«Ժողովուրդ»-ը մարդկային էությունը բացահայտող հարցերի միջոցով փորձել է ստանալ երգչուհի Շպռօտի (Անի Թովմասյան) դիմանկարը: Հայկական շոու-բիզնեսի ամենաէպատաժային դեմքերից մեկը, ով տեւական ժամանակ է` բնակվում է ԱՄՆ-ում, պատմել է իր նվաճումների եւ հիասթափությունների մասին, անդրադարձել է իր նախասիրություններին, խոսել է այն մասին, թե իր պատկերացմամբ ինչպիսին պետք է լինի կինը, ընկերը, ասել է, թե ինչ սպասելիքներ ունի կյանքից:
-Շպռօ՛տ, ինչպե՞ս եք սկսում Ձեր օրը:
-Առավոտյան առաջինը կատվիս եմ կերակրում, այնուհետեւ սեւ սուրճ եմ խմում:
-Բնութագրեք Ձեզ երեք բառով:
-Հավատարիմ, շնորհակալ, համառ:
-Ո՞վ կարող է դառնալ Ձեր ընկերը:
-Այն մարդը, ով չի փորձի ինձ փոխել, ով կգա ինձ հետ մեռնելու: Նա, ով ներողամիտ է:
-Կյանքի կարգախոս ունե՞ք:
-Ներկայի մեջ է ուժը: Ընդունել ներկա պահն այնպես, ինչպես կա, նույնիսկ եթե այն այնքան էլ սրտովս չէ:
-Ո՞ր գրողներին եք սիրում:
-Էքհարթ Թոլլ, Լուիզա Հեյ, Պիա Մելլոդի, Ջոն Կեհո, Վադիմ Զելանդ, Ռիչարդ Բախ:
-Ձեր կարիերան ի՞նչ փուլերի կբաժանեք: Հիմա ո՞ր փուլում եք:
-Կյանքն ալիքի նման մի բան է, մեկ բարձրանում ես, մեկ իջնում, բայց ծովի ալիքների խորքում` հատակի մոտ, ջուրը միշտ խաղաղ է եւ հանգիստ, ալիքներ չկան: Փորձում եմ ալիքներին չտրվել, որ խաղաղությունս չկորցնեմ: Հիմա լավ փուլ է իմ կարիերայում, նոր երգս լավ արձագանք ունեցավ, երկար դադարից հետո պատրաստվում եմ մեկ այլ գործ ներկայացնել երկրպագուներիս:
-Ի՞նչ տեղ ունի Ձեր կյանքում փողը:
-Деньги меня не волнуют. Они меня успокаивают.
-Ճակատագրական մարդ (մարդիկ), որը մեծ շրջադարձ է արել Ձեր կյանքում:
-Նկարչության ուսուցչուհիս` ընկեր Ռուզաննան, մեծ դեր է խաղացել իմ կյանքում: Մենք շատ խորը հոգեւոր կապ ունեինք: Հետո` ավելի մեծ տարիքում, մորաքրոջս աղջիկը` Իվետան, դարձավ իմ խորհրդատուն: Ես շնորհակալ եմ կյանքից նրանց տված յուրաքանչյուր խորհրդի համար:
-Կա՞ այնպիսի հատկություն, որը խանգարում է, որպեսզի մարդիկ Ձեզ ավելի լավ հասկանան:
-Ես էմոցիոնալ մարդ եմ եւ շուտ բռնկվում եմ, նաեւ ճիշտը ճակատին ասող եմ: Իսկ դուզ խոսողի գլուխը ծակ է: Բայց ամենամեծ խնդիրն այն է, որ մարդիկ երգչուհուն հնարավորություն ունեն ճանաչելու միայն ինստագրամյան լուսանկարների եւ տեսահոլովակների միջոցով: Նրանց թվում է, որ ես հացի խանութ գնալիս էլ եմ լողազգեստ հագնում, բայց այդպես չէ: Իրականում ես շատ համեստ մարդ եմ, ուղղակի բեմական կեցվածքս է համարձակ:
-Շարունակեք միտքս` կինը երբեք չպետք է…
-Կինը երբեք չպետք է ապրի տղամարդու էներգիայի մեջ, այսինքն` աշխատի տղամարդու պես, առաջարկի սեր տղամարդուն, փորձի ապացուցել տղամարդուն, որ ինքն ավելի ուժեղ է եւ խելացի: Կինը չպետք է լինի հեշտ հասանելի եւ անխնամ: Մի խոսքով` կինը պետք է սիրի իրեն ամբողջ ուժով:
-Արարք, որին ինքներդ երբեք չեք դիմի` որպես կին:
-Դավաճանություն, անբարոյականություն:
-Ձեր մասին լսած ամենաանհավանական ասեկոսեն ո՞րն է եղել:
-Իմ մասին բոլոր ասեկոսեներն անհավանական են:
-Ձեր ամենամեծ հիասթափությունը ո՞րն է եղել, եթե գաղտնիք չէ:
-Սիրած մարդու կողմից դավաճանությունը:
-Կյանքից ի՞նչ սպասելիքներ, ակնկալիքներ ունեք:
-Ես փորձում եմ սպասելիքներ չունենալ, այլապես, երբ սպասում ես, դրան հաջորդում է հիասթափությունը: Ես ընդունում եմ կյանքի բոլոր նվերները:
Աննա Բաբաջանյան