«ՎԱ՛Յ, ՎԱ՛Յ, ՀՈՒԶՎԵՑԻ». ՄԱՆՈՒԿՅԱՆԸ «ԳԵԼԱՓ»-Ի ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչները՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ իրենց նախընտրական ծրագիրն էին ներկայացնում Կոտայքի մարզում, մասնավորապես Եղվարդ, Չարենցավան, Հրազդան եւ Աբովյան քաղաքներում:

«Ժողովուրդ»-ը նկատեց, թե ինչպես էին քարոզարշավին մասնակցողները արտահայտում իրենց զայրույթը եւ հիասթափությունը սպասվելիք ընտրությունների վերաբերյալ եւ միանշանակ փաստում, որ ոչ մի լավ բանի չեն սպասում: Նշենք, որ դաշինքի քարոզչական շրջայցին չէին մասնակցում ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ո՛չ էլ Ստեփան Դեմիրճյանը: Իսկ հանդիպումներն էլ բավականին սակավամարդ էին: Ինչո՞ւ է դաշինքի նախընտրական քարոզչությունը անցնում այդքան սակավամարդ, եւ որտե՞ղ են Տեր-Պետրոսյանն ու Ստեփան Դեմիրճյանը. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ:
-Պարո՛ն Մանուկյան, արդեն մի քանի օր է, ինչ նախընտրական քարոզարշավը մեկնարկել է: Այս ընթացքում Ձեր հանդիպումները նկատելիորեն սակավամարդ են, մինչդեռ տարիներ առաջ ՀԱԿ-ի քարոզարշավներին հազարավոր մարդիկ էին մասնակցում: Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը, մարդիկ հիասթափվե՞լ են ձեզանից, թե՞…
-Ո՛չ, ո՛չ, սա մեր հանդիպումները չեն ժողովրդի հետ, ամենեւին, երկու մարզ որոշեցինք այցելել մեր շտաբների աշխատողներին, սա մեր ակտիվն է, սա մեր հանձնաժողովի անդամներն են եւ շտաբի կազմակերպիչները, վերջում՝ այս երկու օրվա հանդիպումներից հետո, մենք իրենց հարցնում ենք՝ ինչպես եք տեսնում քարոզի շարունակությունը, մի քանի խնդիր կա, որ մենք ուզում ենք ինքներս մեր համար պարզել: Մենք դիմում ենք մեր բոլոր տարածքային կառույցներին՝ միտինգնե՞ր, թե՞ փողոցներում, շենքերի բակերում փոքր հանդիպումներ, եթե միտինգներ, ապա մարզայի՞ն, թե՞ բոլոր քաղաքներում: Նաեւ փորձում ենք պարզել՝ արդյոք ավելի ճիշտ է շեշտը դնենք հեռուստատեսային ելույթների վրա եւ քարոզի նյութերի տարածման վրա, այս երկու օրվա մեր բոլոր այցելությունների իմաստը հետագա շարունակության ձեւի ընտրության խնդիրն է, հիմա այսօր (հեղ-երեկ) մենք արդեն կամփոփենք երկու մարզը՝ Արագածոտնը եւ Կոտայքը, որից հետո մենք որոշում կկայացնենք, թե ինչ մեթոդներ կիրառենք մինչեւ ապրիլի երկուսը մեր քարոզը շարունակելու համար:
-Իսկ ինչո՞վ է պայմանավորված հենց այս երկու մարզերի ընտրությունը: Ինչ-որ խորհուրդ կա՞ սրա մեջ:
-Առաջարկությունները այս երկու մարզերից եղան: Մեր բոլոր նախաձեռնությունները միշտ ներքեւից են գալիս, մեր տարածքներին ասացինք, թե ովքեր են ուզում այսպիսի հանդիպումներ անել, որոշել շարունակությունը, սա հետախուզում էր, ուսումնասիրություն էր, հետազոտություն էր: Այս պահին չգիտեմ՝ ինչպես են տարածքային կառույցները մեզ առաջարկում շարունակել քարոզարշավը:
-Լավ, եթե այս հանդիպումներից հետո համոզվեք, որ հասարակությունը ցանկանում է քարոզարշավի դասական տարբերակ, ասել է, թե հանրահավաքներ, ինչպե՞ս եք հասցնելու դրանք իրականացնել ամբողջովին, չէ՞ որ խորհրդարանական ընտրություններին մեկ ամսից էլ քիչ է մնացել:
