ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի Սայաթ-Նովա փողոցում

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը երեկ հեծանիվով շրջում էր մայրաքաղաքի փողոցներում։ Նա հավանաբար առողջ ապրելակերպի կողմնակից է։ Կարծում ենք, որ նման ակցիաները պետք է օրինակ ծառայեն մեր մյուս նախարարներին ու պաշտոնյաներին եւ ունենան հաճախակի բնույթ։ Այսպես նրանք կհետեւեն իրենց առողջությանը՝ ինչու չէ, խնայելով նաեւ պետական բյուջեն։

 

 

 
ՀԱՐՑ. Եթե երեխայի ծնողները օրինական ամուսնության մեջ չեն գտնվում, ապա ի՞նչ կարգով են լրացվում վերջինիս հոր մասին տեղեկությունները:

Սերինե Հայրապետյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ երեխայի հոր մասին տեղեկությունները լրացվում են՝
– հայրության որոշման ակտի գրառման հիման վրա,
– երեխայի մոր գրավոր հայտարարության հիման վրա, եթե հայրությունը որոշված չէ: Այս դեպքում երեխայի հոր ազգանունը գրառվում է մոր ազգանվամբ, հոր անունը եւ նրա հայրանունը՝ մոր ցուցումով:
Եթե երեխայի ծնողներն ամուսնության մեջ չեն գտնվում, մոր ցանկությամբ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ կարող են չլրացվել երեխայի հոր մասին տեղեկությունները:
Ծննդի ակտի գրառման մեջ երեխայի անունը գրառվում է ծնողների համաձայնությամբ: Ծնողների տարբեր ազգանունների առկայության դեպքում երեխայի ազգանունը գրառվում է հոր կամ մոր ազգանվամբ` ծնողների համաձայնությամբ:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ երեխայի չափահաս դառնալուց հետո նրա ծննդի պետական գրանցումն իրականացվում է երեխայի դիմումի հիման վրա: Հայաստանում երեխայի ծնունդը գրանցելու համար գրավոր հայտարարությունը ՔԿԱԳ մարմնին տրվում է ոչ ուշ, քան երեխայի ծննդի օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե անձն ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի, որպեսզի իրականացվի վերջինիս բժշկասոցիալական փորձաքննությունը: Եվ խնդրում եմ ասեք, թե ո՞ր դեպքերում է սահմանվում հաշմանդամություն:

Ալլա Մովսիսյան (58 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հանձնաժողովի նախագահին ներկայացված՝ անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա՝ ներկայացնելով անձի անձնագիրը: Եթե դիմումատուն օրինական ներկայացուցիչն է, ապա ներկայացնում է նաեւ իր անձնագիրը: Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են հիվանդության, վնասվածքի, խեղման հետեւանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում՝ նաեւ բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից սահմանված կարգով տրված ուղեգիրը (088 ձեւ): Հիմք՝ ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետ:
Միաժամանակ հայտնում ենք, որ անձին հաշմանդամության կարգ նշանակվում է, երբ առկա է հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետեւանքով առաջացած օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում, որը բերում է կենսագործունեության որեւէ տեսակի եւ որեւէ աստիճանի սահմանափակման, սոցիալական անբավարարության եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտության: (Հիմք՝ ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետ):

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հաշմանդամության պատճառական կապը նշվում է անձի ընտրությամբ: Հաշմանդամության նոր պատճառի վերաբերյալ դիմումի եւ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում պատճառական կապը փոփոխվում է բժշկասոցիալական վերափորձաքննությամբ:




Լրահոս