«ԻՆՉԵՎԷ». ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից է: Կուսակցապետը իր թեկնածությունն առաջադրել է թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երեւանի Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ եւ Նուբարաշեն համայնքները: Ինչու՞ ՀՀՇ-ն չստորագրեց դաշինքի հուշագրի տակ, եւ ի՞նչ է փոխվել տարիների ընթացքում, որ Զուրաբյանը սկսել է աջակցել Ծառուկյանին. «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանն է:

-Պարո՛ն Զուրաբյան, Դուք «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի անցողիկ տեղում եք գտնվում, միեւնույն ժամանակ առաջադրվել եք ռեյտինգային ընտրակարգով: Դեպի խորհրդարան տանող ո՞ր ճանապարհն եք ավելի հաջողակ եւ արդյունավետ համարում Ձեզ համար:
-Ես «Ծառուկյան» դաշինքի վեցերորդ հորիզոնականում եմ եւ կարծում եմ, որ համամասնական ճանապարհով շանսերը բավականին մեծ են: Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրությանը, ապա առաջադրվել եմ Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշենն ընդգրկող ընտրատարածքում եւ բավականաչափ բարձր եմ գնահատում շանսերս, որովհետեւ առաջին անգամ չէ, որ ընտրություններին մասնակցում եմ այս տարածքում: Բազմիցս մասնակցել եմ, բազմիցս լավ արդյունքներ եմ արձանագրել եւ համոզված եմ, որ այս անգամ եւս որեւէ բան դրան չի խոչընդոտի:
-Իսկ Ձեզ կօգնի՞, թե՞ կխանգարի այն փաստը, որ Դուք ժամանակին եղել եք Կենտրոն համայնքի թաղապետը:
-Ես կարծում եմ, որ շատ կօգնի, կօգնի, որովհետեւ բազմաթիվ մարդկանց հետ եմ շփվել, եւ այդ շփումները նաեւ բերել են որոշակի ճանաչում, եւ եթե անհամեստ չթվա՝ կարծում եմ՝ որոշակի հարգանք: Ու դա իր դերը խաղալու է, դրանում արդեն իսկ համոզվում եմ, որովհետեւ բազմաթիվ ընտրողներ, որոնց տարիներ շարունակ չէի հանդիպել, հիմա գալիս են իմ նախընտրական շտաբ, հանդիպում են հետս եւ փաստորեն իրենց աջակցությունն են առաջարկում եւ վստահեցնում են, որ մեկ մարդու նման ընտրելու են ինձ: Ես կարծում եմ, որ դա շատ կօգնի:
-Պարո՛ն Զուրաբյան, «Ծառուկյան» դաշինքի համաձայնագիրը ստորագրեցին ԲՀԿ-ն եւ «Ալյանս»-ը: Ինչո՞ւ ՀՀՇ-ն չստորագրեց, «Ալյանս»-ն ավելի՞ մեծ ուժ է, ո՞րն էր խնդիրը:
-Ընդհանրապես խնդիր որպես այդպիսին չկար, ՀՀՇ վարչությունը որոշել էր աջակցել ինձ, իմ թեկնածությունը կոնկրետ առաջադրելու պարագայում, մենք որոշել էինք, որ ես պետք է մասնակցեմ միայն ՀՀՇ-ից, ուստի եւ գտանք նպատակահարմար, որ ոչ թե հուշագիր ստորագրենք, այլ մասնակցությունը լինի: Սակայն միաժամանակ պետք է ֆիքսել, որ սա ընտրական դաշինք է, եւ ընտրական դաշինքում իմ առջեւ նշված է լինելու ՀՀՇ կուսակցություն, ըստ այդմ, ընտրողի համար թյուր ըմբռնում չկա, կարծում եմ:
-Հիմա Դուք համագործակցում եք Գագիկ Ծառուկյանի հետ, մի մարդու, ում ժամանակին քննադատում էիք: Ինչ-որ բա՞ն է փոխվել տարիների ընթացքում:
-Ես, ուրեմն, պարոն Ծառուկյանի հետ շատ լավ ընկերական, դրական, մարդկային հարաբերություններ եմ ունեցել այդ բոլոր տարիներին: Իսկ քաղաքական համագործակցության փորձ չենք ունեցել, կարծում եմ՝ սա կլինի քաղաքական փորձը, եւ համոզված եմ, որ կլինի հաջողված: Իսկ մեր վերաբերմունքը ուղղված է եղել ոչ թե պարոն Ծառուկյանին, այլ նրանց, ովքեր փորձում էին, օգտվելով իրավիճակից, Ծառուկյանի հետ համատեղ գնալ ինչ-որ մի գործընթացի, որը մենք գտնում ենք ոչ նպատակահարմար կամ ոչ այնքան իրականանալի, սա է, ինչի վերաբերյալ արտահայտվել էինք: Հիմա լրիվ նոր իրավիճակ է, ընտրություններ են, նախընտրական պրոցես է, եւ ես կարծում եմ, որ ընտրություններին իրար հետ համատեղ գնալը շատ նորմալ է, եւ համոզված եմ, որ շատ արդյունավետ է լինելու:
-Պարո՛ն Զուրաբյան, Դուք 2013 թվականի մարտի 4-ին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել եք. «Եթե Ծառուկյանը քաղաքականությամբ է զբաղվում, պետք է իմանա՝ էս տիպի պետության մեջ ապօրինությունների կայացման գործընթացին ինքը լրջագույնս մասնակցել է, որովհետեւ կանգնած է եղել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողքին, ընդհուպ՝ մարտի 1-ը»:
-Ինչեւէ:
-Դուք չեք կիսում նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումը Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ: Ժամանակին նրա թիմի անդամ էիք, այդժամ կիսու՞մ էիք:
-Ես մշտապես եղել եմ խաղաղ կարգավորման կողմնակից, բայց ինքս զենքը ձեռքիս պայքարել եմ Ղարաբաղում, երբ որ ընթացել է պատերազմը, եւ գտնում եմ, որ մենք պետք է գնանք այն ճանապարհով, որը հնարավորություն է տալիս արժանապատիվ խաղաղություն հաստատել եւ ոչ թե փորձել խաղաղության գնալ ամեն գնով, ցանկացած փոխզիջումների գնով: Ես կարծում եմ, որ խաղաղությունը պետք չէ շահարկել, խաղաղության ձեռքբերման լավագույն հնարավորությունը միշտ պատրաստ լինելն է թշնամու հարձակմանը: Ես գտնում եմ, որ իրարամերժ է մի կողմից ՀԱԿ ներկայացուցիչը հայտարարում է, որ Հայաստանը շատ թուլացել է եւ չի կարող դիմադրել Ադրբեջանին, մյուս կողմից՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ եթե Ադրբեջանը սանձազերծի ռազմական գործողություններ, ապա պարտություն կկրի: Եթե նրանք կարողանան իրար մեջ այդ իրարամերժ հարցերը որոշակիացնել, այն ժամանակ հնարավոր կլինի պատասխանել, թե, ասենք, ինչին ենք կողմ, ինչին ենք դեմ: Ես գտնում եմ, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, եւ ինքը կայացնի որոշում իր ապագայի վերաբերյալ, իսկ Հայաստանը եղել է եւ պետք է լինի Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը:

