Արթուր Սարգսյանի հետ կատարվածը բժիշկների վրա բարդելու ՀՀԿ-ականների ջանքերն անտեղին են. բոլոր պատասխանատուները պետք է ծայրից ծայր պատժվեն. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվանը, երեկ ասել է. «Եթե Հաց բերողի մահը նախընտրական փուլում չլիներ, իշխանության նկատմամբ մեղադրանքներ չէին հնչի»: Փորձելով զերծ մնալ նման հայտարարությանը համարժեք՝ ծայրահեղ ցինիկ կամ անմեղսունակ բնութագրիչների օգտագործումից՝ նշենք, որ այդպիսի պնդումն առնվազն ադեկվատ չէ: Այսինքն՝ մարդը 25 օր շարունակ հացադուլ է անում՝ բողոքելով իր նկատմամբ կիրառված բացահայտ ապօրինի քայլի դեմ, իսկ Վ. Բաղդասարյանի ներկայացրած իշխանությունը որեւէ կերպ չի արձագանքում, ոչ մի քայլ չի ձեռնարկում՝ ըստ էության թողնելով, որ առողջական խնդիրներ ունեցող եւ ոչ մի հանցանք չգործած մարդը գնա ծայրահեղ հյուծման, եւ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարելիք այցից առաջ, այն էլ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, ի վերջո, ազատ է արձակում նրան. ահա այս ամբողջի համար իշխանությունների նկատմամբ մեղադրանքներ չէին հնչի, եթե Հաց բերողը նախընտրական փուլում չմահանա՞ր:

Բաղդասարյանն ու նրա կուսակիցները այսքանից հետո դեռ հորդորում են ողբերգությունը քաղաքական մանր շահարկումների առարկա չդարձնել: «Դա եղել է բժշկական պրոցես, եւ պետք է հավատանք, որ պետք է լինի ամենաօբյեկտիվ քննություն: Մեղավորները միանշանակ պետք է պատժվեն, եւ ինձ թվում է, որ ամեն խնդիր պետք չէ կապել իշխանության հետ: Բժիշկները տվել են Հիպոկրատի երդում, քննության մեջ պետք է լինեն բժիշկներ: Ինձ թվում է՝ այդ քննությունից հանրությունը գոհ կմնա, սպասենք քննությանը: Եթե դրա արդյունքները մեզ չեն գոհացնի, առաջին քննադատողներից մեկը ես կլինեմ»,- ասել է Բաղդասարյանը՝ այդպիսով փորձելով իշխանության «ձեռքերը լվանալ»:

Նախ արձանագրենք, որ ՀՀ-ում շատ վաղուց նման դեպքերում օբյեկտիվ քննության մասին հայտարարություններն ընդամենը քմծիծաղ են հարուցում: Ինչ մնում է քննությունից հանրության գոհ մնալուն, ապա Բաղդասարյանն ու նրա կուսակիցները պետք է իմանան, որ հանրությունը գոհ կմնա քննության արդյունքներից մի դեպքում՝ եթե ծայրից ծայր պատժվեն այն բոլոր պատասխանատուները՝ սկսած երկրորդ անգամ կալանքի միջնորդությունը ներկայացրած քննիչից, այն հաստատած դատավորից, ավարտած ՀՔԾ պետով, գլխավոր դատախազով եւ, ի վերջո, Բաղդասարյանի կուսակցապետ Սերժ Սարգսյանով, առանց որի համաձայնության, ինչպես հայտնի է, մեր երկրում ոչ մի հարց չի լուծվում: Ա՛յ, եթե այդ բոլոր պաշտոնյաները հայտնվեն ճաղերի հետեւում՝ իրենց գործած ապօրինության համար, այդ դեպքում այո՛, հանրությունը գոհ կմնա:

Հ. Գ. Ինչ վերաբերում է կատարվածը բժիշկների վրա բարդելու ՀՀԿ-ականների ջանքերին, նշենք, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական գծով բժշկական տնօրեն Արսեն Գրիգորյանն արդեն իսկ ասել է. «Հաշվի առնելով իր ուղեկցող հիվանդությունները, հյուծումը՝ մենք կարող ենք ասել, որ հիվանդության ախտաբանական զարգացումը արագ էր տեղի ունեցել»:




Լրահոս