-Մենք կբաժանվենք երեք, չորս գուցե հինգ խմբի, միշտ այդպես ենք արել, օրինակ՝ եթե այսօր ես եւ Լեւոն Զուրաբյանը միասին ենք, եթե գնանք այն ճանապարհով, որ գնում ենք գյուղերով, մենք կբաժանվենք: ՀԺԿ-ն կամ մեր մնացած պատգամավորները կբաժանվենք խմբերի, որ հասցնենք: Հանրաքվեի ժամանակ էլ երեք, չորս, հինգ խումբ ստեղծեցինք, ընդ որում, ՀԺԿ-ի հետ համատեղ՝ մի ներկայացուցիչ իրենցից, մեկ ներկայացուցիչ մեզանից, մի խումբը գնաց մինչեւ Սիսիան, Գորիս, մի մասը գնաց Շամշադին, մյուս մասը՝ Լոռվա կողմերը, այսինքն՝ այդ տարբերակով կարող ենք շատերի հետ հանդիպել, երբ որ ունենանք առնվազն հինգ աշխատանքային խումբ:
-Պարո՛ն Մանուկյան, ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ո՛չ էլ Ստեփան Դեմիրճյանը այս քարոզարշավին չեն մասնակցում: Սա նո՞ր մարտավարություն է:
-Նրանք իրենք են որոշում: Լեւոն Տեր-Պետրոսյանի մի հոդվածը, մի ելույթը հազարապատիկ ավելին է, քան Ձեր ասած՝ տեղում մի հատ հանդիպումը, ու եկեք խոստովանենք, որ այսօրվա նախընտրական փուլի թիվ մեկ թեման խաղաղության ծրագիրն է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած, այսինքն՝ ինքն է որոշում իր մասնակցության ֆորմատը: Մասնավորապես ես այսպես ասեմ՝ ավելի ակտիվ քաղաքական գործիչ այս գործընթացում իր պրոդուկտով, իր հոդվածով չկա, քան Տեր-Պետրոսյանը: Մենք բոլորս խոսում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի խաղաղության կոնցեպտի մասին, հիմա մնացածը ինքը կորոշի: Հաստատ համոզված եղեք, որ ինքը ավելի լավ, ավելի պրոդուկտիվ ձեւ կգտնի, քան Դուք եք մտածում:
-«Գելափ Ինթերնեյշնլ»-ի Հայաստանի ներկայացուցչության հարցումների համաձայն՝ այս ընտրապայքարում առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է, երկրորդը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, իսկ ահա «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը անգամ անցողիկ շեմը չի հաղթահարի…
-Վա՛յ, վա՛յ, վա՛յ, տխրեցի, հուզվեցի, եւ կարող է՝ գնամ մեր տուն եւ այլեւս չզբաղվեմ…, իսկ ե՞րբ է «Գելափ»-ը ճիշտ ասել որ, ե՞րբ է տեղական ֆինանսներով եւ տեղական քաղաքական պատվերով աշխատող կառույցը անաչառ ներկայացրել պատկերը: Ես էլ հակառակը կասեմ՝ չեմ հանդիպել որեւէ տեղ որեւէ մարդ, ազատ մարդ ասի, թե հանրապետականին ձայն է տալու, չեմ տեսել, այդպիսի մարդ գոյություն չունի: Ինչպես կարող է հայը, ադեկվատ հայը, սթափ հայը, ողջամիտ հայը հանրապետական կուսակցությանը ձայն տա ու ասի՝ եկեք, ժողովուրդ, գնում ենք հանրապետականին ընտրենք, իրենք լավն են, հաղթող են, իրենք երկրի մասին մտածում են: Ավելին՝ Ձեզ ասեմ՝ գնացեք, «Գելափ»-ին հարցրեք՝ կա՞ քաղաքական ուժ, որը քաղաքական ծրագիր է ներկայացնում, մի հատ կուսակցություն, որը մեզ նման քաղաքական ծրագիր է ներկայացրել, ժողովրդին քննարկման թեմա, լավ է, վատ է, կարեւոր չէ, բայց ծրագիր է ներկայացրել, խաղաղության ծրագիր: Մի մասը ուրախ է, մի մասը դժգոհ է, մի մասն ամաչում է… Մենք ծրագիր ենք դրել քաղաքացու առաջ, ոչ թե խոստում:
-Պարո՛ն Մանուկյան, ինչպե՞ս կբացատրեք այն փաստը, որ Ձեր քարոզչական պաստառների վրա Լեւոն Տեր-Պետրոսյանի վաղ տարիների լուսանկարն է:
-Լա՛վ, լա՛վ, պատասխանելու բան չկա:

Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 
ՓՈԽՄԱՐԶՊԵՏԸ ՆԱԵՎ «ԳԱԶԱՎԻԿ Է»

Արթիկի՝ 8-ամյա կրթությամբ նախկին քաղաքապետ, իսկ ներկայումս Շիրակի փոխմարզպետ Խաչատուր Վարագյանը, պարզվում է, մեկ աշխատանքով չի բավարարվում: Նա մարզի ղեկավարման պարտականությունները տեղակալի կարգավիճակում կատարելուն զուգահեռ այլ աշխատանքի է հաճախում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հանրապետական կուսակցությունը լքած Խաչատուր Վարագյանը անդամակցել է «Հայ հեղափոխական դաշնակցությանը»: Հիմա էլ ՀՅԴ ռեյտինգային ընտրացուցակով իր թեկնածությունն է առաջադրել Շիրակի մարզում: Նրա վրա խնդիր է դրված` ձայներ հավաքել ՀՅԴ-ի օգտին:
Ինչպես հայտնի է՝ Վարագյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ «Հայռուսգազարդ»-ի տնօրեն եղած ժամանակ աշխատել է այդ համակարգում որպես Շիրակի մարզի ԳԳՄ տնօրեն: Մինչ օրս նա չի դադարեցնում «գազավիկի» իր գործունեությունը` ամուր կապեր ունենալով Շիրակի մարզի ԳԳՄ-ում:
Պարզվում է` Խաչատուր Վարագյանը, լինելով փոխմարզպետ, նաեւ շարունակում է օրվա մի մասն անցկացնել Շիրակի մարզի ԳԳՄ-ում: Ավելին` նա ԳԳՄ-ում պաշտոնական փաստաթղթեր է ստորագրում: «Ժողովուրդ»-ը փորձեց անձամբ փոխմարզպետից պարզել, թե ինչպես է ստացվում, որ մարդիկ անգամ մի աշխատանք չունեն, սակայն նա երկու աշխատանքն էլ պահում է, բայց չստացվեց:
Վարագյանի հեռախոսին պատասխանեց ընկերը` ասելով, թե նա հանդիպման է եւ չգիտի, երբ կավարտվի հանդիպումը: Մինչ ուշ գիշեր հանդիպման ավարտի մասին այդպես էլ ոչինչ չիմացանք, ու Վարագյանից հնարավոր չեղավ պարզաբանում ստանալ, թե ինչու է երկու իրար ոչ համադրելի աշխատանքներ իրականացնում:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 
ԼԻՍԿԱՅԻՆ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ 10 ՄԼՆ-ՈՎ
«Սագմար» ՓԲԸ-ն, որի գործունեությունը կապվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվան հետ, հայտնվել է պետական եկամուտների ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2015 թվականի մարտի 18-ին ընկերության անունով հորատող մեքենա է արտահանվել այլ երկիր, սակայն ժամկետը լրանալուց հետո ընկերության տնօրեն Կարեն Ղազարյանը չի կատարել անհրաժեշտ վերաձեւակերպումը: Այդ թերացման հետեւանքով պետական եկամուտների կոմիտեն «Սագմար» ՓԲԸ-ին տուգանել է շուրջ 10 միլիոն դրամի չափով: Նշենք, որ 2016 թվականին «Սագմար» ՓԲԸ-ի աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը: Իսկ ընկերության տնօրինությունն էլ որպես աշխատավարձերի ուշացման պատճառ նշել էր այն փաստը, որ ՓԲԸ հաշիվները 2015թ.-ի ամռանը հարկային ստուգումների ժամանակ հայտնաբերված 950 մլն դրամի հոնորարի պարտքի պատճառով ֆինանսների նախարարության կողմից կալանքի տակ են: Այնպես որ, Սուրիկ Խաչատրյանին պատկանող ընկերությունը գտնվում է շատ վատ վիճակում:

 

 

ԴՈՒՌԸ ԹԱԿԵԼՈՎ
Երեւանի Արաբկիր, Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքներն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Տավրոս Գեւորգյանն իր նախընտրական հանդիպումները սկսել է 16-րդ թաղամասից: Թեեւ նրա կողմնակիցները հոգացել են, որ հանդիպումը մարդաշատ անցնի, Գեւորգյանին դիմավորեն աղ ու հացով, սակայն, այնուամենայնիվ, շատ քիչ մարդ է ներկա եղել: Տեսնելով այս վիճակը՝ Տ. Գեւորգյանի թիմակիցները մտել են շենքերը եւ թակելով բնակիչների դռները՝ նրանց խնդրել, հորդորել են իջնել բակ՝ հանդիպելու թեկնածուին, հարցեր տալու նրան: Ու թեեւ բնակիչներից շատերը չեն մերժել Գեւորգյանի կողմնակիցների խնդրանքը, այնուամենայնիվ, այդպես էլ չեն իջել հանդիպման:
Հիշեցնենք, որ վերջերս Աջափնյակում մեծ ծեծկռտուք էր տեղի ունեցել Տ. Գեւորգյանի եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ այդ ընտրատարածքում կրկին ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Արման Սահակյանի կողմնակիցների միջեւ, բայց իրավապահներն այդպես էլ ընթացք չէին տվել միջադեպին:

 

 

 

ՔՆՆՈՒՄ ԵՆ ԳԱՂՏՆԻ
ԱԱԾ-ի կողմից պետական դավաճանության կասկածանքով կալանքի տակ գտնվող պահեստազորի մայոր 38-ամյա Գարիկ Մարությանի գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննում է գաղտնի: Հիշեցնենք, որ Գարիկ Մարությանին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության համար: Ըստ ԱԱԾ-ի` երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոն՝ նա համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ:




Լրահոս