «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը» մեծ դրամաշնորհներ է ստանում կառավարությունից, ինչին զուգահեռ աճում է նաեւ Ավագյանի անձնական ունեցվածքը։

Հիշեցնենք, որ Ավագյանը 2016թ․ ընթացքում ստացել էր 20 մլն ՀՀ դրամի եւ 40 հազար ԱՄՆ դոլարի եկամուտ, որի մի մասը գոյացել էր աշխատավարձից, մյուսը՝ նվիրատվություններից։ Ավագյանը, սակայն, կարծես այնքան էլ տրամադրված չէ հանրությանը պարզաբանելու, թե այդ ինչ նվիրատվություններ է ստացել։ Նկատենք, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կերազեր նման նվիրատվություններ ստանալ: Հաշվի առնելով Ավագյանի նվիրվածությունը կոռուպցիայի դեմ պայքարի, թափանցիկ, անբասիր կենսագրությամբ պաշտոնյաներով իշխանությունը համալրելու ՀՀԿ-ի ղեկավարության հորդորներին՝ վստահ ենք, որ նա կբացահայտի այդ առեղծվածը եւ բոլորիս կհուշի, թե ինչպես է ձեռք գցել այդօրինակ նվիրատվություններ։

Իսկ նախորդ 5 տարիներին ԱԺ-ում Կարեն Ավագյանն իրեն դրսեւորել է որպես պատասխանատու ՀՀԿ-ական, ինչի վկայությունն է նրա քվեարկությունների պատկերը․ կողմ՝ 884, դեմ՝ 9, ձեռնապահ՝ 2։ Ավագյանը, հրաժարվելով քվեարկություններից 33 անգամ, բացակայել է 35 նիստերից։ Ըստ Parliamen Monitoring-ի տվյալների՝ ԱԺ նիստերի ժամանակ նա հանդես է եկել 2 հարցապնդումներով՝ առանց ԱԺ ամբիոնից ելույթ ունենալու։ Այս ամենից ելնելով՝ Սերժ Սարգսյանը Կարեն Ավագյանին բազմեցրել է ՀՀԿ-ի ցուցակի 10-րդ հորիզոնականում՝ հարկադրելով հայ հասարակությանը «վայելել» երիտասարդ այս հանրապետականի խորհրդարանական ներկայությունը եւս 5 տարի։

Ն. Հովսեփյան




Լրահոս