 

 

 

 
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՆՑՈՒՄ Է ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ՞Ն

Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ գլխավորությամբ վարչապետ Կարեն Կարապետյանի, երեկ մեկնարկեց իր մարզային քարոզչական արշավը: Վարչապետն այցելեց Արմավիրի մարզի մի քանի համայնքներ, որտեղ բնակիչների հետ հանդիպումների ընթացքում պատասխանեց նրանց հուզող հարցերին:

«Ներեղություն ենք խնդրում, որ Ձեզ տոն օրով Ձեր տնից կտրել ենք, խնդրել ենք, որ գաք, որպեսզի հանդիպենք եւ զրուցենք»,- նման նախաբանով սկսելով հանդիպումը՝ վարչապետը քաղաքացիներին ներկայացնում էր հանդիպումն անցկացնելու իր բանաձեւը. «Առաջարկում եմ՝ ես հակիրճ ներկայացնեմ՝ ինչպես ենք մենք պատկերացնում, երկիրը ինչպես ենք կառուցելու, մեր խնդիրները ինչպես պետք է լուծենք, որոնք են մեր թիմի առավելությունները, թույլ կետերը, ինչպես ենք մենք մեր թույլ կետերը ուղղելու եւ, ընդհանրապես, ինչ տեսլական ունենք: Եվ երկրորդ տարբերակը՝ լսենք ձեզ հուզող հարցերը, ինչ պետք է մենք անենք, որ չենք անում, ինչն ենք սխալ անում ու այս հարց ու պատասխանի տեսքով կշարժվենք առաջ: Եվ գուցե ես այդ ժամանակ ավելի շատ հնարավորություն կունենամ ձեզ հուզող հարցերին պատասխանել»,- հանդիպման ընթացքը սահմանեց ՀՀԿ-ին քարոզող վարչապետն ու անցավ գործի:
Նկատենք, որ ՀՀԿ-ն իր մարզային քարոզչական աշխատանքները կատարելու համար սպասեց այնքան, մինչեւ Կարեն Կարապետյանը Բիշքեկից վերադարձավ: Ուշագրավ է, որ «փոփոխությունների սիմվոլի» դեմքով են ներկայանում նաեւ կուսակցության քարոզչական պաստառները, իսկ ահա Սերժ Սարգսյանը ավելի շատ մղված է երկրորդ պլան: Մինչդեռ հիշեցնենք, որ նախորդ երկու խորհրդարանական ընտրությունների քարոզչական արշավները Սերժ Սարգսյանն անցկացնում էր գրեթե միանձնյա: Արդյո՞ք այս անգամ Սերժ Սարգսյանի պասիվությունն ու դրան զուգահեռ՝ Կարեն Կարապետյանի դոմինանտությունը չի նշանակում կամաց-կամաց իշխանության փոխանցում Կարապետյանին: ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հավաստիացրեց, որ Սերժ Սարգսյանը կմասնակցի քարոզարշավին, իսկ իշխանության փոխանցման առնչությամբ Մինասյանը ընդամենը նշեց՝ ոչ, չկա նման բան: Ինչ վերաբերում է նրան, թե ո՞րն է Սարգսյանի պասիվացման պատճառը, ինչո՞ւ է նա խուսափում հանդիպել քաղաքացիներին եւ անձամբ ՀՀԿ-ի գովքն անել, մնում է միայն ենթադրել:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 
ԴԻՆԱՄԻԿ ՔԱՅԼԵՐ
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչների` Արագածոտնի եւ Կոտայքի մարզերում նախընտրական հանդիպումները սակավամարդ էին։ ՀԱԿ փոխնախագահ Մանուկյանը «Ժողովուրդ»ի հետ զրույցում այդ հանգամանքը բացատրել էր, թե դրանք եղել են ակտիվի հետ հանդիպումներ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը մտադիր է իր քարոզչական հանդիպումները սահմանափակել հենց նման հանդիպումներով` քարոզչություն իրականացնել միայն ակտիվի մոտ: Թե ինչո՞ւ են այդպես վարվում, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ասաց. «Ընտրարշավը շատ դինամիկ բան է, ձեւերը փոխվում են այդ ամբողջ ընթացքում, ես հիմա չեմ էլ ուզում դրա մասին խոսել, որովհետեւ քարոզարշավի ընթացքը կարող է մեզ թելադրել նոր քայլեր, շատ-շատ հարցեր, որոնք նախապես պլանավորված չէին»:

 

 

 

ՀՎԿ-ԻՑ «ԾԱՌՈՒԿՅԱՆ» ԴԱՇԻ՞ՆՔ
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում մեծ թափով է սկսել իր քարոզչական աշխատանքները՝ բացելով շատ շտաբներ, բայց տվյալ տարածքների վարձավճարները տալ չկարողանալու պատճառով փակել է դրանք, իսկ շտաբներում աշխատող ՀՎԿ-ի «համախոհները» շտապել են «Ծառուկյան» դաշինքի շտաբներ՝ պատճառաբանելով, որ իրենք շատ փող ունեն: Հարցի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ «Հայկական վերածնունդ» կուսակցության՝ Կոտայքի մարզի շտաբների պատասխանատու Արթուր Միսակյանից: Վերջինս, սակայն, զարմանալիորեն հերքեց քաղաքացիների տրամադրած տեղեկությունը՝ նշելով. «Անհեթեթություն է, նման բան չկա»: Մեր այն դիտարկմանը, որ «Ժողովուրդ»-ը Հրազդանում եղել է եւ նկատել, որ շտաբներից մեկը երեկոյան վեցն անց կեսի դրությամբ փակ է եղել. «Չգիտեմ, ավելի լուրջ հարցեր կան, հիմա ես նստեմ, գրասենյակը վեցն անց կես փակ էր, մի հոգի դուրս եկավ, գնաց գրասենյակ, վերցրինք, փակինք, ես չգիտեմ… լրատվամիջոցները ավելի լուրջ հարցերով պետք է զբաղվեն, իմ կարծիքով»,- սկսեց լրատվամիջոցների գործունեությանը անդրադառնալ Միսակյանը, որն իրեն չի վերաբերում՝ այդ դիտարկումը այդպես էլ չպարզաբանելով:

 

 

3 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է ոստիկանությանն առաջիկայում լրացուցիչ 3 մլն դրամ հատկացնել: Իսկ այդ գումարով ոստիկանությանն անհրաժեշտ է ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընտրողների մատնահետքերը էլեկտրոնային ընտրացուցակներին կցագրելու, տվյալների ծրագրային բազա ստեղծելու նպատակով: Կարճ ասած՝ ընտրական գործընթացում բնակչության անհատականացման համար: Իսկ ծրագրային բազայի նպատակն է պահանջվող ձեւաչափով արտահանել ընտրողների մատնահետքերը կամ մատնահետքերի ձեւանմուշները ՀՀ ոստիկանության տիրապետման տակ գտնվող բնակչության կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի տվյալների բազայից:




Լրահոս