«ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ, ՈՒՐԵՄՆ ՊԵՏՔ Է ԵՐԳԵՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս օնլայն տիրույթում ակտիվորեն քննարկվում է մշակույթի ոլորտի, շոուբիզնեսցիների մասնակցության հարցը տարբեր կուսակցությունների, մեծ մասամբ` Հանրապետական կուսակցության քարոզարշավի համերգներին: Հանրության լայն զանգվածներն արդեն հասցրել են թիրախավորել «Ռեինկարնացիա» խմբին` ՀՀԿ քարոզարշավի տեսահոլովակում երգելու համար: Հիմա արդեն հերթը շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներինն է, այդ թվում` ժողովրդական երգերի կատարող Արսեն Գրիգորյանինը (Ասո), ով մի քանի երգիչների եւ դերասանների հետ իր մասնակցությունն է ունեցել ՀՀԿ քարոզարշավի համերգին:

-Արսե՛ն, համերգին մասնակցելու Ձեր նպատակը ո՞րն է:
-Հրավիրել են երգելու ժողովրդի համար, ուրեմն պետք է երգենք, դա ժողովրդին ուրախացնելու առիթ է, ի վնաս ժողովրդի բան չենք անում:
-Դուք կո՞ղմ եք, որ երգիչը քարոզարշավին երգի, բայց ժողովրդին կոչերով չդիմի՞:
-Վերջերս, օրինակ, քարոզարշավի առաջին համերգն էր, որին ես մասնակցել եմ, եւ մեր կողմից ոչ մի քարոզ չի եղել: Մենք ուզում ենք, որ այդ մի քանի ժամը ժողովրդի համար ուրախ անցնի: Ժողովուրդն է որոշողը, թե ում է ձայն տալու:
-Իսկ Դուք որոշե՞լ եք, թե Ձեր ձայնը ում եք տալու:
-Այո՛, կողմնորոշվել եմ:
-Իսկ ուրիշ կուսակցություններից քարոզարշավի համերգների մասնակցելու հրավերներ ունեցե՞լ եք:
-Նախորդ տարիներին եմ ունեցել, բայց այս տարի դեռ չեն հրավիրել:
-Հրավիրելու դեպքում կգնա՞ք:
-Ինձ համար ի՞նչ տարբերություն. նույն մարդկանց համար եմ երգում: Ասեմ Ձեզ` որ կուսակցությունն էլ ընտրարշավի դուրս գա, նույն ժողովուրդն է գնալու: Ամենակարեւորն այն է, որ երբ հայտարարում են այսինչ երգչի անունը, ժողովուրդը ծափահարություններով դիմավորում է նրան: Սա նշանակում է, որ մարդիկ սպասում են մեզ:
-Հանրության այն զանգվածը, որը քննադատում է Ձեր արարքը, նշում է, որ գործող իշխանությունների օրոք Հայաստանում մեծ թափ է ստացել արտագաղթը, ժողովուրդը հայտնվել է աղքատության մեջ, կոռուպցիան դարձել է սովորական երեւույթ. դա Ձեզ չի՞ հուզում:
-Դա ոչ թե հուզում է, այլ ցավ է պատճառում. երկիրը դատարկվում է, չէ՞: Բայց ոչ բոլորն են երկրից գնում աշխատանք չունենալու, հացի խնդիր ունենալու պատճառով: Կան մարդիկ, որոնք ուզում են իրենց կյանքը շարունակել այլ երկրներում, չի կարելի ամեն բան վերագրել սոցիալական ծանր պայմաններին: Ես էլ եմ մտածում, որ երկիրը բարդ վիճակում է, մենք ապրում ենք շատ բարդ շրջան, պատերազմական շրջան, երբ ուշադրության կենտրոնում առաջնահերթ պետք է լինի զինվորը: Որովհետեւ զինվորն է ապահովում մեր այսօրվա հանգիստն ու խաղաղ օրը: Այսօր ոչ թե պետք է մեկս մյուսիս փնովենք, այլ համախմբվենք: Իսկ թե ով է ընդդիմություն, ով է կոալիցիա, սա որ կուսակցությունն է, նա որ կուսակցությունն է, ինչու են սրա համար երգում, մյուսի համար` ոչ, երկրորդական է, այդ ամենը քաղաքական խաղեր են, իսկ մարդիկ մոլորյալի պես խառնվում են ու չեն կողմնորոշվում, բայց պետք է հասկանալ, որ անիմաստ է այդքան չլոցին: Այսօր ոչ թե պետք է քարոզ անենք, այլ մտածենք, թե ինչ անենք՝ ոսկե միջինը գտնենք ու կիրառենք:
-Իսկ ի՞նչն է պատճառը, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչները մասնակցում են քարոզարշավների համերգներին, բայց երբ գալիս է երկրում առկա խնդիրների մասին բարձրաձայնելու պահը, լռում են:
-Հիմա ես խնդիրների հետ կապված լռո՞ւմ եմ: Ինձ երբ դիմել են, ինչ կարողացել եմ, ինչից հասկացել եմ, պատասխանել եմ, իսկ ինչից չեմ հասկանում, անիմաստ չեմ խոսում. ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի: ՀՀԿ-ն ինձ հրավիրել է երգելու, ես գնացել, երգել եմ, թող մյուս կուսակցությունը հրավիրի, նրա համար էլ կերգեմ, ինձ համար տարբերություն չկա:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ




Լրահոս